«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2008-03-05 | #43, 2008-03-06 | #44, 2008-03-07


ԴԵՌ ԵՐԿԱՐ ԵՆՔ ՀԻՇԵԼՈՒ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ

Մարտի 1, 16-ն անց 40-ի կողմերը

Փետրվարի 29-ին, տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից մեկ օր առաջ ընդամենը «Ազգը» զգուշացրել էր, թե հանրահավաքների մասնակիցները, ներկաներին ներարկվող թույնի եւ ատելության ամենօրյա չափաբաժիններ ստանալով, կարող են դուրս գալ կազմակերպիչների վերահսկողությունից: Որ նախկին նախագահը, երկիր ղեկավարելու փորձ ունենալով, պետք է պատկերացնի, թե ի՞նչ վնասներ կարող են բերել իր կազմակերպած սադրանքները երկրի իմիջին եւ նրա միջազգային վարկին, եւ որ նա կարող է դառնալ իր սրած բզի թիրախը` հանրահավաքային զանգվածին անընդհատ «տաքացնելով»` թե երկու օր էլ կանգնեք` իշխանությունը մերն է. սա կարող է տանել շատ «տաքանալուն», երբ հանրահավաքայիններն անհամբեր կդառնան եւ «հիմա, հիմա» կոչերը կպահանջեն զուգորդել գործողություններով: Մեր այս զգուշացումը, թե կանխատեսումը, ցավոք, մեկ օր հետո իրականություն դարձավ` իր ողբերգական հետեւանքներով: Հավանաբար դեռ օրվա դեպքերի պատճառահետեւանքային կապերը վերականգնող վերլուծություններ շատ կգրվեն, մանավանդ իրավապահ մարմինների քննությունից հետո ավելի լավ նկատելով մարտի 1-2-ի իրադարձությունների մութ անկյունները, սակայն անկախ դրանից, անկախ նախագահ Քոչարյանի գնահատականներից` ինձ, իրադարձություններին հետեւող լրագրողիս ցնցել է մի փաստ. այն, որ ժամը 16-ի կամ 17-ի կողմերը ֆրանսիական դեսպանատանը հարակից տարածքում հավաքված մարդիկ ծայրահեղ բորբոքված վիճակում էին եւ անզեն աչքով էլ տեսանելի էր հետագա իրադարձությունների անկանխատեսելիությունը, նույնիսկ պատահական մարդու համար ակնհայտ էր դա, ես, լրագրողս, ժամանակին երկրի ղեկի մոտ եղած մարդուց սպասում էի, որ անգամ եթե ինքը չգա` ապսպրանք է ուղարկելու հանրահավաքայիններին, որ այդ օրը գոնե գնան տուն, մանավանդ արդեն 2 օր հետո ՍԴ-ում քննվելու էր իր հայցը: 16 անց 30-ին վերադառնալով ֆրանսիական դեսպանատան մոտից եւ փորձելով գնահատել իրավիճակը` ես կայքերում փնտրում էի մի խելամիտ ուղերձ, մի ողջամիտ խոսք այդ մարդուց: Սակայն 16 անց 40-ի կողմերը կայքերում հայտնվեց «Շտաբի շտապ հայտարարությունը» անվամբ մի հաղորդագրություն, որով Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբը ոչ թե խաղաղեցնում էր հանրահավաքայիններին, ոչ թե հորդորում էր զերծ մնալ խժդժություններից, այլ նոր մարդկանց էր հրավիրում ֆրանսիական դեսպանատանը հարակից հրապարակ: Հենց այդ պահին ես հասկացա, որ հնարավոր չի լինի հետ պտտել կամ կանգնեցնել տեղի ունեցողը: Հաղորդագրությանը երկար նայեցի` փորձելով ըմբռնել դրա ողջ ահավորությունը: Բայց հենց այդ հաղորդագրությունից շատ բան էր կախված լինելու, այդ մի քանի տողի մեջ է այն մարդկանց արյունը, որ թափվեց, այդ մի քանի տողի մեջ են մեր երկրի հեղինակությունն ու այդ տողը հեղինակած մարդկանց ողջ բարոյական կերպարը: Այսինքն` այդ տողի հեղինակները թքած ունեին երկուսի վրա էլ: Դեռ Վազգեն Մանուկյանի հետ էլ ուզում են ոտք գցել, որը 1996-ին ամեն ինչ արեց արյունահեղությունը կանխելու համար:

Այսպիսի պահերի մասին են ասում, թե պահն է վճռում ամիսների ու տարիների լինելիքը: Հիմա էլ այդ պահը գրանցված է օրվա ինտերնետային հրատարակություններում, ու ով ում մեղադրի, ով ում ինչ ասի` այդ դաժան մի քանի բառը լուռ նայում են 16 անց 40-ին մոտիկ ժամանակահատվածի վիրտուալ պատուհանիկից` որպես մեղադրանք իրենց երկնողներին:

Ի՞նչ անի հիմա հասարակությունը

Այս պահին մի քանի նոր մտահոգություններ են պատել հասարակության այն հատվածին, որն առաջ է նայում եւ կուզենար ավելի արագ դուրս գալ ոչ բնականոն այս իրավիճակից: Մտահոգությունների մի քանի շերտ կա:

Առաջինն այն է, որ այնուամենայնիվ միայն պաշտոնական խողովակով ստացվող տեղեկատվությունը պատճառ է դառնում երեւակայություն խթանողների մութ գործունեության համար: Դեռ տարբեր սոցիոլոգիական հարցումները Հայաստանում վկայել են, որ բնակչության մի ստվար հատված, տարբեր գնահատականներովՙ 15-20 տոկոսը, չի վստահում առհասարակ որեւէ լրատվամիջոցի եւ տեղեկություն է ձեռք բերում բերանացի, իր ծանոթ-բարեկամներից, այսինքն` այս շերտի համար տեղեկատվություն աղբյուր են բամբասանքն ու ասեկոսեները: Պատկերացնո՞ւմ եք` ինչ հուռթի դաշտ է ստեղծվել այդ շերտի համար, եւ անգամ հասարակության այդ շերտը կարող է բավականաչափ ստվարացած լինել, ով տրվում է տարբեր հերյուրանքների, տարբեր «սլուխների» եւ «ուտկաների»: Այդ շերտի համար էն գլխից էլ պաշտոնական լրատվությունը վստահելի չէր, իսկ հիմա` առավել եւս: Այնպես որ միայն պաշտոնական շրջանակում տեղեկության տարածումը ունի իր բացասական անդրադարձը, որով համակվում է բնակչության մի շատ որոշակի հատված: Հենց փոխոստիկանապետն էր բողոքում, թե ապատեղեկատվություն են տարածում զոհվածների մեծ թվի մասին, կամ` իբր հղի կին ու երեխա են զոհվել: Ուրեմն, միայն պաշտոնական աղբյուրից կամ միայն ոստիկանությունից ստացվող տեղեկատվությունը 100 տոկոսով բնակչության իրազեկման խնդիրն այս պահին չի լուծում: Գուցե իսկապես կարելի էր ժամանակավորապես, մինչեւ արտակարգ դրության ավարտը ստեղծել լրատվությունը համակարգող մի մարմին, որից կարելի էր առավել լայն տեղեկատվություն ստանալ: Մյուս կողմից էլ` էլի մինչեւ վերջ պարզ չէ ներքաղաքական կյանքի մասին պաշտոնական տեղեկատվություն ասածը: Օրինակ` ընթանում է նախագահի թեկնածուների հայցերը քննող Սահմանադրական դատարանի նիստը: ՍԴ-ն պաշտոնակա՞ն մարմին է, այնտեղ լսած ամեն ի՞նչ պետք է լրագրողը նկարագրի, թե՞ մնա ՍԴ լրատվական ծառայության տարածած տեղեկության շրջանակում` այսպիսի խնդիր մոտակա օրերին կարող է ծագել ամեն պաշտոնական կառույցի առնչվելիս:

Մի այլ մտահոգություն է բնակչությանն այն սթրեսից դուրս բերելը, որի մեջ ընկնում են մարդիկ ամեն օր բոլոր հեռուստակայաններով դիտելով ջարդարարության, թալանի, կույր կատաղության սարսափելի պատկերները: Մարդ չի կարող տեւական ժամանակ այդ բոլորը դիտել, անգամ օրգանիզմն ինքնապաշտպանական մեխանիզմ ունի` շրջափակելով մարդու ենթագիտակցությունը սարսափելի տեսարաններից (փոխելով ալիքը եւ չնայելով հաճախ): Գուցե իմաստ կա այդ ցուցադրումներին զուգահեռ արդեն հակասթրեսային ենթատեքստ ունեցող հաղորդումներ, մասնագետների հետ հարցազրույցներ ու զրույցներ ցուցադրել եւ ավելի մասնագիտորեն, համապատասխան իրավիճակներին համարժեք եթերով բնակչությանը դուրս բերել այս իրավիճակից: Այլապես ագրեսիան ագրեսիա է ծնում, մարդիկ սրված նյարդերով չեն կարող իրենց աշխատավայրերում նույնիսկ լիարժեք աշխատել: Ճիշտ է, տեղի ունեցածը դեռ երկար մեր մտքից եւ ուղեղից դուրս չի գա, սակայն արժե հասարակության լայն շերտերին սթրեսից դուրս բերելու ճանապարհների մասին մտածել:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4