Արձակագիր Գրիգոր Ջանիկյանի ֆրանսերենից կատարված թարգմանությամբ եւ պետական բյուջեի հատկացմամբ հրատարակվել է կատալոնացի արձակագիր, բանաստեղծ եւ խոհագիր Մարիա Անխելս Անգլադայի «Արամի հուշատետրը» վեպը, որն առաջին կատալոներեն ստեղծագործությունն է Հայոց ցեղասպանության մասին: ԱՕՔՍ-ում (արտասահմանյան կապերի հետ մշակութային կապերի կոմիտե) երեկ գրքի շնորհանդեսն էր կազմակերպել մշակույթի նախարարությունը, որին բացի մեր երկրի գրական, մշակութային շրջանակների ներկայացուցիչներից, շնորհանդեսին Կատալոնիայից մասնակցելու էր եկել հեղինակի բարեկամներից եւ ընկերներից բաղկացած 8 հոգանոց պատվիրակությունը:
«Սա մեր մշակութային, գրական կյանքում երեւույթ է, որովհետեւ առաջին անգամ Հայաստանում հրատարակվել է կատալոներեն լեզվով գրված գիրք Հայոց ցեղասպանության մասին: Այս գրքի հեղինակ Մարիա Անխելս Անգլադան կատալոնական գրականության դասական է եւ իր կյանքի վերջին տարիները նվիրեց այս վեպին, բայց դժբախտաբար մինչեւ հրատարակվելն ու թարգմանվելը վախճանվեց: Սակայն գրքի ներկայացմանը մասնակցում են նրա զավակներն ու թոռները, 8 հոգանոց պատվիրակություն է եկել Կատալոնիայից, ինչը նշանակում է, որ նրանք մեծ կարեւորություն են տալիս այս իրադարձությանը: Հայոց ցեղասպանության մասին գիրքը ցույց է տալիս հեղինակի խոր իմացությունը, որը նա ունեցել է մեր դատի մասին: Անգլադան գրքում ոչ միայն ցույց է տվել Հայոց ցեղասպանության հետեւանքները, այլեւ յուրաքանչյուր գլխի սկզբում մեջբերումներ է բերել հայ գրողներիցՙ Նարեկացուց, Վարուժանից, Սիամանթոյից, որոնց, փաստորեն, նա խորապես ուսումնասիրել է: Ինձ ուրախությամբ է համակում այն, որ այս վեպի մասին գրվել է նաեւ ֆրանսիական մամուլում: Կատալոնիայում վերջերս երեսփոխանների խումբը Իսպանիայի խորհրդարանից պահանջել է, որ ընդունվի Հայոց ցեղասպանությունը, եւ այս մասին կատալոնացի հեղինակները կարող էին իմանալ միայն այս գրքի շնորհիվ: Նշանակում է, այս վեպը շարունակում է աշխատել եւ կհասնի իր նպատակին», լրագրողների հետ զրույցում վեպը ներկայացրեց-գնահատեց թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանը:
Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության մասին առաջին կատալոներեն գրքի հիմքը եղել է մի օրագիր. «Անգլադան հաճախ է հանգստացել Հունաստանում, այնտեղ գտել է մի օրագիր, չի հասկացել լեզուն, հետո իմացել է, որ դա Հայոց ցեղասպանությունից փրկված մի հայի օրագիր է, սկսել է ուսումնասիրել է եւ այդպես գրել է վեպը»:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ