Ես չգիտեմ քանի հրամանատար կարող է կյանքը զոհել իր զինվորների համար, ընդհանրապես` ինքնազոհությունը հատո՞ւկ է մարդուն, թե շատ քչերին է տրված: Բայց փաստն ի ափի է` մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, որոնց շատ երեսներ դեռ կարոտ են լույսի, մեզ պարզեցին նաեւ անձնազոհության օրինակներ: Նրանցից մեկը, գիտեք, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի կեցվածքն էր, որ մարմնով վահան դառնալով եւ վիրավորվելով` փրկել է ոստիկանության սպային, մյուսը` ոստիկանության ներքին զորքերի սպա Համլետ Թադեւոսյանի արարքն էր, որ տասնյակ մարդկանց կյանքը փրկեց` իր կյանքը զոհելով. վերջին դեպքի վերաբերյալ առաջին գնահատականները, ճիշտ է, հնչել են, սակայն մի փոքր ժամանակային հեռավորությունից դիտարկելիս սա ծառայական պարտականությունն անձնազոհ կերպով կատարելու իրադարձությունից կարող է վերածվել նաեւ դասագրքային պատմության...
Համլետ Թադեւոսյանը երեւի մի քանի վայրկյան է ունեցել` մտածելու համար. թելը քաշած նռնակը ուր որ է պայթելու է, իր զինվորները կողքին են, շուրջը բազմաթիվ մարդիկ: Երեւի կայծակնային որոշում է եղել` 32-ամյա սպան իրեն պատասխանատու է համարել իր զինվորների համար, այլ կյանքերի համար, եւ որոշումը եղել է այն միակ հնարավորը, որը նվազագույն կյանքեր է խլելու` զոհել սեփական կյանքը: Եվ սպան կայացրել է այդ միակ որոշումը` մարմնով կասեցնելով պայթյունի ուժը: Ո՞վ է այդ մարդը, որ կարող է այդ կերպ ապահովել ուրիշների փրկությունը: Արդյոք նրան հատուկ մա՞յր է ծնել, արդյոք կրթության ու դաստիարակության ուրիշ, մյուսներից տարբե՞ր ճանապարհ է անցել...
Եղվարդի Շիրակի փողոցի 68 տանը, ուր ապրել է Համլետ Թադեւոսյանը` եղբոր, երկու քույրերի, ծնողների, կնոջ եւ երկու փոքրիկ զավակների հետ, սարսափելի վիշտն է իշխում: Մայրը` տիկին Գոհարը անամոք ցավի մեջ, սակայն, խոսք գտնում էր իր որդու արժանիքների մասին հարցնողին պատմելու. որ աշխատանքը շատ էր սիրում` մի օր չի բացակայել, որ իր զինվորներին իր երեխեքի պես էր սիրում, որ եղվարդցի չկար, որին մի բանով օգնած չլիներ, որ ժպիտն անպակաս էր դեմքից` որ, որ... ուրիշ շատուշատ մայրական թվարկումներ: Որ Նոր տարուն ամբողջ վաշտը տուն բերեց` Նոր տարի արեցին...
Հեղինե քույրը, կինը` Քրիստինեն, Վարդգես հորեղբայրը, բոլորն էին պատմում նրա` ոստիկանության ներքին զորքերի մոտոհրաձգային գումարտակի 1-ին հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Համլետ Թադեւոսյանի առինքնող ու սիրելի կերպարի մասին, որին հետմահու արդեն մայորի կոչում են շնորհել:
Իսկ նրա` արդեն մայոր Համլետ Թադեւոսյանի ընտանիքը սովորական հայ ընտանիքներից մեկն է, որտեղ առանձնապես հեշտությամբ չեն սոցիալական հարցերը լուծվել, որտեղ երկու եղբայր աշխատում-մի ողջ ընտանիք էին պահում, հայրն էլ նոր էր մեկնել արտագնա աշխատանքի` որդու մահվան լուրը նրան հետ բերեց: Սովորական մանկություն է եղել` ֆուտբոլի, երգելու հանդեպ սիրով, լավ սովորելով: Հետո էլ` ՆԳՆ բարձրագույն դպրոց, 1997-ից` ծառայություն մինչեւ վաշտի հրամանատար... Որտե՞ղ է հատկապես դրված եղել ուրիշների համար պատասխանատու զգալու ջիղը, արդյոք միայն ծառայությա՞ն բերումով, թե՞ նաեւ այն շաղախում, որ մարդ ստանում է ծնունդով: «Բոլորի կողմից սիրված է եղել, ժպիտը դեմքին: Նրա մոտ չկար «ես» բառը, բոլորին իրենից բարձր էր համարում, բոլոր զինվորների կողմից էր սիրված: Իր զինվորներից մեկը, որ նույնպես վիրավորված էր, իմանալով նրա մահը` այնպես էր ողբում, որ հարազատները մնացել էին զարմացած: Ընդհանրապես ոչ բոլոր հրամանատարներին է զինվորը սիրում», սա Վարդգես հորեղբոր գնահատականն է: Պատկերացնո՞ւմ էին, որ ուրիշի կփրկի. քույրը համոզված էր. «Հա, կաներ, ինքը կաներ: Անհնար էր, որ ինքն իմանար մեկը նեղության, դժվարության մեջ է, չհասներ: Իրենից հավատալու էր: Հայրենասեր էր, ազգասեր էր, ամեն ինչ էր»:
Քրիստինեն` կինն ասում է, որ իրենց առաջնեկ Աղասին, որի ծննդյան օրը հենց այսօր է, դեռ հարցնում է պապայի մասին, իսկ որ ուրիշն է պապայի մասին հարցնում` պատասխանում է. «Հեռու, ներքին զորքեր է գնացել Համիկը, հետո կգա»: Հորը Համիկ էր կանչում: Քիչ բան էր պատմում կնոջն աշխատանքից, պատմել է, որ Նոր տարվա ծրագիր էր կազմակերպել իր զինվորների հետ, նվերներ էր տվել, վաշտում 60 զինվորի հրամանատար էր. «Ասում էր` դժվար է, բայց սիրում էր գործը, սիրելով էդ դժվարություններն անցնում էր, առանց զինվորի չէր պատկերացնում իրեն: Իսկ երեխեքի հետ հանգստանում էր` երեխեքին հեքիաթ պատմելով քնեցնում էր», հոգոց է հանում Քրիստինեն:
«Չհասցրինք առանձին տունուտեղ անել իրեն. բոլորս մի տան մեջ ենք ապրում, նոր պիտի տունուտեղ անեինք», արցունքը տիկին Գոհարին խեղդում է:
Համլետ Թադեւոսյանն արեց այն, ինչ այսօրվա իրականության մեջ մոռացված է մի քիչ, այսօրվա «արժեքների» մեջ գուցե դեռ լավ չի ըմբռնվում` ամեն տեսակ նորօրյա «արժեքների», փողի, ունեցվածքի հետեւից ընկած երիտասարդ մարդկանց կողքին Հայաստանում նաեւ այդպիսի երիտասարդներ են ապրում, եւ երբ պահը գալիս է` մենք հասկանում ենք նրանց դավանած արժեքների եւ ուրիշ «արժեքների» տարբերությունը:
Ու հիմա նրա երկու փոքրիկները մնում են պետության ու այլ մարդկանց հոգածության հույսին, քանի որ նրանց հայրը` ոստիկանության սպա Համլետ Թադեւոսյանը սեփական կյանքը տվել է ուրիշներին:
Պետությունն էլ նրա զավակների ճակատագրի հանդեպ հոգածու լինելու պարտավորությունն ունի:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ