«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2008-03-19 | #53, 2008-03-20 | #54, 2008-03-21


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ 10,1 ՏՈԿՈՍ

Կշարունակվի՞ երկնիշ մնալ առաջիկայում եւս

2008-ի հունվար-փետրվարին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 10,1 տոկոս: Ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների, այս տարվա առաջին երկու ամիսներին երկրի համախառն ներքին արդյունքը կազմել է ավելի քան 221 մլրդ դրամ: Առավել մեծ աճ արձանագրած ճյուղը դարձյալ շինարարությունն էՙ 22,9 տոկոս: Արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալն աճել է 3 տոկոսով, իսկ առանց ադամանդի արտադրությանՙ 4,3 տոկոսով:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքը հունվար-փետրվարին գրեթե մնացել է անփոփոխՙ աճն այստեղ կազմել է ընդամենը 0,4 տոկոս: Ծառայությունների ոլորտում աճը կազմել է 11,8 տոկոս, իսկ մանրածախ առեւտրաշրջանառության աճը կազմել է 9,4 տոկոս:

Արտաքին առեւտրաշրջանառությունն ավելացել է 24,3 տոկոսով եւ կազմել 687 մլն դոլար: Առանց ադամանդի առեւտրաշրջանառությունն ավելացել է 28,9 տոկոսով եւ կազմել 645,8 մլն դոլար: Արտահանման ծավալներն ավելացել են 6,2 տոկոսով եւ կազմել 143,6 մլն դոլար: Առանց ադամանդի արտահանումն աճել է 9,3 տոկոսով եւ կազմել 123,5 մլն դոլար: Ներմուծումը կազմել է 543,4 մլն դոլար, աճելով 30,2 տոկոսով, իսկ առանց ադամանդիՙ 522,3 մլն դոլար, աճելով 34,6 տոկոսով:

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում հունվարին կազմել է մոտ 84 հազար դրամ, մասնավոր հատվածում կազմել է 105 հազար դրամ, բյուջետայինումՙ 59 հազար դրամ:

Անշուշտ, փետրվարին եւ մարտին տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններն իրենց ազդեցությունն են թողել նաեւ Հայաստանի տնտեսական զարգացման վրա, ինչը հավանաբար առաջիկայում զգալ կտա: Եվ եթե մինչ այժմ ներքաղաքական լարված իրավիճակն ու անկարգությունները նախաձեռնող քաղաքական շրջանակներն ու նրանց սպասարկող մամուլը Հայաստանի երկնիշ տնտեսական աճի ցուցանիշների մասին հեգնանքով էին խոսում, ապա առաջիկայում արդեն ուրախությամբ կասեն, որ երկնիշ տնտեսական աճ այլեւս չկա: Այսինքն, ինչքան վատ երկրի եւ ժողովրդի համար, այնքան լավ այդ շրջանակների համար:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4