Քիչ չեն նաեւ մեր երկրից նորօրյա ապաստան խնդրողները
Ադրբեջանական իշխանությունների իրականացրած էթնիկ զտումների պատճառով Հայաստան բռնագաղթած շուրջ 360 հազար փախստականները, որ 90-ականներից ապրում են այստեղ, դեռեւս ունեն բազմաթիվ չլուծված խնդիրներ: Յուրաքանչյուր առիթով այդ փախստականները բարձրաձայնում են իրենց դժգոհությունները, իսկ ամեն տարի հիշվող Սումգայիթի ջարդերի տարելիցին դեպի Ծիծեռնակաբերդ քայլող փախստականները պատմում են ոչ միայն իրենց գլխով անցած սարսափն, այլեւ դժգոհում, որ արդեն երկու տասնամյակ Հայաստանում են, բայց անգամ տանիքի խնդիրը դեռեւս չի լուծվել: Բռնագաղթած ադրբեջանահայերի կողքին վերջին երկու-երեք տարիներին Հայաստանում են նաեւ, այսպես կոչված, նորօրյա ապաստան խնդրողները, որոնց համար եւս կառավարությունը որոշ բաներ նախատեսել է: Արմատապես վերափոխված «Փախստականի եւ ապաստանի մասին ՀՀ օրենքի» նախագիծն արդեն կառավարությունում է:
Շուրջ 15 տարի Հայաստանում բնակվող փախստականների խնդիրների, ինչպես նաեւ նորօրյա ապաստան խնդրողների մասին զրուցեցինք տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանի հետ, որը ներկայացնելով անցնող տարիներին փախստականների համար կատարված աշխատանքները` միեւնույն ժամանակ չժխտեց, որ խնդիրների խնդիրը մնում է փախստականներին բնակարաններով ապահովելը:
Գագիկ Եգանյանի պատմելով, 90-ականներին Ադրբեջանի իշխանություններից տուժեցին իրենց պապենական հողի վրա ապրող շուրջ կես մլն հայեր, որոնցից 360 հազարը բռնագաղթեց Հայաստան, ինչն այն ժամանակվա մեր երկրի բնակչության 12 տոկոսը կազմեց: Այսքան փախստականներ մտան Հայաստան, երբ երկրաշարժն էլ իր ավերածություններն էր արել` թողնելով բազմաթիվ անօթեւաններ: Ադրբեջանից բռնագաղթածներին պատսպարելու համար, Եգանյանի խոսքով, տրվում են հնարավոր բոլոր կառույցները` հյուրանոցներ, հանգստյան տներ, հիվանդանոցներ եւ այլն:
«Չեղավ այնպես, որ մենք փախստականներին վրաններում պատսպարենք, մինչդեռ Ադրբեջանում վրաններ կան խփված մինչեւ հիմա: Ընդ որում, Հայաստանից, Ղարաբաղից եւ ազատագրված տարածքներից նույն տարիներին Ադրբեջան մեկնածները ոչ թե բռնագաղթել են, այլ խաղաղ պայմաններում են գնացել Ադրբեջան: Նրանք կազմել են շուրջ 505 հազար եւ ոչ թե 1 մլն, ինչպես այսօր պնդում է Ադրբեջանը: Ադրբեջան գնացածները հայտնվեցին վրանային քաղաքներում, եւ այդ վրանային շոուով Ադրբեջանը մի քանի խնդիրներ է լուծում: Առաջինը, Ադրբեջանը դահիճի եւ զոհի դերերի փոխատեղում է կատարում` մտնելով զոհի կերպարի մեջ, մինչդեռ իրենք են եղել բռնագաղթի նախաձեռնողները: Երկրորդ դեպքում, վրանային քաղաքները պահելով` շարունակում են միջազգային հանրությունից օժանդակություն ստանալ, եւ հետո` այդպիսի պայմաններում ապրած-մեծացած մարդիկ հայատյաց հայացքներով կադրեր են, որոնք պատրաստ են կատարել ամեն մի հրաման Հայաստանի նկատմամբ», պատմում է Գագիկ Եգանյանը:
Հնարավոր բոլոր ծածկերի տակ պատսպարելով փախստականներին` մեր երկիրը, Եգանյանի խոսքով, այս տարիներին կարողացել է որոշ խնդիրներ լուծել. «Օրինակ` լեզվամշակութային խնդիրը` երկրորդ եւ երրորդ սերունդը հայերեն է խոսում: Լուծվել է նաեւ հոգեբանական, պետաիրավական հարցը, այսինքն` հստակեցվել են փախստականների դերն ու կարգավիճակը մեր հասարակությունում: Իսկ այսօրվա կարեւոր խնդիրը նրանց լիարժեք ինտեգրման ապահովումն է, ինչի համար փախստականների միջին կենսամակարդակը չպետք է զիջի հասարակության մյուս ներկայացուցիչների միջին կենսամակարդակին: Իհարկե, իրողությունն այն է, որ փախստականների սոցիալական կենսամակարդակն այսօր ցածր է: Չնայած փախստականներն այսօր օգտվում են կրթական, առողջապահական հնարավորություններից, նրանց մնացած խնդիրները մեր քաղաքացիների հետ համահավասար հիմունքներով են լուծվում, այնուամենայնիվ ցածր է նրանց կենսամակարդակը, շատ է գործազրկությունը», նշում է միգրացիոն գործակալության պետը: Ինչ վերաբերում է ամենակարեւոր` փախստականների բնակարանային խնդիրներին, Գ. Եգանյանը մատնանշում է կառավարության ծրագիրն այս մասով:
2004-ին կառավարությունը հաստատեց առավել կարիքավոր փախստականներին մշտական կացարանով ապահովելու ծրագիր: Ամբողջ հանրապետության, բացի Երեւանից, առավել կարիքավոր փախստականները հաշվառվեցին: 3269 ընտանիքների համար կառավարությունը բնակարանների ապահովման ծրագրով նախատեսում էր երկու ուղղություն: Շուրջ 2700 ընտանիքների տրվեց բնակարանների գնման սերտիֆիկատ, որով պետք է բնակարան ձեռք բերեին, իսկ շուրջ 6 հարյուր վագոններում ապրող ընտանիքների համար էլ միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ կառուցվեցին քոթեջներ: Եգանյանի հավաստմամբ, սերտիֆիկատով կարողացել է բնակարան ձեռք բերել 1400 ընտանիք, առավել կարիքավորների մոտ 65 տոկոսը, հետո էլ հավելում, թե մյուս մասը չկարողացավ նույն այդ սերտիֆիկատներով բնակարան ձեռք բերել, քանի որ դրանց արժեքը բնակարանների միջին շուկայական գնից ցածր էր: Այս տարվանից կառավարությունը սկսում է նոր ծրագիր Երեւանի անօթեւան փախստականների համար: Երեւանում կան մոտ 1100 անօթեւան փախստականներ, որոնց համար, Գագիկ Եգանյանի խոսքով, բնակարանային ապահովման խնդիրը նախատեսվում է լուծել նույն սերտիֆիկատների տարբերակով: 1100 անօթեւաններն առավել կարիքավոր փախստականներն են, բայց կան նաեւ ծանոթների, բարեկամների մոտ մինչ օրս ապրող, մոտ 5 հազար փախստականների ընտանիքներ:
«Ազգի» նկատառմանը, թե այդքան աշխատանքների պարագայում էլ շատ փախստականներ դժգոհ են իրավիճակից եւ նշում են, որ գրեթե ոչինչ չի արվել, միգրացիոն գործակալության պետը պատասխանեց. «Եթե անհատի տեսանկյունով ես նայում, այն անհատը, որ բնակարան չի ստացել, եթե անգամ 50 հազարը ստացել է, նրա տեսանկյունից միշտ էլ քիչ է արվել, բայց եթե նայում ես ժամանակի մեջ, համեմատում նախորդ տարիների հետ, ապա այստեղ չտեսնել տարբերությունը, նշանակում է մութ ակնոց կրել: Եթե ընդհանուր կարիքի հետ համեմատենք, երկար ճանապարհ ունենք անցնելու, իսկ եթե անհատի տեսանկյունից նայես, ինչ էլ ասես արվել է, դրանով նրա ծածկի խնդիրը չի լուծվում, հետեւաբար նա դժգոհ է: Մինչեւ 2000 թվականը քաղաքացիություն էր ձեռք բերել միայն 5000 փաստական, 2000-ից մինչ այսօր 75 հազար մարդ է քաղաքացիություն ստացել: Սա ինչ-որ բան ասում է, չէ՞: Փախստականների համար Երեւանում 5 բազմահարկ շենքեր, քոթեջներ են կառուցվել: Բացի դրանից Սիլիկյան թաղամասում վերջին 3 տարում 100 ընտանիքի համար հողակտորով առանձնատներ է կառուցել փախստականների նորվեգական խորհուրդը»:
Վերջին տարիներին մեր երկրում կան նաեւ նորօրյա ապաստան խնդրողներ` շուրջ հազար մարդ, հիմնականում իրաքահայեր, նաեւ արաբներ, քրդեր, անգամ մեկ ռուս: Նրանց ապաստան, ժամանակավոր պաշտպանված անձի կարգավիճակ է տրվել: Գագիկ Եգանյանը հատուկ շեշտում է, որ ապաստան տալ չի նշանակում բնակարան տալ. «Դա նշանակում է ապաստան տալ երկրում, հետ չվերադարձնել, իսկ բնակարանի հարցը քննարկվում է առաջիկա 3 ամսում, բայց դրանից հետո մենք դրա հնարավորությունն էլ այլեւս չունենք, որովհետեւ մեր քաղաքացիներն անգամ ծածկի խնդիր ունեն: Նրանց ժամանակավորապես հատուկ կացարանում ենք տեղավորում, իսկ կարգավիճակ ստանալուց հետո իրենք են հոգում իրենց բնակարանային հարցերը»:
Նորօրյա ապաստան հայցողների խնդիրը հաշվի առնելով է արմատապես վերափոխվել «Փախստականի մասին ՀՀ օրենքը»` դառնալով «Փախստականի եւ ապաստանի մասին ՀՀ օրենք», նախկին 25 հոդվածի փոխարեն ներառելով 65 հոդված: Միգրացիոն գործակալության պետի խոսքով, օրենքի նախագիծը, որն այժմ կառավարությունում է, 1,5 տարվա աշխատանքի արդյունք է: Նա նշում է, որ նախագծի վրա աշխատել են փորձագիտական տարբեր խմբեր, նոր նախագծում առավել հստակեցվել է փախստականների եւ նորօրյա ապաստան խնդրողների հետ աշխատելու պետական գործիքակազմը, նրանց համար սահմանվել է մեկ կարգավիճակ:
Անցած 15 տարիներին փախստականների խնդիրների լուծման քայլերի, առավել եւս չկատարվածի մասին գնահատական ունի նաեւ «Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը, որի համակարգող Էլեոնորա Ասատրյանի հետ հարցազրույցը կներկայացնենք առաջիկայում:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ