Կոսովոյի խորհրդարանի կողմից փետրվարի 17-ին ընդունված անկախության հռչակագրի առնչությամբ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որում պաշտպանելով ազատ ինքնորոշման իրավունքը, ողջունելով միջազգային հանրության կեցվածքը Կոսովոյի բնակչության մեծամասնության մարդկային եւ քաղաքացիական իրավունքների հարգման հարցում, միեւնույն ժամանակ արձանագրելով, որ Լեռնային Ղարաբաղի տեղաբնակ հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունները տասնամյակներ շարունակ հետեւողականորեն իրականացրել են խտրականության, քաղաքացիական իրավունքների սահմանափակման, էթնիկ զտումների եւ բռնատեղահանման քաղաքականություն, ինչի աղետալի հետեւանքները հնարավոր է եղել կանխել բացառապես կազմակերպված ինքնապաշտպանության միջոցով` աշխարհի երկրների խորհրդարաններին կոչ են անում հետեւողական լինել ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա կազմավորված պետությունների ճանաչման հարցում` ձեռնպահ մնալով երկակի ստանդարտներից:
Հայտարարության հեղինակները գտնում են, որ խախտելով ուրիշ ժողովուրդների նկատմամբ միջազգայնորեն ընդունելի նորմերը, Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանը կորցրել էր Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պետական իշխանություն իրականացնելու իրավական եւ բարոյական բոլոր հիմքերը: Նրանք ափսոսանք են հայտնում հակամարտության ընթացքում եւ հատկապես զինված դիմակայության փուլում մարդկային կորուստների ու զրկանքների առթիվ եւ հույս են հայտնում, որ բանակցությունների միջոցով կարելի է հասնել կողմերի համար փոխընդունելի այնպիսի լուծման, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի ազատ ինքնորոշման փաստի միջազգային ճանաչումը:
Հայտարարությունը ստորագրել են ԼՂՀ ԱԺ «Ժողովրդավարություն», «Հայրենիք» եւ «ՀՅԴ-Շարժում-88» պատգամավորական խմբակցությունների ղեկավարները:
Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ