Այս վերնագրով միջազգային կոնֆերանս է անցկացվում մարտի 12-13-ը Բեռլինի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա (ՀՀՎ) երկրամասի ներկայացուցչությունում:
Պատահական չէ, որ մտահղացումը Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայից էՙ 1994-ին այս երկրամասում գտնվող Բոխումի Ռուր համալսարանին կից Սփյուռք եւ ցեղասպանություն գիտահետազոտական ինստիտուտից, որը Գերմանիայում միակն է, որ զբաղվում է արդի աշխարհում կոլեկտիվ բռնության կառուցվածքի համեմատական հետազոտությամբ, գրված է կոնֆերանսի հովանավոր ՀՀՎ երկրամասի վարչապետ Յուրգեն Ռյութթգերսի ողջույնի խոսքում:
Գերմաներեն, անգլերեն համաժամանակյա թարգմանությամբ ընթացող երկօրյա կոնֆերանսը կողջունեն պետքարտուղար Միշայել Մերտեսը, կոնֆերանսի կազմակերպիչ Սփյուռք եւ ցեղասպանություն գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր տնօրեն դոկտ. պրոֆ. Միհրան Դաբաղը:
Ելույթ կունենան ու բանավեճ կծավալեն դոկտոր-պրոֆեսորներ Լուչիան Հյոլշերը (Բոխում), Ֆոլքհարդ Կրեխը (Բոխում), Շտեֆան Ռայխմութը (Բոխում), Բեթթինա Դեններլայնը (Համբուրգ), Գուդրուն Կրեմերը (Բեռլին), Ալեքսանդր Ֆլորեսը (Բրեմեն), մեր հայրենակից Մանուել Հասսասսյանը (Լոնդոն), Անյա Պիստոր-Հաթամը (Քիլ), Ուդո Շթայնբախը (Համբուրգ), Աֆղանստանի վերակառուցման նախարար Ամին Ֆարհանգը, Աթթա Էլ Բաթթահանին (Խարթում), Քրիստոֆ Շումաննը (Բեռն), Յոհաննես Ռայսսները (Բեռլին): Եզրափակիչ ելույթը վերապահված է Բոխումի Սփյուռք եւ ցեղասպանություն գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից Քրիստին Պլատին:
ԱՆ. Հ., Գերմանիա