Հայտարարեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը
Մարտի 1-ի զանգվածային անկարգությունների առնչությամբ արդեն շուրջ 5 օր ընթացող նախաքննությունը արդյունավետ է եղել, ձեւավորվել է համընդհանուր քննչական խումբ, որը գլխավորում է հատուկ քննչական ղեկավար Անդրանիկ Միրզոյանը: Երեկ այս մասին հայտարարեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն` անդրադառնալով այս օրերին դատախազության կատարած աշխատանքներին: «Զգալի պարզաբանումներ ենք կարողացել մտցնել նախաքննության իրականացման տարբեր ուղղություններով, մասնավորապես ունենք 53 կալանավորվածներ, որոնց առաջադրված են մեղադրանքներ տարբեր հանցագործություններ կատարելու համար, ունենք 16 ձերբակալվածներ, զննվում եւ քրեական գործին են կցվում մեծածավալ տեսաժապավեններ եւ իրեղեն ապացույցներ: Իրականացված քննչական գործողությունների նախաքննության ընթացքում, կարծես թե, ձեւավորվում են հանգամանքներ, դրվագներ, որոնք կնպաստեն ավելի խորացված քննություն կատարելուն: Բոլոր գործողությունները` ուղղորդված ՀՀ սահմանադրական կարգը խախտելուն, իշխանությունը բռնի ճանապարհով յուրացնելուն, ինչպես նաեւ զանգվածային անկարգություններ կազմակերպելուն, տեղի են ունեցել մի կազմակերպված մարմնի ղեկավարությամբ», հայտարարեց գլխավոր դատախազը:
Արդեն իսկ հայտնի են դարձել տարբեր խմբերի ձեւավորումները, որոնք նպաստել են այդ անկարգություններին: Հարցաքննվել են 350 վկաներ, որոնք, Աղվան Հովսեփյանի խոսքով, կոնկրետ ցուցմունքներ են տվել, թե ինչ ճանապարհով, որտեղ եւ երբ են պատրաստվել, բերվել, բաժանվել մահակներ, մետաղյա ձողեր` հատուկ մարմնական վնասվածքներ պատճառելու համար: Պարզվել է նաեւ, որ հանրահավաքի մասնակիցներին խմիչք է բաժանվել` ասելով, թե դա արվում է կազմակերպված խմբերի մարտունակությունը բարձրացնելու համար: Դատախազը տեղեկացրեց, որ նման կազմակերպված խմբեր ձեւավորվել են հանրապետության տարբեր մարզերում, միեւնույն ժամանակ էլ հավաստիացրեց, որ զանգվածային անկարգությունների համար ծառայեցված բոլոր կառույցները բացահայտվելու են:
Գլխավոր դատախազը նշեց, թե հանրահավաքի մասնակիցների նկատմամբ ողջ ընթացքում հոգեբանական դիվերսիա է իրականացվել, օգտագործվել են հոգեբանական ճնշման բոլոր հնարքներն ու ստի բոլոր մեխանիզմները: Մինչ այսօր էլ այդ դիվերսիան շարունակվում է: Գլխավոր դատախազի խոսքով, հոգեբանական դիվերսիայի օրինակ է բջջային հեռախոսով սուտ լուրեր տարածելը, ինչն էլ այսօր արվում է. «Ակնհայտ սուտ է, որ մենք ունենք 58 զոհեր: Մեր երկիրն այնքան մեծ չէ, որ հնարավոր լինի զոհ թաքցնել, եւ դրա մասին ոչ ոք չիմանա: Տվեք տվյալներ, եթե ունեք, տվեք 9-րդ զոհի անունը»: Դատախազը վստահեցրեց, որ հարցաքննված 350 վկաներից ոչ բոլորն են կալանավորվել, միայն նրանք, որոնց նկատմամբ կոնկրետ ապացույցներ են ձեռք բերվել կամ եթե անձը կատարել է քրեական օրենսգրքի որեւէ հոդվածին համապատասխան արարք: Հարցին, թե հայտնի դեպքերից հետո կպատժվեն սովորական մասնակիցներն, իսկ կազմակերպիչները կմնան անպատիժ, Աղվան Հովսեփյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր հանցագործ, ժողովրդի նկատմամբ այդպիսի լայնածավալ հանցագործություն կատարած անձը կկանգնի դատարանի առաջ»:
Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկը, թե երկխոսություն հնարավոր է միայն ձերբակալվածներին ազատ արձակելուց հետո, Աղվան Հովսեփյանը հակաիրավական է համարումՙ նշելով, թե դրանով ուզում են «քաղաքական նկատառումներից ելնելով ճնշում գործադրել դատաիրավական համակարգի վրա, ինչը մենք չենք թույլ տա: Ես չեմ պատրաստվում կալանքից ազատել այն անձին, ով նռնակ է գցել ժողովրդի վրա»: Գլխավոր դատախազը չբացառեց նաեւ կատարվածում դրսի ոչ բարեկամական ուժերի միջամտությունը. «Ոչ միայն չեմ բացառում, այլեւ այդ ուղղությամբ կատարված գործողություններն ակնհայտորեն դրա վկայությունն են, եւ նման վարկած առաջ քաշելու հիմքեր են հանդիսանում»: «Ազգի» հարցին, թե համաժողովրդական շարժման կազմակերպիչներից առաջին դեմքերի մասով ի՞նչ նորություն կա, որտե՞ղ են Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը եւ առաջին նախագահին սատարող մյուս կուսակցությունների ղեկավարները, Աղվան Հովսեփյանը պատասխանեց. «Հանցագործություն կատարած անձինք, իհարկե, հայտնաբերվում են, հետախուզվում են, նրանց հետ տարվում է համապատասխան աշխատանք եւ մեր աշխատանքն իր արդյունքը կտա: Թաքնված մարդիկ էլ կան: Օրինակՙ պատգամավորներ Սասուն Միքայելյանի եւ Խաչատուր Սուքիասյանի չներկայանալը նշանակում է, որ նրանք թաքնվում են նախաքննությունից: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում»:
Գլխավոր դատախազը, այսպես կոչված, համաժողովրդական շարժումն ավելի շատ համարեց սոցիալիստական հեղափոխության դրսեւորում. «Հեղափոխական, ոչ թե ժողովրդավարական, այլ իր բովանդակությամբ սոցիալիստական հեղափոխության դրսեւորում էր»: Աղվան Հովսեփյանը որպես սոցիալիստական հեղափոխության դրսեւորում համարելու հիմնավորում մատնանշեց հանգամանքը, թե բավական ցուցմունք տված մարդիկ ասել են, որ իրենց բիզնես, պաշտոններ են խոստացվել:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ