Կարծում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը
«Թուրքիայի քաղաքական կյանքում բուռն զարգացումներ են տեղի ունենում», երեկ «Փաստարկ» ակումբում կարծիք հայտնեց թուրքագետ, գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` կանգ առնելով հատկապես վերջին շրջանում տեղի ունեցած երեք կարեւոր իրադարձությունների վրա:
Ինչպես հայտնի է, օրերս Թուրքիայի գլխավոր դատախազը դիմել է Սահմանադրական դատարան` Թուրքիայի իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության գործունեությունը կասեցնելու պահանջով` մեղադրելով վերջինիս սահմանադրական կարգը խախտելով իսլամական քարոզչություն իրականացնելու համար: «Գլխավոր դատախազի հայցը քեմալականների կողմից հարվածի փորձ է իսլամական կուսակցությանը, եւ, փաստորեն, սա քեմալականների վերջին փորձերից է կանգնեցնելու Թուրքիայում առաջխաղացումը դեպի իսլամական պետության», ընդգծեց թուրքագետը: Նա համոզված է, որ մոտակա շաբաթներին իսլամականների եւ քեմալականների միջեւ տարաձայնությունները կսրվեն, կլինի բախում, որի լուծման մեջ մեծ դերակատարություն կունենա բանակը` կանգնելով իսլամամետ կառավարության կողքին:
Արեւելագիտության ինստիտուտի տնօրենը կարեւորեց նաեւ թուրքական զորքերի գործողությունները Հյուսիսային Իրաքում` համոզմունք հայտնելով, որ դրանք համաձայնեցված են եղել ԱՄՆ հետ, բացի այդ, թուրքական զորքերը ԱՄՆ-ից աջակցություն են ստացել: Թուրքիայում երրորդ կարեւոր իրադարձությունը ակումբի հյուրը որակեց ինֆորմացիոն պատերազմ Հայաստանի դեմ: Նրա խոսքով, վերջերս թուրքական եւ ադրբեջանական մամուլում սպրդած լուրերը, թե Թուրքիան Ադրբեջանի հետ համաձայնեցված գործողություններ է նախապատրաստում քրդական բանվորական կուսակցության ռազմակայանների դեմ, որոնք իբր տեղակայված են Ղարաբաղում, ինֆորմացիոն ճնշում է Հայաստանի վրա:
Ռ. Սաֆրաստյանի խոսքով, Սերժ Սարգսյանին առաջինը շնորհավորողներից մեկը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն էր, ում շնորհավորական խոսքում նոր դրույթներ կային Հայաստանի հետ հարաբերությունները քիչ թե շատ լավացնելու համար, սակայն հետընտրական զարգացումներից հետո փոխվեցին թուրքական մամուլի եւ վերլուծական կենտրոնների վերաբերմունքը մեր երկրի հետ հարաբերությունների բարելավման նկատմամբ: Այդուհանդերձ, թուրքագետը նկատել է, որ վերջին մի քանի օրերին թուրքական կողմում կրկին վերաբերմունքի փոփոխություն կա, ուստի. «Ես կարծում եմ, որ թուրքական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ մոտակա ապագայում այսպիսի երկու հարթությամբ կընթանա. մի կողմիցՙ ճնշում Հայաստանի վրա ինֆորմացիոն առումով, որ կարող են ռազմական գործողություններ ծավալվել Քրդական բանվորական կուսակցության, այսպես կոչված, ռազմակայանների դեմ, որ իբր տեղակայված են Ղարաբաղում, եւ մյուս կողմից փորձ կարվի Հայաստանի հետ որոշ չափով նոր հարաբերությունների դաշտ ստեղծել»:
Սաֆրաստյանն ընդգծեց, որ ժամանակը ցույց կտա Թուրքիայի իրական ցանկությունը` իսկապե՞ս նա ուզում է նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ, թե սա դիվանագիտական հնարք է: Ամեն դեպքում, թուրքագետը խորհուրդ է տալիս հայկական դիվանագիտությանն ուշադիր լինել, որովհետեւ Թուրքիան, նրա խոսքով, Ադրբեջանից բացի, Հայաստանի այն հարեւաններից է, որ անմիջական սպառնալիք է մեր երկրի անվտանգության համար:
Կոսովոյի անկախացումը նախադեպ դիտելու առնչությամբ Ռուբեն Սաֆրաստյանն ընդգծեց. «Այստեղ երկու մոտեցում պետք է լինի: Առաջինը` Կոսովոն իսկապես նախադեպ է միջազգային իրավունքի ներկա մեկնաբանությունների տեսակետից, մյուս կողմից` Կոսովոյի դեպքը տարբերվում է Ղարաբաղի դեպքից շատ ու շատ առումներով, եւ այս առումով մենք պետք է զգույշ լինենք: Կարծում եմ, մեր երկրի պաշտոնական դիրքորոշումը, որ արտահայտվեց, թե Հայաստանը գուցե մոտ ապագայում կմտածի Կոսովոյի անկախությունը ճանաչելու մասին, ճիշտ որոշում է»:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ