«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2008-03-01 | #41, 2008-03-04 | #42, 2008-03-05


ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՏՐՎԵՑ

ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը վճռական են զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին եւ ուղղորդողներին օրենքով պատժելու հարցում

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Քաղաքական երեք ուժերՙ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ «Օրինաց երկիր» կուսակցությունը համատեղ հայտարարություն ստորագրեցին, որտեղ նրանք քաղաքական գնահատական տվեցին նախագահական ընտրություններին հաջորդող զարգացումների վերաբերյալ: Անդրադառնալով դրան, ընտրված նախագահ եւ գործող վարչապետ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ հայ ժողովրդին եւ Հայաստանի իշխանություններին վարկաբեկելու սցենարը շարունակվում է եւ պետք է լուրջ ջանքեր գործադրեն, որ «այդ սցենարը իրականացնողներին հասկացնենք, որ նրանք ճիշտ ճանապարհի վրա չեն»: Այնուհետեւ նա անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանում երեկ տեղի ունեցած իրադարձություններին: Մասնավորապես վարչապետը հայտնեց, որ երեկ, վաղ առավոտյան, ադրբեջանական կողմը գրոհ է ձեռնարկել հայկական դիրքերի վրա եւ ժամանակավորապես գրավել է դրանցից մեկը: Հայկական կողմը միջազգային կառույցների միջոցով նախ առաջարկել է, որ հետ վերադարձվի դիրքը: Սակայն ադրբեջանական կողմը մերժել է: Դրանից հետո արդեն հայկական կողմի ձեռնարկած գործողությունների շնորհիվ դիրքը հետ է գրավվել, եւ թշնամին «թողնելով բազմաթիվ դիակներ, ճողոպրել է»:

Այնուհետեւ Սերժ Սարգսյանը, վերադառնալով հետընտրական զարգացումներին, հայտարարեց, որ ամեն ինչ անելու է, որ ի հայտ գան զանգվածային անկարգություն իրականացնողները եւ անկախ նախկինում կամ ներկայումս իրենց զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, կանգնեն դատարանի առաջ: Նա նաեւ խորհուրդ տվեց այն անձանց, ովքեր մասնակցել են զանգվածային անկարգություններին, կամավոր դիմել իրավապահ մարմիններին, ինչը կթեթեւացնի նրանց մեղքը:

Պատասխանելով այն հարցին, թե Սերժ Սարգսյանը անկարգությունների հրահրման համար պատասխանատվությունը դնո՞ւմ է Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա, վարչապետն ասաց, որ ինքը դատախազ չէ, որ պատասխանատվությունը դնի ինչ-որ մեկի վրա, բայց միաժամանակ շեշտեց, որ քաղաքական հայտարարության մեջ հստակ նշվում է, որ քաղաքական պատասխանատվությունն այն ուժի վրա է, որը 9 օր շարունակ չարտոնված գործողություններով զբաղված էր ժողովրդին բորբոքելով, ինչը նրան ի վերջո հաջողվեց: «Նյութն ահռելի է: Հարյուրավոր ժամերի», ասաց Սերժ Սարգսյանը, ավելացնելով, որ շնորհակալ է այն մարդկանց, ովքեր այդ նյութերը տրամադրում են:

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն իր հերթին հիշատակեց Լեւոն Տեր-Պետրոսյանիՙ իր հանդեպ որդեգրած գործելաոճը, երբ նախկին նախագահը «Օրինաց երկրի» ղեկավարին նախ համարում էր իր հնարավոր դաշնակիցը, ապա պիտակավորեց որպես դավաճանի: Արթուր Բաղդասարյանը նույնպես կարծիք հայտնեց, որ կատարված անկարգությունների վերաբերյալ պետք է տալ բարոյական, քաղաքական, իրավական գնահատական: Նա ասաց, որ եթե ինքը միանար Լեւոն Տեր-Պետրոսյանին, ապա զանգվածային անկարգություններն ավելի ծավալուն կլինեին եւ զոհերն ավելի շատ: «Մենք գնացինք երկրի զարգացման ճանապարհով եւ սեղմեցինք Սերժ Սարգսյանի պարզած ձեռքը», ասաց Արթուր Բաղդասարյանը: Նա նաեւ անդրադարձավ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, որ ինքը կալանքի տակ է եւ չի կարող տեղաշարժվել: «Ես ինքս առանց անվտանգության գնում էի հանրահավաքների, թող գար իր հանրահավաքի մարդկանց հանգստացներ», ասաց ՕԵԿ նախագահը:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակցության լիակատար աջակցությունը հայտնեց երկրի նախագահի կողմից սահմանադրական կարգը վերականգնելուն ուղղված քայլերին եւ արտակարգ դրություն մտցնելու նրա հրամանագրին:

Ինչ մնում է կողմերի ստորագրած հայտարարությանը, ապա այնտեղ մասնավորապես նշվում է. «Այդ իրադարձությունները ծանր հարված էին մեր ժողովրդին եւ մեր պետականությանը», որ դժբախտաբար չհաջողվեց կանխել այն, ինչ «հետեւողականորեն, մեթոդաբար եւ դաժանորեն նախապատրաստվում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի ու իր մի խումբ համախոհների կողմից, ովքեր տեւական ժամանակ մարդկանց մեջ ներարկում էին կեղծիք, շանտաժ, այլատյացություն, անհանդուրժողականություն, չարություն ու ապօրինություն»: «Քաղաքական մրցակիցներին դավաճանի պիտակ կպցնելը, զազրելի հայհոյախոսությամբ անպատվելը, իր կոչերին չարձագանքող քաղաքացիներին տականք համարելը, ապօրինի հանրահավաքներ եւ երթեր անցկացնելը, Ազատության հրապարակում ապօրինի զենք, զինամթերք, հոգեմետ նյութեր, մահակներ ու երկաթյա ձողեր կուտակելը խոսում է վաղօրոք նախապատրաստված եւ կազմակերպված գործունեության մասին: Սուտ, կեղծիք ու ատելություն սերմանելը որեւէ առնչություն չի կարող ունենալ քաղաքական գործընթացների հետ: Ընտրությունները առիթ դարձան Լեւոն Տեր-Պետրոսյանի ու իր մի խումբ համախոհների համար` սեփական ժողովրդի ու պետության նկատմամբ 10 տարի շարունակ կուտակած կույր ատելությունը, վրեժն ու չարությունը բացառիկ ցինիզմով դրսեւորելու համար: Կատարված վանդալիզմի ու ողբերգության ողջ պատասխանատվությունը կրում են Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր մի խումբ համախոհներ, որոնք ոչ միայն մերժում էին շարունակաբար հնչող հորդորները` հրաժարվելու քաղաքական շանտաժի, ատելության ու չարության քարոզից, քաղաքական խնդիրները քաղաքական ու իրավական միջոցներով լուծելու եւ երկխոսության առաջարկներից, այլեւ դժվարին պահին չկարողացան հաղթահարել սին եւ եսակենտրոն մղումները` հրաժարվելով անգամ Վեհափառ հայրապետի հետ հանդիպումից», նշված է հայտարարության մեջ:

ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը «վճռական ու հետեւողական են» լինելու մարդկային զոհերի հանգեցրած զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին եւ ուղղորդողներին բացահայտելու եւ օրենքի ամբողջ խստությամբ պատժելու հարցում: «Մենք վճռական ենք, որպեսզի հնարավոր ամենակարճ ժամանակում բացահայտվի ու առգրավվի երկրում առկա ապօրինի զենքն ու զինամթերքը, երկրում ապահովվի օրենքի լիակատար գերակայություն` երաշխավորելով ժողովրդավարության անշրջելի զարգացումները», ասված է հայտարարության մեջ:

«Հուսով եմ, որ կհաղթի բանակցությունների ճանապարհը»

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը նոր սպառազինություններ ձեռք բերելու եւ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մասին, Սերժ Սարգսյանն ասաց, որ առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի ղեկավարությունը նման հայտարարություններ է անում, իսկ մյուս կողմից էլ բանակցություններ են գնում հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Հայաստանի վարչապետը հույս հայտնեց, որ կհաղթի վերջին ճանապարհը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4