«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2008-03-20 | #54, 2008-03-21 | #55, 2008-03-22


ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱԽՏԻՑ ՏՈՒԺԱԾ 1291 ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ ԿՓՈԽՀԱՏՈՒՑՎԻ 355 ՄԼՆ 790.4 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

Երեկ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ հաստատվել է ՀՀ-ում 2007 թվականին արձանագրված խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության հետեւանքով անկած եւ հարկադիր սպանդի ենթարկված կենդանիների սեփականատերերին տրվող օժանդակության ցուցակը, համաձայն որի պետությունը կսկսի օժանդակություն տրամադրել:

Ըստ ճշտված ցուցակիՙ 2008-ի հունվարի 1-ի դրությամբ, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում եւ Երեւանում ոչնչացվել է 14 779 գլուխ խոզ, որից 6 176-ն անկել է, իսկ 8 603-ըՙ հարկադիր ոչնչացվել: Ամենաշատը տուժել են Լոռու (4 696 գլուխ) եւ Տավուշի մարզերում (8 402 գլուխ): Շոշափելի վնասներ են եղել նաեւ Կոտայքի (578), Գեղարքունիքի (410), եւ Արարատի (308) մարզերում: Արմավիրում ոչնչացվել է 168, Արագածոտնումՙ 53 եւ Երեւանումՙ 164 խոզ:

Աֆրիկյան ժանտախտի պատճառով խոզերն ամենաշատը Նոյեմբերյանում են սատկել եւ հարկադիր ոչնչացվել. սատկել է 742 եւ հարկադիր ոչնչացվել է 614 խոզ, որին հաջորդում է Լորուտըՙ ընդհանուր առմամբՙ 697 խոզ:

Տուժած 1291 գյուղացիներին կփոխհատուցվի 355 մլն 790.4 հազար դրամ: Խոզի մեկ կիլոգրամի դիմաց կվճարվի շուկայական գնի 75 տոկոսըՙ 1005 դրամ: Նշվել է, որ գումարների հարցը լուծված է, եւ եկող շաբաթվանից մարդիկ կարող են դրանք ստանալ:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4