Ճերմակած մազերով մի կին Սուրբ Զորավոր եկեղեցու խորանի առաջ ծնկաչոք հեկեկում էր, ձեռքերը ծնկներին խփում ու բարձրացնում երկինք, ինչ-որ բառեր արտասանում եւ նորից խոնարհվում: Երբ մոտեցա, լսեցի. «Տեր Աստված, ներիր, ներիր մեր գործած մեղքի համար, ամեն օր դուռդ չոքեչոք կգամ»: Նկատելով, որ կինը թուլանում է, վատանում, թեւանցուկ արեցի եւ դուրս բերեցի եկեղեցուց, նստեցրի բակի նստարաններից մեկի վրա: Սկսեցի հուսադրող ու հանգստացնող զրույց, չմտածելով անգամ, որ մեր այդ խոսակցությունը հետագայում թերթի նյութ կդառնա: Մի քանի րոպե անց, երբ քիչ թե շատ հանգստացել էր, հարցրեցի, թե ինչով կարող եմ օգնել իրեն: Սիրունատես, խնամքով հագնված կինը սկսեց սիրտը բացել իմ առաջ ու ահա թե ինչ պատմեց. «40 տարվա մանկավարժ եմ, ունեմ 3 զավակ, տղաներս ամուսնացած են ու իրենց ընտանիքով վարձով են ապրում, դուստրս նույնպես ամուսնացած է ու երկրորդ երեխային է սպասում, սակայն մեր տանն է ապրում: Բնակարան չունեն: Մեր տունը 24 քմ մակերեսով մեկ սենյականոց բնակարան է ու 5 անձով մի կերպ տեղավորվում ենք»: Իմ հարցին, թե ի՞նչ մեղքի մասին էր ներում աղերսում, կինը գլուխը թափահարելով, ձեռքերը կրկին ծնկներին խփելով, սկսեց պատմել, որ իրենց ամբողջ ընտանիքը, զավակները, 10 օր շարունակ օպերայի բակից տուն չեն գնացել, ամուսինն ու տղաները գիշերել են այնտեղ, իսկ ինքը հարսների հետ ցերեկն էր «հերթապահել»: Ո՞վ էր այդպես նշանակել, որ հերթապահեին, տարեց մանկավարժը արտաբերեց. «Էդ, էդ լեւոնականները, էլ ո՞վ, մեզ ցուցակագրել էին, որ մարտի 15-ին Հյուսիսային պողոտայի էն սիրուն շենքերից բնակարաններ են տալու: Մինչեւ 15-ը պիտի բոլոր տների դռները կոտրեին ու մտնեին, հլա դեռ մեզ ասում էին, որ մենք պիտի ընտրենք, թե որ կողմ նայող պատուհաններով բնակարանում ենք ուզում ապրել: Մենք էլ ամբողջ տնով, անձնագրերը մեկ ամիս առաջ հավաքել, տվել էինք Վլադ անունով մի տղայի: Ճիշտ է, մեկ-երկու օրից անձնագրերը հետ տվեցին ու ասացին, որ մենք 25-30 համարն ենք, հինգ առանձին բնակարան էին մեզ տալու եւ դրա դիմաց պիտի գիշեր-ցերեկ հերթապահեինք: Երբ փետրվարի 21-ին ճաշ էի եփել ու տարա Ազատության հրապարակՙ ամուսնուս, տղաներիս, փեսայիս, որ սոված չմնան, ամուսինս ասացՙ թե ճաշ-մաշ չբերես, մեզ լավ էլ կերակրում են, պիցցա, քյաբաբ, խմիչք, սուրճ... ամեն ինչ տալիս են, ու գրպանից հանեց 10 հազար դրամ, տվեց ինձ ու կատակեց. «Էս էլ էս գիշերվա վարձն է, գնա, բան-ման գնիր ու տար տուն»: Եվ այսպես ամեն օր: Անգամ մտքներովս չէր անցնում, որ մեզ խաբում են, մտածում էինք` էդքան մարդ հավաքվել է, հո սուտ չեն ասի: Բայց արի ու տես, թե ինչ արեցին, անմեղ զոհեր եղան ու հիմա դրանց համար մեր ընտանիքն էլ իր մեղքի բաժինն ունի, որ մոլորվեցինք ու գնացինք այդ ստախոսների հետեւից: Գիտե՞ս աղջիկս, երբ մարդ ամեն տեղից հույսը կտրած է լինում, մի փոքր հուսադրողի հետեւից ուր ասես կգնա, այդպես էլ եղավ մեր ընտանիքի հետ:
Եկեղեցի եմ գալիս, չոքում ու Աստծուց ներում խնդրում, որ ների մոլորյալներիս, հոգիներս մի քիչ թեթեւանան, բայց չի ստացվում... Ամուսինս անկողնային վիճակում է, օրը երկու անգամ շտապօգնություն ենք կանչում: Մեզ ոչ ոք չի կարող օգնել, չգիտենք ինչ անել: Հիմա ինչպե՞ս ապրենք... ելքը չենք գտնում ու մեր տանը սուգ է կարծես: Երեկ տղաներս որոշեցին, որ մեկնեն Հայաստանից ու մեր որոշմանն են սպասում»:
Ստիպված էի ընդհատել մեր զրույցն ու հեռանալ: Ծանր սրտով ու ծանր մտքերով:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ