Երեկ տեղի ունեցած կառավարության նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձ է արել հետընտրական ներքաղաքական իրավիճակին. «Ուզում եմ մեկ անգամ եւս փաստել, որ տեղի ունեցավ այն, ինչի մասին մենք ամիսներ շարունակ խոսում էինք, բայց չկարողացանք կանխել: Եթե չկարողացանք կանխել, ապա մեղավոր ենք նաեւ մենք: Բայց մեղավորների մասին չէ, որ այսօր ուզում եմ խոսել, այլ այդ աղետի հետեւանքների վերացման մասին, որովհետեւ բացի մարդկային կորուստներից, որոնք կարող էին լինել ավելի շատ, եթե համարժեք միջոցներ չձեռնարկվեին, մենք ունեցանք նյութական կորուստներ, բարոյական կորուստներ` կապված մեր երկրի անվտանգության հետ, եւ կորուստներ` կապված մեր երկրի միջազգային հեղինակության հետ»: Ըստ վարչապետի` նյութական կորուստների առումով հեշտ է, քաղաքապետարանը, ֆինանսների եւ արդարադատության նախարարություններն արագ պետք է արձագանքեն եւ առաջարկություններ ներկայացնեն: Իսկ որ հասարակության մեջ չարությունը մեծացել է, հասարակությունը երկփեղկված է` վարչապետն ակնկալում է կառավարության բոլոր անդամների ակտիվ աշխատանքն այս ուղղությամբ. «Պետք է մտնել երկխոսության մեջ, պետք է վիճել, բացատրել նույնիսկ` եթե դիմացինդ չի հասկանում, եթե դիմացինդ ատելությունից կուրացած է»: Վարչապետն ավելացրեց, որ պասսիվություն է նկատում բոլորի աշխատանքում` միջազգային կազմակերպությունների, ընդհանրապես իրավիճակը ներկայացնելու հետ կապված. «Ես առաջարկում եմ` ուշադիր ուսումնասիրեք բոլոր այն նյութերը, որոնք մատուցվում են պաշտոնական խողովակներով, պետական կառավարման մարմինների կողմից, եւ ձեզ հավաստիացնում եմ, որ այս տեղեկատվությունը ճշմարտություն է, առանց վարանելու կարող եք հենվել այդ փաստերի վրա: Փառք Աստծո, որ մեր բանակը կարողացավ մեկ անգամ եւս ապացուցել, որ կայացած կառույց է եւ կարողացավ համարժեք արձագանքել մեր անվտանգությանը սպառնացող խնդիրներին, մեր անվտանգության ուժերը կարողացան համարժեք լուծումներ գտնել», ասաց վարչապետը, խոստանալով, որ բոլոր մեղավորները կպատժվեն:
Մ. Խ.