«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2008-03-08 | #46, 2008-03-11 | #47, 2008-03-12


ՔԱՋԵՐԻՑ ՔԱՋԸՙ «ԵՐԿԱԹԵ ՍԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ» 102 ՏԱՐԵԿԱՆ Է

1906-ին ծնվել է հայ ժողովրդի ամենանշանավոր զորավարներից մեկըՙ մարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը, որը սկզբում «Ծիտիկ», հետո «Լեռնային արծիվ», ավելի ուշՙ «Երկաթե սեւ գեներալ» կամ «Սեւ վագր» մականուններն էր կրում: Որքան փառապանծ եւ սերտելի է նրա մարտական ուղինՙ որպես հմուտ ու իմաստուն զորականի դեպի դափնեպսակ տանող ճանապարհ, այնքան կարեւոր է նրա անձնական կյանքի վերանայումը արդեն ոչ սովետական, այլ ազատ Հայաստանում ապրող լրագրողի աչքերով: Հ. Բաբաջանյանի կենսագրության վերջին շրջանը լի է հարցականներով, քանի որ մարշալի ընտանիքի ողբերգությունը այդպես էլ վերջնական պատասխաններ չունի այն հարցին, թե ի՞նչ մի չարաբաստիկ ճակատագրով վերջացավ բաբաջանյանական հերոսական ժառանգությունը իր յուրահատուկ գենով, որ հաղթողի գաղտնիքն է կրում:

Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը ծնվեց ու հասակ առավ Չարդախլու գյուղում, որը նաեւ մարշալ Հովհաննես Բաղրամյանի բնօրրանն է: Նա անցավ ողջ պատերազմը, մինչեւ Բեռլինՙ հաղթանակին զուգահեռ կերտելով հաղթելու ռազմավարական արվեստի ի՛ր դասագիրքը: Եվ հարկ էր, որ մեծ ռազմավարի եթե ոչ 100-ամյա հոբելյանը, ապա գոնե ծննդյան օրը նշվեր ոչ մեկ-երկու երեկույթով, այլ խիստ հետեւողականորեն: Նպատակն է ոչ միայն հերոսի, մարշալի ոգեկոչումն, այլեւ պատմության հերոսական էջերը սերնդե սերունդ փոխանցելու պարտականությունը եւ դրանք պատանիների դաստիարակությանը ծառայեցնելը:

«Ծիտիկը», նույն ինքըՙ «Սեւ գեներալ»-ը, նույն ինքըՙ Համազասպ Բաբաջանյանը

Նա ծնվել է 1906 թվականի փետրվարի 18-ին: Մանկության տարիներն անցկացրել է գյուղում: Չնայած նիհարիկ կազմվածքին, հովվի որդին հոր հետ սարերն էր ելնում, արբենում առավոտվա սրսռան սյուքից, բարձրանում երկնաքեր սարերն ու արծվի ճախրանքի բարձրությունից դիտում աշխարհը: Հեռավորության պատճառով մանրացած տանիքների միջից գտնում էր իրենցը: Ապա շարունակում էր վերելքը դեպի երկնասլաց բարձունքը, սավառնում էր երկնքի կապույտում խոյացող բլուրներն ի վեր, սարից քար գլորում (նրա սիրած զբաղմունքն էր), ժպտում կանաչին տվող դաշտերի ելեւէջով, փարվում նրանց եւ հրճվում նրանցից պոկված լորերի թռիչքով: Չարդախլուի բարձրաբերձ սարերը նրան լայնախոհ մտքով ու հեռահար հայացքով դիտելու ունակություն նվիրեցին: Ինքը, որպես երախտագիտություն, տարիներ անց գրեց. «Երբ մի հետադարձ հայացք եմ ձգում իմ անցած մանկության օրերին, աչքերիս առաջ հառնում է իմ հայրենի Չարդախլուն, որը նմանը չունի ամբողջ աշխարհում: Նրա կարոտը հաճախ է ձգում դեպի այնտեղ, դեպի իմ օրրանը, որ սնել ու գրաճանաչ է դարձրել ինձ: Նրա մաքուր օդով եմ ես զորացել, զորավար դարձել»:

1915-ին Բաբաջանյանների ընտանիքը տեղափոխվեց Թիֆլիս, սակայն շուտով վերադարձավ հայրենի Չարդախլու, ուր Համազը մնաց մինչեւ 1925-ը, զբաղվեց հողագործությամբ, սակայն զինվորական արվեստի սերը երբեք չմարեց նրա սրտում: Ու երբ 19-ամյա պատանին հագավ զինվորականի համազգեստը, կատարվեց նրա նվիրական երազանքը` նա զինվոր էր: Սկզբում սովորեց Ա. Մյասնիկյանի անվան միացյալ ռազմական դպրոցում, ապա փոխադրվեց Թիֆլիսի անդրկովկասյան զինվորական հետեւակային ուսումնարան:

Առաջին մարտական մկրտությունը Հ. Բաբաջանյանն ստացել է 1939-40 թթ. ձմռանըՙ սպիտակ ֆինների դեմ մղված կռիվներում:

1941-ին ԽՍՀՄ տարածք ներխուժած պատերազմը Բաբաջանյանը դիմավորեց 19-րդ բանակում, որ տեղակայված էր արեւմտյան սահմանի մոտ: 1941-ի աշնանը նա նշանակվում է 395-րդ հետեւակային գնդի հրամանատար, որն այդ օրերին կռվում էր Սմոլենսկի ուղղությամբ: Բաբաջանյանը հայտնվում էր այնտեղ, ուր թեժ մարտեր էին մղվում: 1943-44 թթ. ձմռանը Բաբաջանյանի հրամանատարության տակ գտնվող զորամասերը մասնակցում էին Արեւմտյան Ուկրաինայի ազատագրմանը: Կազատին քաղաքի գրավումը եղավ նրա փայլուն ռազմավարական հմտությունների ստուգարքը: Նա որոշեց քաղաքը գրավել գիշերով: Բաբաջանյանը հրահանգեց միաժամանակ միացնել բոլոր տանկերի, մեքենաների, զրահապատ ինքնագնացների լույսերը, շչակներն ու ազդանշանները: Ահա այդ գիշերվա ահարկու հարձակման գործելակերպն էլ կրեց բաբաջանյանական ռեյդ անվանումը: Նրա մասին մի առիթով գեներալ Ի. Դրեմովը գրել է. «Ստանիսլավի ուղղությամբ մղված կռիվներում Հ. Բաբաջանյանը որպես բրիգադի հրամանատար աչքի ընկավ իր համարձակությամբ, վճռականությամբ, հմտությամբ: Բրիգադը դրսեւորելով սրընթաց շարժունակություն, շրջանցեց հակառակորդի թիկունքը եւ կտրեց նրա նահանջի ուղին»: Այդ մարտերում բրիգադն ազատագրել է ավելի քան 50 քաղաք եւ բնակավայր:

1944-ին Բաբաջանյանը կոկորդից ծանր վիրավորվում է: Նրան մի զինվոր 3 կմ տարածություն տանելով հասցնում է թիկունք: Ապաքինվելուց հետո նա պահանջում է իրեն հետ ուղարկել դեպի ճակատ: Այսպես, մինչեւ 1945-ի մայիսի 2-ը, երբ նրա տանկերը վերջին համազարկը տվեցին Ռայխստագի մոտ:

Ասպետի պես ազնիվ

«Ասպետի պես ազնիվ, ճգնավորի պես համեստ, զինվորի պես պարզ ու սրտաբաց...» (հատված Յ. Սադովսկու «Ծառայությունն այսպիսին էՙ հաղթել» կենսագրական գրքից): Այսպես է նրա մասին արտահայտվել Գրոսմանը: Ինքըՙ Բաբաջանյանն էլ շատ էր սիրում այդ խոսքըՙ ասպետի պես ազնիվ, նրանում մեծ իմաստ էր տեսնում: Դա բխում էր նրա հարազատ լեռնային երկրի խիստ օրենքներով ստացած դաստիարակությունից, տղամարդու մեջ դեռ փոքրուց ասպետի պատվախնդրություն եւ արդար գործի պաշտպան դաստիարակելուց:

Բաբաջանյանը համագյուղացիների հուշերում

Բաբաջանյանին առանձին ոգեւորությամբ են հիշում նրա համագյուղացիները: Պատմում են, որ մարշալ Հ. Բաղրամյանը ամեն սեղան նստելիս առաջինը նրա կենացն էր խմում: «Այդքան հասարակ մա՞րդ, մինչ հիմա զարմանում է ՍՍՀՄ հերոս Գուրգեն Մարտիրոսյանը: Նա առիթը բաց չէր թողնում իր հին, հովիվ ընկերներին հավաքելու, տղայական արարքները հիշելու համար: Միաժամանակ խոսքին հաստատ մարդ էրՙ զինվորական խիստ կեցվածքով ու վարվելակերպով»: Մի անգամ սաստեց իր մոտ անձնական խնդրանքով գնացած զինվորականի հորըՙ ինչ ես աղջկա նման լաց լինում, չարդախլեցին լաց չի՛ լինում, նա կռվո՛ւմ է»:

Վերջաբանի փոխարեն

Չնայած մեր ժամանակներում ընդունված չէ մեծ շուքով մեծարել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, նրանց մասին հրապարակումներ ու ֆիլմեր նկարահանել, այնուամենայնիվ դրա կարիքը կա: Վկաՙ կանացի սեթեւեթանքով երիտասարդները, որոնք պետք է շարունակողը լինեին իրենց նախնյաց դյուցազնական պատմության ու ժառանգորդը արիասիրտ նախնիների, արժանապատիվ ու հզոր զորավարների: Այսպես թե այնպես, 2006-ը հոբելյանական տարի էր: Այդ առթիվ մեծ զորավարի անունով է կոչվել ԼՂՀ զորամասերից մեկը: ՀՀ Կենտրոնական բանկը Հ. Բաբաջանյանի պատկերով հուշամեդալ է ստեղծել: Ասում ենՙ ՀՀ պաշտպանության նախարար եղած ժամանակ Սերժ Սարգսյանը խոստացել է մեծ զորավարի արձանը կանգնեցնել Երեւանի փողոցներից մեկում: Չարդախլեցիները, բոլոր հայորդիները Բաբաջանյանի սխրանքով ոգեշնչված սպասում են: Չէ՞ որ 102 տարի առաջ հայ ժողովուրդը ծնեց իր այն եզակի զորավարին, որն ասել էրՙ թո՛ւյլ տվեք, եւ ես կվերադարձնեմ Արեւմտյան Հայաստանը: Ով ճանաչում է Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանին, գիտի նրա զինվորական գրագիտության աստիճանի, քաջերից քաջ տիտղոսի ու անպատմելի համեստության մասին, չի կարող կասկածել նրա խոսքին:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4