«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2008-03-12 | #48, 2008-03-13 | #49, 2008-03-14


ՎԱՐՈՒԺԱՆ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԳԼԽԱՎՈՐԵՑ «ԱՐԱՐԱՏԸ»

Հանրապետության վաստակավոր մարզիչ, փորձառու մասնագետ Վարուժան Սուքիասյանը որոշ ընդմիջումից հետո կրկին ստանձնել է Երեւանի «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնը: Նա կփոխարինի սերբ Դուշան Միհիչին, որն աշխատանքը կշարունակի ակումբում տնօրենի կարգավիճակով:

Վարուժան Սուքիասյանը «Արարատի» ղեկը ստանձնել էր 2006-ի երկրորդ շրջանից հետո: Նրա գլխավորությամբ արարատցիները վերելքով հանդես եկան եւ շատ մոտ էին մրցանակակիր դառնալուն: Միայն ավարտական երկու խաղերում «Փյունիկից» ու «Միկայից» կրած պարտությունների պատճառով «Արարատը» զրկվեց առաջնության պարգեւներից ու զբաղեցրեց 4-րդ տեղը:

Անցած տարվա առաջնությունում Սուքիասյանի գլխավորությամբ արարատցիները հրաշալի էին մեկնարկել ու գլխավորում էին աղյուսակըՙ լուրջ հայտ ներկայացնելով չեմպիոնի տիտղոսի համար: Սակայն առաջնության 13-րդ տուրից հետո, բոլորի համար անսպասելի, «Արարատի» ղեկավարությունը որոշեց թիմ հրավիրել սերբ Դուշան Միհիչին, որը մարզչական աշխատանքի փորձ չուներ: Ըստ ղեկավարության, Միհիչը պետք է խորհուրդներ տար Սուքիասյանին: Նման իրավիճակը չէր կարող բավարարել Սուքիասյանին, որը հեռացավ թիմից: Թե այդ չմտածված քայլի հետեւանքը ինչ եղավ, բոլորին է հայտնի: Չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդը զիջեց դիրքերը, մեկը մյուսի հետեւից պարտություններ կրեց (նաեւ անսովոր 0-6 հաշվովՙ «Փյունիկից» ու «Բանանցից»), որի արդյունքում նույնիսկ բրոնզե մրցանակակիր չդարձավՙ կրկին հանգրվանելով 4-րդ տեղում:

Ուրախալի է, որ գոնե այժմ «Արարատի» ղեկավարությունը հասկացել է իր սխալը եւ կրկին փորձառու մասնագետին հրավիրել է մարզել թիմը: Ափսոս միայն, որ նախապատրաստական փուլը թիմն անցկացրել է Դուշան Միհիչի գլխավորությամբ: Ամեն դեպքում, մինչեւ մրցաշրջանի մեկնարկը դեռեւս երեք շաբաթ ժամանակ կա, որի ընթացքում համոզված ենք, Վարուժան Սուքիասյանին կհաջողվի արարատցիներին լավագույնս նախապատրաստել գավաթի ու առաջնության խաղերին: Շուտով թիմին կմիանա նաեւ «Արարատի» գլխավոր հարվածային ուժըՙ բրազիլացի Մարկոսը, որը 22 գնդակով անցած առաջնության լավագույն ռմբարկուն էր: Ներկայում արարատցիները նոր գլխավոր մարզչի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք են անցկացնում Արարատի «Այգ» մարզաբազայում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4