«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2008-03-11 | #47, 2008-03-12 | #48, 2008-03-13


ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ ԿԵՐԴՎԻ, ԵԹԵ...

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Թեեւ արտակարգ դրություն է, եւ հասարակության բեւեռացված վիճակի լիցքաթափումն առայժմ լիարժեք տեսանելի չէ, սակայն առաջ նայել պետք է, քանի որ նորընտիր նախագահի լիազորությունների ստանձնումը սարերի հետեւում չէ: Նորից քրքրենք սահմանադրությունը` նոր նախագահի երդմնակալության արարողության օրվա` ապրիլի 9-ի եւ նրան հաջորդող մի քանի առանցքային միջոցառումների իրավական հիմքերը դիտարկելով:

Վերհիշենք` հանրապետության նախագահի ընտրությունն անցկացվում է նախորդի լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ, նոր նախագահն իր պաշտոնը ստանձնում է նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը, դա հենց ապրիլի 9-ն է:

Ռազմական եւ արտակարգ դրության ժամանակ նախագահը (դեռ իր լիազորությունները վայր չդրած նախագահի մասին է խոսքն այս դեպքում) շարունակում է իր լիազորությունների իրականացումը: Հուսանք, որ արտակարգ դրությունը եւս 20 օրով չի երկարաձգվի, ինչն առահասարակ կարող է փոխել մեր այս թվարկած ընթացքի ողջ աստիճանականությունը: Բայց էլի վերադառնանք սահմանադրության սահմանած բնականոն ընթացքին: Հանրապետության նախագահն իր պաշտոնն ստանձնում է օրենքով սահմանված կարգով` Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ, ժողովրդին տրված հետեւյալ երդմամբ. «Ստանձնելով ՀՀ նախագահի պաշտոնը` երդվում եմ անվերապահորեն կատարել սահմանադրության պահանջները, հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը` ի փառս Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն ՀՀ ժողովրդի»:

Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման եւ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա նախագահը վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Երեկ արդեն նորընտիր նախագահը լրագրողներին ասել էր, որ վարչապետի մի քանի թեկնածուի մասին մտորում է, այնպես որ անակնկալներ կարող են լինել, ինչպես որ նախարարական պորտֆելները բաշխելիս կարող են շատ անակնկալներ լինել: Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո տասնօրյա ժամկետում: Կառավարությունն էլ կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո 20-օրյա ժամկետում: Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է կառավարության անդամներին:

Նախագահի կողմից կառավարության հրաժարականն ընդունելուց հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը` մինչեւ նոր կառավարության կազմավորումը: Նոր նախագահն է կազմավորելու ազգային անվտանգության խորհուրդ (խորհրդի քարտուղարի պաշտոնն արդեն իսկ խոստացվել է Արթուր Բաղդասարյանին), գլխավոր դատախազ, ԿԲ նախագահ է նշանակում եւ այլն, օրենքով սահմանված կարգով ձեւավորում է իր աշխատակազմը:

Կառավարությունն իր կազմավորումից հետո 20-օրյա ժամկետում Ազգային ժողով է ներկայացնում իր ծրագիրը, ԱԺ-ն այն հավանության արժանացնելու համար արտահերթ նիստ է գումարում, ապա եւ ծրագիրը ներկայացնելուց հետո հնգօրյա ժամկետում քվեարկության դնում` հավանության որոշումն ընդունելով ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վարչապետը կարող է որպես փոխվարչապետ նախագահի նշանակմանն առաջարկել նախարարներից մեկին: Բոլոր դեպքերում արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ ազգային անվտանգության համակարգման ոլորտները պատկանում են Հայաստանի նախագահին, եւ այդ հարցերով կառավարության նիստերն էլ նա է վարում:

Ներքաղաքական վիճակին զուգահեռ` այսօր հասարակությանը հետաքրքրում է նաեւ մոտակա կառավարության ուրվագիծը, շրջանառվում են անուններ, ենթադրություններ են արվում, թե նախարարներից ովքե՞ր կպահպանեն պորտֆելները, ովքե՞ր են ենթակա փոփոխության, արդյոք առայժմ կոալիցիայի մաս չկազմող ՀՅԴ-ն կպահպանի՞ պորտֆելները, ո՞ւմ տեղն է նեղվելու կոալիցիայի ընդլայնման իրողությամբ: Այդ մասին դեռ կհասցնենք խոսել, առայժմ երկու իրավիճակային դիտարկում. ըստ սահմանադրության` իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո. այս դիտարկումն ուղղված է բոլոր այն ենթադրություններին, թե արդյոք կարո՞ղ է ՀՀ առաջին նախագահը պատասխանատվության ենթարկվել:

Մյուս դիտարկումը արտակարգ դրությանն է վերաբերում. ըստ ՀՀ ԸՕ-ի 92 հոդվածի` արտակարգ կամ ռազմական դրության ավարտից հետո 40-րդ օրն անցկացվում է նախագահի ընտրություն` արտահերթ ընտրության համար ԸՕ-ով սահմանված կարգով: Սա 20-օրյա արտակարգ դրության հետ որեւէ կապ չունի, եթե, Աստված մի արասցե, այդ դրությունը չերկրորդվի...

Այսքանով առայժմ սահմանափակվենք, արտակարգ դրությունը հանելու հրամանագրից եւ ընդդիմության հետագա պահվածքից հետո նոր միայն լիակատար կուրվագծվեն այն բնականոն հերթագայությունները, որ սահմանված են մեր սահմանադրությամբ եւ մյուս օրենքներով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4