«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#50, 2008-03-15 | #51, 2008-03-18 | #52, 2008-03-19


«ՔԱՈՍ ԿՈՎԿԱՍՈՒՄ»

ՀՀ նախագահական ընտրություններին անդրադառնում է «Յուդիշե ալգեմայնեն»

Գերմանիայում հրեական կենտրոնական խորհրդի շաբաթաթերթ «Յուդիշե ալգեմայնեն» իր մարտի 13-ի համարում տպագրել է «Քաոս Կովկասում» վերնագրյալ հոդվածը, որի ենթավերնագիրն ավելի երկար էՙ «Հայաստանը արտակարգ դրության մեջ. ընդդիմությունը միջոց է դարձնում հրեական համայնքը»:

«Սա երգի ու պարի հեղափոխություն է», Լեւոն Տեր-Պետրոսյանիՙ հրապարակում հավաքված ցնծություն ապրող իր համակիրներին ուղղված խոսքով է հեղինակ Իրենա Սամվելին սկսում հոդվածըՙ պատմելով, թե Տեր-Պետրոսյանը հրեական մի պար է կատարել: Օրեր առաջ են հարավկովկասյան այս փոքրիկ երկրում նախագահական ընտրություններ անցկացվել, ինչի արդյունքները նա ու իր կողմնակիցները չեն ճանաչում: Գորշ երկնքում երկուՙ հայկական ու հրեական ազգային դրոշ է ճոճվում: «Ո՞ւմ գաղափարն էր, որ այս ակցիայի ժամանակ մեկ ուրիշ երկրի դրոշներ են ճոճվում, ինձ համար առեղծված է», վրդովված ասում է Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը: Տեր-Պետրոսյանի պարը իսկական սադրանք է, որով ուզում էր աշխարհին ցույց տալ, թե իր բողոքին սատարում են Իսրայելն ու հրեական համայնքը:

Տասը տարի առաջ Հայաստանի նախագահ Տեր-Պետրոսյանը ստիպված էր հրաժարական տալՙ իր ժողովրդականություն չվայելող արտաքին քաղաքականության ու կոռուպցիոն կշտամբանքների համար, գրում է «Յուդիշե ալգեմայնեն»: «Քաղաքական բեմահարթակ նրա վերադարձը սխալ էր», գտնում է Վարժապետյանը ու հավելումՙ «Տնային կալանքով իր անվտանգությունն ապահովելու փոխարեն, նա պետք է իր հեղինակած խռովությունների համար ներողություն խնդրի: Նա պիտի մեղքն իր վրա վերցներ եւ քաղաքացիներին մահից ու վիրավորվելուց պաշտպաներ»:

Այնուհետեւ հայկական «երգի ու պարի հեղափոխությունը» արյունոտ հաշվեհարդարի վերածվեց, որի ընթացքում 8 մարդ սպանվեց, 131-ը վիրավորվեց, իրազեկում է «Յուդիշե ալգեմայնեն» ու ներկայացնում հայտնի փաստերըՙ նախագահ Քոչարյանը 20-օրյա արտակարգ դրություն հայտարարեց: Արդ, հայ բնակչությունը սպասում է ընտրությունների մասին ԵԱՀԿ երկրորդ զեկույցին: Առաջինում ասվում էր, թե անկարգություններ, ճիշտ է, եղել են, բայց ընտրությունները համապատասխանել են միջազգային չափանիշներին:

Հրեական համայնքի ղեկավարը կարծում է, թե երկու թեկնածուներն էլ կեղծել են ընտրությունների արդյունքը: Բայց Հայաստանի մեծամասնությունը Սերժ Սարգսյանի օգտին է քվեարկել: Այդ է պատճառը, որ հրեական համայնքն արդեն շնորհավորական ուղերձն ուղարկել է Սարգսյանին:

Աղքատների ու հարուստների միջեւ վիհն ավելի է մեծանում, թեպետ շատ բան բարելավվել է: «Մարդիկ գլոբալ փոփոխություններ են ուզում, ոչ թե Լեւոն Տեր- Պետրոսյանին», ասում է Վարժապետյանը ու հավելում, թե երկրի ժողովրդավարացման առումով հստակ առաջընթաց կա: Հայաստանի Հանրապետությունը այսօր միջազգային ավելի լավ հեղինակություն է վայելում, քան 90-ականներին: «Հրեաներն էլ անհամեմատ ավելի լավ են իրենց զգում», ասում է համայնքի ղեկավարը:

Ռուս ուղղափառ եկեղեցու կողմից որպես անհավատներ հալածանքի ենթարկված շատ հրեաներ 18-րդ դարում ապաստան են գտել Հայաստանում: Այսօր մոտ 900 հրեա է ապրում հարավկովկասյան այս երկրում: Հրեական համայնքը Հայաստանում 1991-ից է պաշտոնապես ճանաչվել, կան հրեական մշակութային կենտրոններ ու դպրոցներ: «Հայ հասարակության եւ ազգի բաղկացուցիչ մի տարրն ենք մեզ համարել, ասում է Ռիմա Վարժապետյանը, ով այս պահին Վրաստանում է: «Հույս ունենք, որ մարտի 21-ին կարող ենք Պուրիմը (հրեական տոն-Ան. Հ.) նշել եւ որ առօրյա կյանքը նորմալ հունի մեջ կմտնի», Հայաստանի հրեական համայնքի ղեկավարի կարծիքն է ներկայացնում Գերմանիայում ընթերցողների մեծ բանակ ունեցող «Յուդիշե ալգեմայնեն»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4