«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2008-03-22 | #56, 2008-03-25 | #57, 2008-03-26


ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ ՓՈՂՈՑԻՑ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ Է ՏԵՍՆՈՒՄ

«Հայաստանի ներքաղաքական լարվածությունը լուծելու տարբերակը խնդիրը փողոցից խորհրդարան տեղափոխելն է», երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, որը ներկայացրեց նաեւ Ազգային ժողովում արդեն հնչեցրած իր առաջարկությունները: Գնահատելով նախագահական ընտրությունները` պատգամավորը նշեց, որ անցած ընտրությունների հիմնական եւ առանցքային առանձնահատկությունը եղել է այն, որ այս անգամ մեծ դերակատարություն է ունեցել ընդդեմ ընտրազանգվածը, որ մեկին դեմ լինելու պատճառով քվեարկել է մյուսի օգտին: Պատգամավորը համոզված է, որ ներկա իշխանություններից մարդկանց դժգոհությունը Լեւոն Տեր-Պետրոսյանը կարողացավ գեներացնել եւ օգտագործել, որին սակայն, որպես գործիք, օգտագործեց նաեւ հենց ժողովուրդը` արտահայտելով իր դժգոհությունը:

Նորակազմ կոալիցիան Վիկտոր Դալլաքյանը դրական եւ քաղաքական ճանապարհով առաջ գնալու քայլ է համարում, բայց նաեւ կարծում է, որ դրան պետք է ավելի լուրջ քայլեր հետեւեն: Նրան տարօրինակ է թվում կոալիցիայի որոշ անդամների` զուտ թվաբանական հաշվարկներով առաջնորդվելը, երբ հայտարարվում է, թե իրենց համաձայնագիրը վայելում է բնակչության 70 տոկոսի վստահությունը: Պատգամավորի դիտարկմամբ, կոալիցիան չի վայելում բնակչության 70 տոկոսի վստահությունը, քանի որ Արթուր Բաղդասարյանի եւ Վահան Հովհաննիսյանի ընտրազանգվածը նրանց ձայն է տվել իշխանություններին քննադատելու համար, հետեւաբար դրանք ոչ թե իշխանության, այլ ընդդիմության ձայներն են:

Հետընտրական զարգացումներին անդրադառնալով` Վիկտոր Դալլաքյանը նշեց, որ Հայաստանում իրականացվել է որոշակի սցենար, որոշակի խաղացողներով եւ որոշակի քաղաքական հանգուցալուծումներով, ընդ որում այդ հարցում շատ լավ ներդաշնակվել են ներքին եւ արտաքին մարտահրավերները: Պատգամավորը համոզված է, որ գործընթացների նման զարգացումն ամենաքիչը ձեռնտու էր Սերժ Սարգսյանին. «Սա ձեռնտու չէր հենց Սերժ Սարգսյանին, որովհետեւ ժողովրդի նկատմամբ բռնություններ կիրառելու պարագայում նա կարող է որոշակի պարտավորություններ ստանձնել վարչապետի նշանակման հետ կապված, եւ երկրորդը` Կոսովոյի գործընթացի հետ կապված ԼՂ հիմնախնդրի հնարավոր հայանպաստ լուծումների առումներով գործող վարչապետը կարող է դառնալ խոցելի: Երկու տեսանկյունից բոլորովին ձեռնտու չէր Սերժ Սարգսյանի համար նման սցենարի իրականացումը»:

Մարտի դեպքերից հետո, Վիկտոր Դալլաքյանի համոզմամբ, երկրում ստեղծվել է քաղաքական նոր իրավիճակ, ինչի հետ հաշվի չնստելը անթույլատրելի է եւ վտանգավոր: Կա ներքաղաքական լարվածության հանգուցալուծման երկու տարբերակ` ռեպրեսիվ, այսինքն` բռնապետական եւ քաղաքական ճանապարհ: 8 կետերից բաղկացած պատգամավորի առաջարկությունն իրավիճակը հենց քաղաքական ճանապարհով լուծելու տարբերակ է, որն արդեն ներկայացվել է Ազգային ժողովում եւ որին արձագանքողներ եղել են: Վ. Դալլաքյանը նշեց, որ, իր տպավորությամբ, քաղաքական ուժերի համար իր առաջարկներն ընդհանուր առմամբ քննարկելի են:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետագա անելիքների վերաբերյալ Վիկտոր Դալլաքյանը նշեց իր պատկերացումները. «Իմ կարծիքով, Քոչարյանը կարող է գնալ Գերմանիայի նախկին կանցլեր Շրյոդերի ճանապարհով: Կարող է լինել հետեւյալը, որ հայ-ռուս-իրանական որեւէ կառույց ստեղծվի` պետական բաժնեմասով, էներգետիկ բնույթի, օրինակ, եւ նա կարող է լինել այդ կառույցի ղեկավարը: Սա, ի դեպ, հզոր տնտեսական լծակ է, եւ ես ինչու շեշտեցի պետական մասով, այսինքն` Հայաստան, Ռուսաստան, Իրան պետական երաշխիքներ ունենալով: Այսինքն, իմ կարծիքով, նա կգնա այս ճանապարհով, միգուցե ես սխալվում եմ: Իսկ պետական աշխատանքի վերադարձ, ես կարծում եմ, որ երկրի նախագահի համար պետական որեւէ աշխատանքի վերադառնալը, բացի նախագահի պաշտոնը ստանձնելը, համենայն դեպս, այնքան էլ պատվաբեր չէ»:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4