Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Լեւոնարխ գյուղի մոտակայքում մարտի 3-ին տեղի ունեցած միջադեպից հետո նախօրեի դրությամբ կարգավորված իրավիճակն այժմ հանդարտ է, փոխհրաձգություններ չկան: Երեկ այս մասին հայտարարեց արտգործնախարարության մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Բալայանը` միեւնույն ժամանակ հայտնելով, որ «Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի, այնպես էլ Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծերի երկայնքով շարունակվում են փոխհրաձգությունները, եւ դա մտահոգությունների տեղիք է տալիս»:
Երեկվա համարում «Ազգն» արդեն տեղեկացրել էր, որ Հայաստանում է գտնվում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն, որի հետ, Տիգրան Բալայանի տեղեկացմամբ, նախօրեին` երեկոյան հանդիպել է ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ու քննարկել Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները: Վարդան Օսկանյանը երեկ առավոտյան հանդիպել է նաեւ Հայաստանում գտնվող Վատիկանի պետքարտուղար Տալչիս Ռոբերտինոյի հետ: ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատարի տեղեկացմամբ, նախարար Օսկանյանը նաեւ հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համենբերգի հետ` տեղեկացնելով մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակի մասին, ինչպես նաեւ քննարկել հաջորդ շաբաթ նրա Հայաստան կատարելիք այցի հնարավորությունը:
Անդրադառնալով Մարտակերտի Լեւոնարխ գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպին` Տիգրան Բալայանը մեկ անգամ էլ շեշտեց, որ հայկական կողմից, ըստ մեր պաշտպանության նախարարության հաղորդման, մեկ ավագ-լեյտենանտ է վիրավորվել, իսկ ԼՂՀ արտգործնախարարության համաձայն, 8 զոհ է տվել ադրբեջանական կողմը. «Երեկ կրակը դադարեցվել է, որ ադրբեջանցիներն իրենց դիակները վերցնեն, մեկ դիակ այժմ ղարաբաղյան կողմերի դիրքերում է, դիակն ադրբեջանցիններին հանձնելու բանակցություներ են գնում»: Ինչ վերաբերում է կատարվածի մասին ադրբեջանական կողմի մեկնաբանություններին եւ տեղեկություններին, Տիգրան Բալայանն ասաց. «Այս տարիների ընթացքում քանիցս առիթ ենք ունեցել համոզվելու, որ թե՛ ադրբեջանական գործակալությունների տարածած տեղեկատվությունը, թե՛ ադրբեջանական պաշտոնյաների մեկնաբանություններն իրականության հետ որեւէիցե կապ չունեն»:
Երկրում նախագահի հրամանագրով հայտարարված արտակարգ դրության մասին, ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով, տեղեկացված են միջազգային կազմակերպություններն ու դեսպանական երկրները: Տիգրան Բալայանն ընդգծեց, որ արտակարգ դրության սահմանափակումները նախատեսված են միջազգային իրավունքով` մասնավորապես մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, բացի այդ, մի շարք փաստաթղթերի հիման վրա սահմանափակումների մասին տեղեկացված են Եվրոխորհուրդն ու ՄԱԿ-ը:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ