«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2008-03-21 | #55, 2008-03-22 | #56, 2008-03-25


ՓՈԹՈՐԻԿ ԱՐՑԱԽՈՒՄ

Այս տարի երկրորդ անգամ եղանակային անակնկալները փորձության են ենթարկում Արցախը: Հազիվ թոթափված հունվարյան աննախադեպ սառնամանիքներից, անցյալ շաբաթավերջին Արցախի վրա գրոհեց ուժեղ փոթորիկը: Անգամ տարեցները չեն հիշում քամու ուժգնացման այդպիսի այլ դեպք Ղարաբաղում: Կեսօրին սկսված քամու պոռթկումները աստիճանաբար ահագնանալով` անընդմեջ շարունակվեցին մինչեւ ուշ երեկո:

Առայժմ վերջնականապես ճշտված չէ փոթորիկի պատճառած վնասների ստույգ չափը: Վերջին տվյալներով, մայրաքաղաքից բացի առավելապես տուժել են Ասկերանի, Հադրութի եւ Մարտունու շրջանի բնակավայրերը: Հիմնականում վնասվել են տանիքները եւ էլեկտրասնուցման լարերը: Եղել են նաեւ գազատար խողովակների վնասման դեպքեր: Ստեփանակերտում մասամբ կամ լրիվ քանդվել են 30 շենքերի տանիքներ, արմատախիլ արվել տասնյակ հսկա ծառեր: Էլցանցի աշխատողների ջանքերով կարճ ժամանակում վերականգնվել է կենսապահովման օբյեկտների Էլեկտրամատակարարումը: Բնակչությունը հոսանք սկսել է ստանալ հաջորդ օրվա առավոտից, սակայն երեկՙ օրվա վերջին Ստեփանակերտում որոշ թաղամասեր դեռեւս հոսանքազրկված էին: Հոսանք չէին ստանում նաեւ մի շարք գյուղական բնակավայրեր: Բարեբախտաբար, մարդկային զոհեր չեն եղել: ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանի տեղեկատվությամբ, փոթորիկի օրը բուժհիմնարկներ են դիմել մեկ տասնյակ քաղաքացիներ, որոնց ցույց է տրվել համապատասխան բուժօգնություն: Ընդ որում, նրանցից ոչ մեկը չի պառկել հիվանդանոցում:

Փոթորիկի օրվա երեկոյան ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրավիրել էր ընդարձակ խորհրդակցություն` կառավարության անդամների եւ շահագրգիռ կառույցների ղեկավարների մասնակցությամբ, որտեղ քննարկվել են բնական աղետի հետեւանքները հնարավորինս արագ վերացնելու հնարավորություններն ու ուղիները: Ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գլխավորում է վարչապետ Արա Հարությունյանը: Հանրապետության ղեկավարները եղել են այն բոլոր շրջաններում, որտեղ փոթորիկն ավելի մեծ վնասներ է հասցրել: Ստեղծվել են մասնագիտական բրիգադներ, որոնք ինտենսիվ կերպով զբաղվում են քամու վնասների վերացմամբ` բոլոր ուղղություններով: Վարչապետ Արա Հարությունյանը Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ տանիքների նորոգման կամ հիմնափոխման հարցում օգնություն կցուցաբերվի նաեւ մասնավոր հատվածին, որոնք տուժել են փոթորիկից: Այդուհանդերձ, շատ քաղաքացիներ չսպասելով պետության օժանդակությանը` իրենց ուժերով նորոգել են վնասված տանիքները, վախենալով հնարավոր անձրեւներից: Այդպիսի նորոգումներն, անշուշտ, ժամանակավոր են, մանավանդ որ հիմնականում վնասվել են տասնամյակներով չնորոգված տանիքները: Դա զգալի է հատկապես մայրաքաղաք Ստեփանակերտում, որտեղ խորհրդային ժամանակներում կառուցված բազմաբնակարան շենքերի տանիքներն իրենց վրա շարունակում են կրել ղարաբաղյան պատերազմի տխուր հետքերը:

Փոթորիկի նախօրյակին իրավասու մարմինները չեն զգուշացրել բնակչությանը սպասվող բնական աղետի մասին, որի դեպքում գուցե թե հնարավոր լիներ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել` փոթորիկի հետեւանքները մեղմելու նպատակով:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4