«Բրուքինգզ» հաստատության կազմած «Պետությունների թուլության ցանկում» կան աշխարհի 141 երկրներ: Վարկանիշները կազմելիս հաշվի են առնվել 4 գլխավոր ցուցիչներ. տնտեսություն, քաղաքականություն, անվտանգություն եւ սոցիալական ոլորտ:
Տնտեսական վիճակը գնահատելիս կարեւորվել են տնտեսության աճի տեմպերը, մեկ շնչին ընկնող ՆՀԱ-ն, սղաճը, եկամուտների տարբերությունները եւ պետական կառավարման որակը:
Քաղաքական իրավիճակը գնահատվել է ըստ իշխանությունների աշխատանքի արդյունավետության, կաշառակերության վերահսկման եւ անձնական ազատության մակարդակների:
Անվտանգությունը գնահատելիս հաշվի են առնվել քաղաքական կայունության մակարդակը, ներքին հակամարտությունների գոյությունը կամ բացակայությունը, իրավախախտումների հաճախականությունը:
Սոցիալական ոլորտում կարեւորվել են մանկական մահացության մակարդակը, կրթության մատչելիությունը, կյանքի տեւողությունը, ջրմուղ-կոյուղու մատչելիությունը: Հիմք են ընդունվել ՄԱԿ-ի կառույցների եւ հայտնի հետազոտական կազմակերպությունների տվյալները:
Ամենաթույլ պետությունների առաջին տասնյակում հայտնվել են Սոմալին, Աֆղանստանը, Կոնգոն, Իրաքը, Բուրունդին, Սուդանը, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Զիմբաբվեն, Լիբերիան ու Փղոսկրի Ափը:
Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից Թուրքմենստանը զբաղեցնում է 35-րդ, Ուզբեկստանը` 36-րդ, Տաջիկստանը` 42-րդ, Ռուսաստանը` 65-րդ, Ղրղըզստանը` 73-րդ, Ադրբեջանը` 80-րդ, Բելառուսը` 81-րդ, Մոլդովան` 88-րդ, Ղազախստանը` 89-րդ, Վրաստանը` 90-րդ: Հզոր եւ կայուն երկրների շարքում Հայաստանը` 105-րդն է, Ուկրաինան` 107-րդը, Լատվիան` 136-րդը, Լիտվան` 138-րդը:
Մյուս պետություններից Իրանը հայտնվել է 66-րդ, Հնդկաստանը` 67-րդ, Չինաստանը` 74-րդ, Թուրքիան` 98-րդ, Արգենտինան` 115-րդ, Լեհաստանը` 135-րդ տեղում: Ըստ վարկանիշների ամենակայուն երկրներն են համարվում Սլովակիան, Հունգարիան եւ Չիլին:
Պատմականորեն կարելի է ասել, որ Ռուսաստանը, Բելառուսը, Ղրղըզստանը եւ Ադրբեջանը հայտնվել են «ուշադրություն պահանջող պետությունների», իսկ Մոլդովան, Ղազախստանը, Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան, Լատվիան եւ Լիտվան «բավական հզոր եւ կայուն պետությունների» շարքում:
Պ. Ք.