«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2008-03-22 | #56, 2008-03-25 | #57, 2008-03-26


ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԸ ԿԸՆԴԼԱՅՆԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մարտի 18-ին Վանաձոր էր ժամանել ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը: Այցի նպատակը գործնական էր. «Վանաձոր-քիմպրոմ» ՓԲԸ-ում քննարկել քիմիական եւ հանքարդյունաբերության ոլորտներում կլաստերների ստեղծման եւ այլ հարցեր:

Կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էին նաեւ «Լազերային տեխնիկայի ինստիտուտ», բյուրեղների աճեցմամբ եւ մշակմամբ զբաղվող BCG ընկերության «Սապֆիր», «Անօրգանական քիմիայի ինստիտուտ», «Արեւ» ՓԲԸ-ների տնօրենները, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանիՙ քիմիական տեխնոլոգիաների եւ բնապահպանական ճարտարագիտության դեպարտամենտի վարիչ Արտաշես Թադեւոսյանը, «Վանաձոր-քիմպրոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովը, Լոռու մարզպետիՙ արդյունաբերության, էներգետիկայի, գազամատակարարման եւ կապի գծով խորհրդական Լեւոն Ասլանյանը, ուրիշներ:

Նախարարը նշեց, որ սա իրենց երկրորդ հանդիպումն է, որը միտված է քննարկելու կլաստերների ստեղծման եւ Վանաձորի քիմիական գործարանի առաջադրած հարցերը: «Վանաձոր-քիմպրոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ա. Սնեգիրյովն ասաց, որ այսօր ողջ աշխարհում լեյկոսապֆիրի մեծ պահանջարկ կա, որը տարեցտարի աճում է:

- Լեյկոսապֆիրն օգտագործվում է համակարգչային տեխնոլոգիաներում, գովազդային վահանակներ, լամպեր, էլեկտրոնային չիպեր պատրաստելիս: Դրա կիրառման ոլորտը բավականին լայն է,- ասաց նա: Ըստ Ա. Սնեգիրյովիՙ բյուրեղների ստացման եւ մշակման գործընթացը մի շղթա է, որի առաջին օղակը կազմում է հումքից ալյումինաամոնիակային շբի ստացումը, ապա հերթականությամբ իրար են հաջորդում շափյուղայի (սապֆիրի) բեկոտվածքի ստացումը, բյուրեղի աճեցումը եւ այլն:

- Այսօր Հայաստանում կա այս շղթայի միայն միջին օղակըՙ փոշու մշակումը բեկոտվածքի եւ բյուրեղի աճեցումը: Այսինքն, բացակայում է սկիզբը, իսկ վերջը գրեթե չկա: Մեր հիմնական խնդիրն է հումք ստանալ, որը մենք չունենք: Կորունդի արտադրության համար անհրաժեշտ ալյումինի փոշին, օրինակ, գնում ենք Չինաստանից, Սլովակիայից, Չեխիայից եւ այլ երկրներից: Մենք պետք է մտածենք կլաստերներ ստեղծելու այս ուղղությամբ եւ համագործակցելու մասին,- ասաց նա:

Ա. Սնեգիրյովի խոսքերովՙ Վանաձորի քիմգործարանը չունի տեխնիկայի, սարքավորումների հետ կապված որեւէ խնդիր: Անհանգստացնող միակ հարցը տեղական հումքի բացակայությունն է: Խոսելով Ա. Սնեգիրյովի առաջադրած հարցի մասին, Ն. Երիցյանն ասաց, որ ՀՀ կառավարության ռազմավարական ծրագրում որպես առաջնահերթ ուշադրություն պահանջող արդյունաբերության ճյուղեր, նախանշված են քիմիական եւ հանքարդյունաբերությունը:

Ն. Երիցյանը նշեց, որ 21-րդ դարի կլաստերները մեծ օղակներ ենՙ բաղկացած հետազոտություն-ինտելեկտուալ սեփականություն-կոմերցիոնալիզացիա-արտադրություն-շուկաներ շղթայից: Ըստ նախարարի` շղթայի կարեւոր եւ հիմնական օղակը շուկաներն են:

Վերջում զրուցեցինք նաեւ «Սապֆիր» ՓԲԸ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի հետՙ իմանալու նրա կարծիքը «Վանաձոր-քիմպրոմի» ներուժի եւ տեղական հումք ստանալու հարցերի վերաբերյալ:

- Մեր ձեռնարկությունը համագործակցում է «Վանաձոր-քիմպրոմ» ՓԲԸ-ի հետ: Պետք է ասել, որ այստեղ կան մեծ ծավալի շափյուղա արտադրելու բոլոր նախադրյալները: Այստեղ կան ամեն տեսակի սարքավորումներ, ձեռնարկությունն ունի հսկայական հզորության այնպիսի սարքավորումներ, որոնք առկա են շափյուղա արտադրող համաշխարհային տերություններում: Հիմնական խնդիրը հումք ստանալու մեջ է: Ես կարծում եմ, որ այն կլուծվի, որովհետեւ ձեռնարկության ղեկավարությունը վճռական է տրամադրված,- համոզմունք հայտնեց Վ.Պողոսյանը:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4