«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2008-03-20 | #54, 2008-03-21 | #55, 2008-03-22


ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ Է ՀԵՏԱՄՈՒՏ ԼԻՆԵԼՈՒ ՄՇԱԿԱՀՈՂԵՐԻ ԻՐԱՑՄԱՆԸ

ԼՂՀ կառավարությունն օրերս կայացած նիստում քննարկել է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվողՙ վարձակալության տրամադրված հողամասերի խնդիրը: Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկատվության համաձայն, այսուհետեւ կգործի վարձակալական վճարների հաշվառման եւ վճարումների ընդունման նոր կարգ: Խնդիր է դրված լիովին գույքագրել հանրապետության վարելահողերը եւ ամբողջը բերել իրավական դաշտ: Մոտավոր հաշվարկով, չի մուտքագրվում 255 մլն դրամի վարձավճար:

Նիստում մտահոգություն է հնչել նաեւ, որ օգտագործվող վարելահողերի եւ առկա հողատարածքների առթիվ պետական տարբեր մարմիններ հրամցնում են տարբեր տվյալներ: Այդ կապակցությամբ վարչապետ Արա Հարությունյանը շրջվարչակազմերին եւ ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին հանձնարարել է եռամսյա ժամկետում հաշվառել հանրապետության վարելահողերը եւ հողային ամբողջ ռեսուրսները: Խնդիրը դիտարկվել է ոչ միայն տվյալ ասպարեզի վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն ունենալու պահանջով, այլեւՙ պարենային անվտանգության ապահովման հեռանկարով: Վարչապետը զգուշացրել է, որ ստուգումներ են անցկացվելու առկա եւ օգտագործվող հողատարածքների գծով` պարզելու համար, թե իրականում մշակաբույսերի ինչ ծավալի արտադրություն է հնարավոր կազմակերպել եւ հայտագրել այնՙ իրավական բոլոր նորմերի կիրառմամբ:

Հարկ է նշել, որ նմանատիպ մտահոգություններ, տարբեր առիթներով, հնչել են նաեւ նախորդ կառավարության օրոք, սակայն չեն դարձել լուրջ քննարկման առարկա:

Թվում է` հետեւողական լինելու դեպքում հնարավոր է էական արդյունքի հասնել, մանավանդ որ համայնքների սահմաններից դուրս գտնվող հողամասերի ճակատագիրը բնակչության շրջանում տարակերպ մեկնաբանությունների առիթ է դարձել: Եվ ոչ առանց հիմքի:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4