«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2008-03-22 | #56, 2008-03-25 | #57, 2008-03-26


ԹԱՏՐՈՆԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ «ԱՐՏԱՎԱԶԴ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը երեկ տեղեկացրեց, որ նոր թատերաբեմի բացմանը հանդիսատեսին է ներկայացվելու Վիլյամ Սարոյանի «Չեմ խոստանում ծիծաղել» ստեղծագործությունը` Արմեն Էլբակյանի բեմադրությամբ: «Մոսկվա» կինոթատրոնում կիրականացվի «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը. «Այս տարվա մրցանակաբաշխությունը շատ յուրահատուկ է լինելու. տարբերվելու է նախորդ տարիների կանոնակարգից: Մինչեւ ծրարի բացելը ոչ ոք` նույնիսկ հանձնաժողովի անդամները չեն իմանալու` որ անվանակարգում ով է հաղթել: Հանձնաժողովը` ըստ կանոնակարգի, նիստ չի գումարի. յուրաքանչյուրը քննարկելու է առանձին, փակ ծրարը հանձնվելու է` մրցանակը համակարգող քարտուղարին: Նա միակ մարդն է լինելու, ով իմանալու է` ով ինչ է ստացել մեկ ժամ առաջ: Սրանով իսկ փորձել ենք մաքսիմալ օբյեկտիվություն ապահովել»:

Մրցանակաբաշխությունը լինելու է 13 անվանակարգում` յուրաքանչյուրում 9-10 անուն: Անվանակարգերը իրենց մեջ ներառում ենՙ լավագույն դերասան, դերասանուհի, երկրորդ պլանի լավագույն դերասան, երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, լավագույն ռեժիսուրա, լավագույն ներկայացում, լավագույն սցենար, լավագույն պիես, լավագույն երիտասարդ բեմադրիչ: Մրցանակը առաջադրելու են թատրոնները: Գնահատվելու են այն աշխատանքները, որոնք ստեղծվել են անցած տարվա մարտի մեկից մինչեւ այս տարվա մարտի մեկն ընկած ժամանակահատվածը: Հակոբ Ղազանչյանը նշեց նաեւ, որ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը կայանալու է բացառապես մարտի 27-ին. «Սա այլ առիթներով չի տրվելու: Կտրվի ոսկե մեդալը, որի որոշումն ընդունելու է քարտուղարությունը»:

Սեպտեմբեր ամսին Երեւանում լինելու է շեքսպիրյան մեծ փառատոն. «Կլինեն աշխարհահռչակ շեքսպիրագետներ: Չեխովի թատրոնի նախագահ Շաբլինը խոստացավ, որ հոգալու է դասախոսությունների եւ մյուս միջոցառումների ծախսերը: Գրատովսկու ինստիտուտն է ժամանելու, որոնք մեծ ուրախությամբ համաձայնվել են համագործակցել մեզ հետ»:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4