«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2008-03-01 | #41, 2008-03-04 | #42, 2008-03-05


ԱՅՆ, ԻՆՉ ՈՉՆՉԱՑՐԵԼ ԵՆ, ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆ Է

Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ներկայացրեց անկարգությունների «բնեղեն» վնասները

2008-ի մարտի 1-2-ը չարտոնված հանրահավաքների եւ դրանց հաջորդած անկարգությունների վնասների մասին խոսելով, Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը նախ հայտնեց, թե որ տարածքներում են դրանք տեղի ունեցել: Մասնավորապես քաղաքապետարանին հարող հրապարակի ամբողջ տարածքը, Մյասնիկյանի արձանին հարող հրապարակը, Մաշտոցի պողոտայի անցումին հարակից տարածքը մինչեւ Սարյան փողոցի խաչմերուկ, Գրիգոր Լուսավորիչ, Իտալիայի, Բեյրութի փողոցները, մինչեւ Լեոյի փողոցի խաչմերուկ ընկած հատվածը, գինու կոմբինատին հարող տարածքը, մանկական այգին: Ընդհանուր առմամբ, գործողությունների տարածքն ընդգրկում է շուրջ 10 հա: Նշված բոլոր հատվածներում վնասներ են կրել բոլոր պետական, հասարակական, բնակելի եւ ոչ բնակելի շենքերը, շինությունները, տրանսպորտի միջոցները, փողոցները եւ այլն:

Երեւանի քաղաքապետարանի շենքի վրա տեղացած հարվածների հետեւանքով ամբողջությամբ ոչնչացվել են 26 լուսարձակները եւ դրանց բաշխող ցանցը, կոտրվել են դռների եւ պատուհանների ապակիներ, շենքի արտաքին դիտարկման 6 տեսախցիկներ, կոտրվել են Երեւանի պատմության թանգարանի մուտքի դռները եւ ապակիները, «Մոսկվայի տան» առաջին հարկի խանութի ապակիները, տեսախցիկները, 3 լուսարձակներ, պոկվել են երեսպատման սալիկներ: Վերոնշյալ բոլոր փողոցներում հանվել են մայթերի սալիկները, բազալտե եզրաքարերը, մանրացվել եւ վերածվել քարերի: Մանկական այգու Բեյրութի փողոցին հարող մետաղյա ցանկապատը գրեթե ամբողջությամբ ավերվել է, թուջե սյուները պոկվել եւ օգտագործվել են որպես զենք, քանդվել են բազալտե հենասյուներից շատերը: Անդրադառնալով մանկական այգուն պատճառած ավերին, Կամո Արեյանը իր զարմանքը հայտնեց, թե ինչ բիրտ պետք է լինել եւ ինչ դաստիարակություն պետք է ստացած լինել ավերելու համար մանկական այգու պարիսպը, որը միաժամանակ նաեւ գեղարվեստական նշանակություն է ունեցել 60 տարի շարունակ:

Մյասնիկյանի արձանին հարող այգու նստարանները, աղբարկղերը ամբողջությամբ ոչնչացվել են, հուշարձանի սալահատակը վնասվել եւ դարձել են ոչ պիտանի: «Գլաձոր» համալսարանին, գինու կոմբինատին եւ «Արդշինինվեստբանկին» կից շինհրապարակների մետաղյա մայթերն ու ծածկն ամբողջությամբ ավերվել են, մետաղները հանվել են որպես ձողեր օգտագործելու համար: Վնասվել են 1 տասնյակից ավելի հասարակական նշանակության օբյեկտներ: Բացի խանութներից, վնասներ են կրել նաեւ այդ բնակելի շենքերի կոմունիկացիաները:

Տրանսպորտային միջոցներից վնաս է հասցվել 6 տրոլեյբուսների, որոնցից մեկը անցյալ տարվա ձեռք բերած նոր տրոլեյբուս էր, 27 ավտոբուսների, հիմնականում «Բոգդաններ», 30 միկրոավտոբուսների, ամբողջությամբ ավերվել են 5 կանգառասրահներ, այդ հատվածի բոլոր խաչմերուկների լուսացույցները: Ամբողջությամբ այրվել են 36 մեքենաներ: Կամո Արեյանն ընդգծեց, որ վնասվել են շտապօգնության 8 մեքենաներ, որոնք դեպքի վայր էին եկել կանչով, բայց տեղ հասնելուն պես ենթարկվել են հարձակման: Ամբողջությամբ շարքից դուրս են շտապօգնության 3 մեքենաներ:

Երեւանի փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ մարտի 2-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը այցելել էր այս տարածք եւ հանձնարարականներ տվելՙ ճշտել վնասի չափերը եւ միջոցներ ձեռնարկել դրանք վերականգնելու համար: Փոխքաղաքապետը նշեց, որ ֆինանսական վնասի չափերը դեռ ճշտվում են եւ ինքը ներակայացրեց միայն «բնեղեն» վնասը: Նա ընդգծեց, որ այն, ինչ ոչնչացվել է, մեր ազգային հարստությունն էր, եւ քաղաքապետարանը դատապարտում է այդ գործողությունները:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4