Երեկ «Հայելի» ակումբում հյուրընկալված առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը տեղեկացրեց, որ մարտի 1-ի դեպքերի ոչ ճիշտ տեղեկատվության առկայությունը ինտերնետային կայքէջերում մտավախություն է առաջացրել Հայաստան եկող զբոսաշրջիկների ու տուրիստական խմբերի շրջանակներում: Եթե անցած տարի Հայաստանը ընդունել է 510 հազար տուրիստի, ապա մարտի 1-ի դեպքերի ոչ ճիշտ տեղեկատվությունը հանգեցրել է զբոսաշրջիկների ավելի քիչ քանակի հյուրընկալմանը:
Սակայն հակառակ բոլոր կեղծ տեղեկատվություններին, նախարար Երիցյանը փաստեց կարեւոր մեկ հանգամանք. «Շաբաթ-կիրակի օրերին երկրի ղեկավարի ու վարչապետի հանդիպումները Սաուդյան Արաբիայի մեծահարուստներից մեկի հետ եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ հետաքրքրությունը ենթակառուցվածքների հանդեպ մեծացել է. մեր ռազմավարությունը պետք է շարունակենքՙ զբոսաշրջությունը լավացնելու ուղղությամբ»:
Ներսես Երիցյանը նշեց նաեւ, որ զբոսաշրջիկների խմբերը հատկապես մեծանում են Սուրբ Զատիկի տոնակատարության ժամանակաշրջանում եւ դրանից հետո: Եթե յուրաքանչյուր տարի զբոսաշրջության մեջ 30 տոկոսի աճ է նկատվել, ապա այս տարվա համար նախարարը դժվարացավ գնահատականներ տալ, թե զբոսաշրջիկների վրա «շոկի ազդեցության» հետեւանքներն ինչ ցուցանիշի կհանգեցնեն: Իսկ թե ինչքանո՞վ ներկայիս իրավիճակը կազդի գործարարության ու ներդրումների վրա, նախարարն ընդգծեց, որ դրանց ազդեցությունը կարող է լինել զուտ ինստիտուցիոնալ առումով:
Ինչեւէ, Ն. Երիցյանը հավաստիացրեց, որ այս ամառն էլ նախորդների նման շատ լավ է լինելուՙ հանգիստն անցկացնելու համար: Եվ այս տարի էլ, ըստ Երիցյանի, Հայաստանում սպասվում է 600 հազար զբոսաշրջիկների հյուրընկալություն:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ