«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2008-03-11 | #47, 2008-03-12 | #48, 2008-03-13


ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՈՒՂԻՂ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ, ԹԵ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՌԻՍԿ ՉԻ ԱՆԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ

Համոզված է Սերժ Սարգսյանը

Ի՞նչ կլինի Տեր-Պետրոսյանի հետագան

«Թե ինչ կլինի Լեւոն Տեր-Պետրոսյանի հետագա ճակատագիրը, դա կորոշի նախ ժողովուրդը, բայց ոչ հիմա, որովհետեւ իրավական պատասխանատվությունից բացի կա բարոյական պատասխանատվություն, կա պատասխանատվություն պատմական եւ, անշուշտ, նամանավանդ դուք վկա եք լինելու պատմության գնահատականին: Զուտ իրավական առումով ես ոչինչ ասել չեմ կարող եւ կարծում եմ, որ բոլոր այն խոսակցությունները, որ այսօր կամ վաղը ձերբակալելու են Լեւոն Տեր-Պետրոսյանին իրականությանը չեն համապատասխանում ուղիղ այնքանով, որքանով իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե որեւէ մեկը ռիսկ չի անի Լեւոն Տեր-Պետրոսյանին ձերբակալել», երեկ տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը ուսանողներից մեկի հարցին ի պատասխան հայտարարեց վարչապետ, Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը: Տնտեսագիտական համալսարանի նորակառույց մասնաշենք այցելելուց հետո Սերժ Սարգսյանը հանդիպեց բուհի ուսանողների հետ, պատասխանեց նրանց հարցերին` հատուկ ընդգծելով, որ պատրաստ է լսել սուր, իր ականջը չշոյող հարցեր, ինչպիսիք իսկապես հնչեցին:

Ի՞նչ է պետք անել, որ չկրկնվի մարտի 1-ը

Անդրադառնալով մարտի 1-ի իրադարձություններին` Սերժ Սարգսյանը նշեց, որ այդ իրադարձություններն էապես տարբերվում են քվեարկություն կոչվող գործընթացից. «Մեկ այլ բան է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը 350 հազար ձայն է հավաքել, մեկ ուրիշ բան, որ մի խումբ մարդիկ դուրս են եկել փողոց եւ անկարգություններ են անում»: Նա միաժամանակ շեշտեց, որ այդ 350 հազարի մեջ կան իշխանություններից դժգոհներ. ինքն էլ ոչ մի անգամ չի ժխտել մեր երկրում եւ հասարակությունում առկա բացթողումները, թերությունները:

Մարտի 1-ի դեպքերի կրկնությունը բացառելու համար, Սերժ Սարգսյանի խոսքով, բազմազան խնդիրների լուծում է պահանջվում, բայց ամենակարեւորն այն է, որ մեր իրավապահները կարողանան ձեռք բերել հասարակության վստահությունը եւ գոնե հասնեն հայոց բանակի մակարդակին: Բայց միեւնույն ժամանակ. «Պետք է այնպես անենք, որ որեւէ մեկի դժգոհությունը չվերածվի վայրագության, ատելության»: Ինչ վերաբերում է մարտի 1-ի անկարգությունների կազմակերպիչներին եւ իրականացնողներին, վարչապետը վստահեցրեց, որ օրենքի առաջ բոլոր մեղավորները պետք է պատասխան տան: Ձերբակալվածների մասով էլ խոստացավ, թե դատավարությունը թափանցիկ կլինի:

Մեծ հնարավորություն ունենք Ղարաբաղի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու

Սերժ Սարգսյանն ասաց, որ այս վերջին օրերին Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման դեպքերը պատահականություն չէին, բայց դժվարացավ նշել, թե դրանք որքանով էին կապված մեր երկրի ներքաղաքական իրադարձությունների հետ: Վարչապետի խոսքով, միանշանակ է, որ ադրբեջանական զորքի գործողությունները երկար ժամանակ նախապատրաստվել են եւ համաձայնեցված են եղել Ադրբեջանի իշխանությունների հետ:

Սերժ Սարգսյանը համոզված է, որ վերջին իրադարձությունները վնասեցին մեր երկրի միջազգային վարկին, բայց նաեւ հավաստիացրեց, որ այն չի ազդի բանակցությունների վրա: «Այո, ես համարում եմ, որ մենք մեծ հնարավորություն ունենք խաղաղ ճանապարհով Ղարաբաղի խնդիրը լուծելու համար»: Ադրբեջանի նախագահի հետ մի երկու հանդիպումից մեր երկրի նորըտիր ղեկավարը կիմանա վերջինիս տրամադրվածությունը, իսկ ԼՂ ինքնորոշման իրավունք ունենալու հանգամանքը միանշանակ է եւ, վարչապետի խոսքով, որեւէ միակողմանի զիջում չի լինելու:

«Մենք չպիտի Կոսովոն մեզ համար նախադեպ համարենք»

Կոսովոյի անկախացման վերաբերյալ հնչած հարցին պատասխանելիս վարչապետն ընդգծեց, որ նախ այն ճանաչելով` մենք չենք փչացնի մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը, հայտնի է, չի ճանաչում Կոսովոյի միակողմանի անկախությունը, հետո էլ դա լուրջ ուսումնասիրելու հարց է: «Մենք չպիտի համարենք Կոսովոն նախադեպ մեզ համար այն առումով, որ Ղարաբաղի խնդիրն էապես տարբերվում է բոլոր խնդիրներից: Ղարաբաղն անկախություն է ստացել համաձայն Խորհրդային Միության գործող օրենքների, այսինքնՙ իրավաբանական, իրավունքի տեսակետից տարբերվում է բոլոր այդպիսի վայրերից, կոնֆլիկտներից, եւ մենք իրավունք չունենք որեւէ մեկի հետ հավասարեցնել, խառնել.. Հետո նախադեպ չենք համարում նաեւ այն առումով, որ մենք տեսանելի ապագայում չենք պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը: Բայց քանի որ մենք մշտապես կողմնակից ենք ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ազատ իրականացմանն, այս առումով, անշուշտ, Կոսովոյի անկախությունը մեր կողմից ողջունվում է»:

Կառավարության նոր կազմը ընդունելի եւ ընկալելի է լինելու

Երկրի նորընտիր ղեկավարը դեռեւս պատրաստ չէ վարչապետի անունը հնչեցնելու, փոխարենն ասաց, թե իր մտքում վարչապետի պաշտոնի համար մի քանի անուններ, կերպարներ են պտտվում: Սերժ Սարգսյանի խոսքով, կառավարության ձեւավորման հարցում անսպասելի փոփոխություններ են լինելու, բոլորն աշխատանքից չեն ազատվելու, բայց նորընտիր նախագահը ցանկանում է, որ իր առաջին քայլը հույս ներշնչի ժողովրդին, թե իրականանալու են Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումները. «Ընդունելի եւ ընկալելի կառավարություն է լինելու»:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4