«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2008-03-12 | #48, 2008-03-13 | #49, 2008-03-14


ՈՍԿՈՒ ՈՒՆՑԻԱՆՙ 1000, ՆԱՎԹԻ ԲԱՐԵԼԸՙ 110 ԴՈԼԱՐ

Նյու Յորքի առեւտրափոխանակումների բորսայում երեկ հետմիջօրեին ոսկու վաճառքի պայմանագրերն առաջին անգամ կնքվել են ռեկորդային գնովՙ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1000 դոլարով: Ռոյթեր գործակալությունը նշում է, որ ոսկու թանկացմանը նպաստող գլխավոր գործոններից մեկն էժանացող դոլարն է:

Արժութային եւ ֆոնդային բորսաների անկայունության պատճառով ավելացան ներդրումները հումքի եւ թանկարժեք մետաղների շուկաներում: Դրա հետեւանքով նավթը, որի մեկ բարելը հունվարի վերջերին դեռ վաճառվում էր 90 դոլարով, մարտի սկզբներին թանկացավ մինչեւ 110 դոլար:

Փետրվարի վերջերին եվրոն առաջին անգամ սկսեցին փոխանակել 1,5 դոլարով, իսկ երեկ փոխարժեքը հասավ 1,5592-ի: Դոլարը նվազագույն փոխարժեքի է հասել նաեւ շվեյցարական ֆրանկի նկատմամբՙ 0,99 ֆրանկ: Երեկ ճապոնական իենի նկատմամբ դոլարի փոխարժեքն իջավ 1995-ի նոյեմբերի մակարդակինՙ 99,88 իեն:

Ամերիկյան արժույթը թուլանում է ԱՄՆ-ում տնտեսական անկման հետ կապված երկյուղների եւ սղաճի տեմպերի արագացման պատճառով: Առկա են վարկային ճգնաժամի երկյուղներ: Դոլարի անկմանը նպաստեցին նաեւ Citigroup եւ Goldman Sachs խոշոր ընկերությունների այն հայտարարությունները, թե դաշնային պահուստային համակարգից բանկային համակարգին 200 մլրդ փոխանցելը թերեւս չօգնի վարկային ոլորտի ճգնաժամի հաղթահարմանը:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4