«Ժառանգությունը» հաղորդագրություն է տարածել, որ «դիմել է ՀՀ վարչական դատարան Հայաստանի Հանրապետության նախագահի` «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» 2008 թ. մարտի 1-ի հրամանագիրն անվավեր ճանաչելու հայցադիմումով»: Ըստ կուսակցության տարածած հաղորդագրության, «ի թիվս այլ սահմանափակումների, ժողովրդավարական հանրակարգերի գործունեության կասեցումը, մասնավորապես զանգվածային լրատվամիջոցների թեմատիկ շրջանակների նեղացումը հակասում են Հայաստանի օրենսդրության, ինչպես եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներին: Այդ ամենի արդյունքում էապես սառեցվել է անկախ եւ ընդդիմադիր թերթերի ու կայքերի աշխատանքը, ինչը քաղաքացիների` անաչառ, համապարփակ տեղեկատվություն ստանալու իրավունքի կոպիտ խախտում է»: Դատարանին ուղղված դիմումում «Ժառանգությունը» խնդրում է անվավեր ճանաչել վերոնշյալ հրամանագիրը: Այս հաղորդագրության տարօրինակությունն այն է, որ երբ արտակարգ դրության հարցը քննարկվում էր Ազգային ժողովի հատուկ նիստում, քննարկմանը ներկա «Ժառանգության» խմբակցության եւ ոչ մի անդամ գրավոր դեմ չարտահայտվեց արտակարգ դրությանը: Իսկ նման նախագծի ներկայացման դեպքում արտակարգ դրության հարցը կդրվեր քվեարկության: Փաստորեն «Ժառանգությունը» ժամանակին չօգտվեց իր իրավունքից, իսկ այժմ արտակարգ դրության հարցը փորձում է վիճարկել դատարանում, թերեւս քայլերը հարմարեցնելով ստացած հրահանգներին: