«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2008-03-12 | #48, 2008-03-13 | #49, 2008-03-14


ԺՈՐԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ. «ՀՈՒՍՈՎ ԵՄ, ՈՐ «ՇԻՐԱԿՆ» ԱՎԵԼԻ ՀԱՋՈՂ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ»

Մարտի 21-ին ՀՀ գավաթի հանդիպումներով Հայաստանում կմեկնարկի ֆուտբոլային նոր մրցաշրջանը: Մինչ մրցաշրջանի մեկնարկը քիչ ժամանակ է մնացել, ուստի թիմերը ձգտում են այն լիարժեք օգտագործել եւ կազմ ու պատրաստ դիմավորել գավաթի եւ առաջնության մրցաշարերը: Նոր մրցաշրջանի նախապատրաստությունն է շարունակում նաեւ Գյումրիի «Շիրակը», որի գլխավոր մարզիչ Ժորա Բարսեղյանն այսօր խմբագրության հյուրն է:

- Պարոն Բարսեղյան, կխնդրեի պատմել «Շիրակի» նախապատրաստական աշխատանքների մասին:

- Ձմեռային նախապատրաստական շրջանն անցկացրել ենք Գյումրիում` հիմնականում մարզվելով մարզադահլիճներում: Այդ ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է տղաների ֆիզիկական պատրաստության բարելավմանը, որին էին նպատակաուղղված վարժասարքերի վրա տարբեր վարժությունները: Իհարկե, չէր անտեսվում նաեւ գնդակախաղը, տեխնիկական եւ տակտիկական պատրաստությունը:

Գյումրիի բնակլիմայական պայմանները թույլ չէին տալիս բացօթյա մարզումներ եւ ֆուտբոլային հանդիպումներ անցկացնել, ուստի անհրաժեշտ էր ուսումնամարզական հավաք կազմակերպել: Արարատի «Այգ» մարզաբազայում երկշաբաթյա հավաքը ծառայեց նպատակին: Այն հնարավորություն տվեց ստուգողական խաղերում ստուգելու ֆուտբոլիստների խաղային ունակությունները: Առաջին խաղում 3-1 հաշվով հաղթել ենք «Բանանց-2-ին», ապա 2 անգամ պարտության մատնել «Արարատ-2-ին» (3-1, 2-1): Բավական համառ ու անհաշտ մրցակցությունում անցավ «Արարատի» հետ կայացած ստուգողական հանդիպումը: Հանդիպման ելքը վճռեց «Արարատի» ավագ Արթուր Մինասյանի մոտ 20 մետրից խփած միակ գոլը: Ստուգողական վերջին հանդիպումն անցկացրինք «Գանձասարի» հետ: Խաղն ավարտվեց կապանցիների հաղթանակով (2-1): Այդ հանդիպումն էլ սուր մրցապայքարում անցավ: Մենք ավելի շատ գոլային պահեր ստեղծեցինք, սակայն չիրացրինք: Իսկ միակ գոլն էլ սեփական դարպասը խփեց կապանցի Արմեն Տատինցյանը: «Գանձասարից» աչքի ընկան Արշակ Ամիրյանն ու Գագա Թբիլաշվիլին:

Ընդհանուր առմամբ գոհ եմ ուսումնամարզական հավաքում տղաների կատարած աշխատանքից: Հավաքը շատ օգտակար էր մեզ համար, առաջին հերթին խաղային փորձ ձեռք բերելու առումով: Հունան Ավետիսյանի հուշամրցաշարի մասնակցությունն էլ կնպաստի ֆուտբոլիստների խաղային որակների բարելավմանը:

- Թիմում կա՞ն փոփոխություններ:

- «Շիրակն» ամբողջովին պահպանել է կազմը: Միակ համալրումը Գրիգոր Մխիթարյանն է, որը թիմ է տեղափոխվել «Արարատից»: Այժմ թիմի կազմում մարզվում են 25 ֆուտբոլիստներ, որոնք կհայտավորվեն «Շիրակում»: Հույս ունենք, որ «Շիրակ-2-ն» էլ հաջող հանդես կգա: Թիմը համալրված է տեղի երիտասարդ կադրերով:

- Իսկ ինչո՞ւ «Շիրակ-2-ը» չի մասնակցելու գավաթի մրցաշարին:

- Թիմի կազմավորման հարցում որոշակի խնդիրներ էին ծագել, որի հետեւանքով «Շիրակ-2-ը» ուշ սկսեց մարզումները, ուստի պատրաստ չէր գավաթի մրցաշարին:

- «Շիրակում» այսօր մեծ թիվ են կազմում փորձառու ֆուտբոլիստները, որոնք թիմի վետերաններն են: Ինչպիսի՞ն է նրանց մարզավիճակը:

- Բոլորն էլ քրտնաջանորեն մարզվում են ու այս ժամանակահատվածի համար արդեն լավ մարզավիճակում են: Անցած տարի նրանցից ոմանք որոշ ընդմիջումից հետո կրկին վերսկսել էին ելույթները «Շիրակում» եւ չհասցրին լավ մարզավիճակ ձեռք բերել: Այս տարի նրանք լիարժեք նախապատրաստություն են անցել եւ հույս ունեմ, որ կդրսեւորեն իրենց:

- Խոսակցություններ կան, որ Անդրանիկ Ադամյանը կրկին մարզչական աշխատանքի է անցել:

- Այո, նա վերադարձել է մարզչական գործունեության: Մենք 15 տարի միասին աշխատել ենք «Շիրակում» եւ ոչ մի հիմնախնդիր մեր միջեւ չի ծագել: Այնպես որ միասին կաշխատենք ապահովել «Շիրակի» հաջող մրցելույթները:

- Թիմի առջեւ ի՞նչ խնդիր է դրվել նոր մրցաշրջանում:

- Կոնկրետ խնդիր կդրվի գավաթի առաջին խաղից հետո միայն, երբ պարզ կդառնա ֆուտբոլիստների իրական ներուժը: Սակայն կարող եմ ասել, որ թիմը լրջորեն է պայքարելու թե՛ գավաթը նվաճելու, թե՛ առաջնությունում մրցանակակիր դառնալու համար:

- Տեղի երիտասարդ կադրերից կա՞ն ֆուտբոլիստներ, որոնք կարող են համալրել «Շիրակը» մոտ ապագայում:

- «Շիրակ-2-ում» ընդգրկել ենք Կարեն Կարապետյանին եւ դարպասապահ Նորայր Աբրահամյանին: Վերջինս մեր ճանաչված դարպասապահ Ալյոշա Աբրահամյանի եղբոր թոռն է: Մեր հիմնական դարպասապահ Ռայմոնդ Զադուրյանը երկար տարիներ հավատարմորեն ծառայում է թիմին եւ հարկ է այժմվանից նրան արժանի փոխարինող պատրաստել:

- Ի՞նչ սպասելիքներ ունեք նոր մրցաշրջանից:

- Հույս ունեմ, որ «Շիրակն» այս տարի ավելի հաջող հանդես կգա: Ինչ վերաբերում է առաջնությանը, ապա նախորդի համեմատ համոզված եմ, որ ավելի համառ մրցակցությունում կանցնի, պայքարը մրցանակային տեղերի համար ավելի թեժ կլինի: Անցած տարի բացի «Կիլիկիայից», մյուս թիմերի միջեւ թեժ մրցակցություն էր ծավալվել: Ելնելով նախապատրաստական շրջանում «Կիլիկիայի» ցույց տված արդյունքներից, կարելի է հուսալ, որ այդ թիմն էլ լուրջ մրցակից կլինի: Այնպես որ ես լավատեսորեն եմ տրամադրված:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4