«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2008-02-29 | #40, 2008-03-01 | #41, 2008-03-04


ԵՎՍ ՄԵԿ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ

Իտալիայում ավարտված բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում Անդրանիկ Հակոբյանն օլիմպիադայի ուղեգիր նվաճեց: Այսպիսով, Հայաստանի մարզիկներն արդեն Պեկինի օլիմպիադայի 14 ուղեգիր են նվաճել:

Մինչեւ 75 կգ քաշային բռնցքամարտիկների մրցավեճում Անդրանիկ Հակոբյանը հասել էր մինչեւ կիսաեզրափակիչ: Այս փուլում եզրափակիչի ուղեգրի համար պայքարում նա մենամարտեց Շվեդիան ներկայացնող Նաիմ Տերբունյայի հետ: Համառ մրցապայքարում, ընդամենը 3 միավորի տարբերությամբ (13-16) հայ բռնցքամարտիկը զիջեց մրցակցին: Օլիմպիական ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունը 3-րդ տեղի համար մենամարտը շահելն էր: Եվ Անդրանիկը հաջողությամբ իրականացրեց իր առջեւ դրված խնդիրը: Բրոնզե մեդալի համար մրցամարտում նա 25-19 հաշվով պարտության մատնեց հունգարացի Իշտվան Ժիլին եւ արժանացավ օլիմպիական ուղեգրի: Այսպիսով, Հայաստանի բռնցքամարտի հավաքականն արդեն օլիմպիական 4 ուղեգիր է նվաճել: Պեկինում մեր բռնցքամարտիկների թիվը դեռեւս կարող է աճել: Եվս մեկ վարկանիշային մրցաշար է կայանալու Հունաստանում` ապրիլի 7-14-ը:

Օլիմպիական ուղեգիր նվաճեց նաեւ ռուսաստանցի Դավիթ Հայրապետյանը: Մինչեւ 48 կգ քաշային կարգում Դավիթը հաղթող ճանաչվեց` 24-3 հաշվով բացահայտ առավելության հասնելով լեհ Լուկաշ Մաժչիկի նկատմամբ: Ռուսաստանցի բռնցքամարտիկները բավական հաջող են հանդես գալիս մրցաշարերում: Նրանք քաշային 11 կարգերից 10-ում օլիմպիական ուղեգրեր են նվաճել: Իտալիայում օլիմպիական 26 ուղեգրերի համար ռինգ էին դուրս եկել 42 երկրների 235 բռնցքամարտիկներ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4