«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2008-03-01 | #41, 2008-03-04 | #42, 2008-03-05


ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ՈՒՍԱՆԵԼԻ ԴԱՍԵՐ

Ես չգիտեմ, Հայաստանում ուշադրության արժանացա՞վ Ռուսաստանի հեռուստատեսությամբ ցուցադրված «Կայսրության անկումը: Բյուզանդական դաս» հրապարակախոսական ֆիլմը: Այնտեղ հիշատակվեց, որ հայերը եւս զգալի ազդեցություն են ունեցել այդ կայսրության բարգավաճման վրա, կազմելով նրա մի մասնիկը:

Ֆիլմը անսովոր երեւույթ էր անհամ-անալի սերիալներով ու մարդկային արատների գովաբանությամբ հագեցած ռուսաստանյան հեռուստահաղորդումների մեջ: Նրա հեղինակը ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ է` վանահայր Տիխոնը (Շեւկունով): Սակայն նա կայսրապատումը չի վարում ստուդիայի կամ աշխատասենյակի կամերային լռության մեջ: Նա քայլում է, ավա՜ղ, մահմեդականացված Կոստանդնուպոլսի փողոցներով, այցելում երբեմնի քրիստոնեական սրբավայրերը, հոգեւոր-աշխարհիկ ոգեշունչ լեզվով վերծանում այդ արեւելյան գերպետության շքեղ ու դրամատիկ պատմության էջերը, արդիական հասկացություններով բացահայտում նրա կործանման պատճառները եւ դառնության դասեր տալիս ներկա սերնդին:

Վանահայր Տիխոնը ուղղափառ քրիստոնեական Բյուզանդիան համարում է Ռուսաստանի հոգեւոր նախահայրենիքը: Նրա այս ստեղծագործությունը չի կարելի դիտել որպես զուտ պատմակրոնագիտական հղանք, եւ իմաստ չունի նրա մեջ փնտրել փաստական մեղանչումներ: Սա առաջին հերթին գաղափարախոսական հզոր լիցք պարունակող ուղերձ է` հասցեագրված Ռուսաստանի ներկային: Սա ռուս ուղղափառ եկեղեցու հավատաբանական մարտահրավերն է ռուս էթնոսի ինքնօրինակությունը ժխտող ընդդիմախոսներին: Ուստի բնական էր, որ ժապավենը առաջ բերեց ռուս ազգասեր հասարակայնության բուռն հիացմունքը եւ լիբերալ (հրեական) խավի նույնքան բուռն հակակրանքը:

Թվում է` ակնհայտ է, որ Կոստանդնուպոլիսն ընկավ վայրենի թուրքի մահաբեր հարվածից: Սակայն համառ հոգեւորականը անողոք անաչառությամբ պեղում-բացահայտում է, որ նորօրյա Ռուսաստանը հիշեցնող կայսրությունն արդեն բզկտել էին կոռուպցիան, օլիգարխները, նացիոնալիզմը, ժողովրդագրական անկումը, պետական հարստությունների վատնումը, բարեփոխումներից մեկուսացված բանակը եւ այլն, եւ այլն: Սակայն պարտության գլխավոր պատճառը, ֆիլմի հեղինակի կարծիքով, ուղղափառ. աստվածասեր հոռոմների անկարողությունն էր դիմակայելու նյութապաշտ ու սադրիչ կաթոլիկական Արեւմուտքին, որը չէր ընդունում ոչ մի «այլընտրական» քաղաքակրթություն: Այստեղ հիանալի էին հասկանում, որ իրենց լիակատար ինքնահաստատման ճանապարհն անցնում է Արեւելյան Հռոմեական կայսրության միջով: Եվ իրենց նենգության մեջ կարճատես էին այնքան, որ «խաչակրաց» խարդավանքներով հաղթանակ մատուցեցին թուրքերին:

Հայաստանը, գիտենք, կայսրություն չէ, մեր պետությունը եւ եկեղեցին չունեն այլանվաճ քաղաքակրթական հավակնություններ: Սակայն ճիշտ կլիներ, եթե մեր երկրում եւս իմաստնանային բյուզանդական դասերից: Արդյոք Հայաստանում չկա՞ն ժողովրդի աչքի փուշը դարձած օլիգարխներ, ցինիկ կոռուպցիա, բարոյականության անկում... Եվ վատթարագույնը` անմիտ հավատ արեւմտյան «արժեքների» նկատմամբ: Նորագույն փաստը` Կոսովոյի անկախությունը ցույց չի՞ տալիս, որ Արեւմուտքը միայն մի աստված ունի` մերկ շահը: Հանուն ՆԱՏՕ-ական ռազմակայանի ԱՄՆ-ը եւ նրա եվրոպական կամակատարները Եվրոպայում ստեղծում են եւս մի մուսուլմանական պետություն, դաժանորեն նսեմացնելով քրիստոնյա սերբերին:

Լավ կլիներ, որ Հայաստանի նորընտիր ղեկավարը դիտեր այս ֆիլմը, քանզի այդ «ասքի» մեջ շեշտադրված է նաեւ գահաժառանգորդության հարցը, երբ իշխանափոխության անկատար մեխանիզմի հետեւանքով հաճախ էր այդ գործընթացը հանգեցնում ճգնաժամերի ու ապակայունացնող միտումների: Արժեր ուշադրություն դարձնել եկեղեցական սպասավոր Տիխոնի այն հետեւությանը, որ Բյուզանդիայի ամենամեծ հարստությունը «ոսկին չէր, թանկարժեք քարերը չէին... նրա գլխավոր հարստությունը Աստվածն էր»: Միգուցե Հայաստանի նոր նախագահը ձգտի դառնակ աստվածասեր, առողջացնի համընդհանուր անբավականության մթնոլորտը: Ո՞վ ասաց, որ բյուզանդական դասերը սոսկ մեծ տերությունների համար են:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4