«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2008-03-25 | #57, 2008-03-26 | #58, 2008-03-27


ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԻՐ ՏԻՏՂՈՍԻ 7-ՐԴ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ

Ինչպես հայտնի է, մարտի 29-ին Գերմանիայի Կիլ քաղաքում IBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի ներկայիս չեմպիոն, 28-ամյա Արթուր Աբրահամը տիտղոսը պաշտպանելու համար 7-րդ անգամ ռինգ դուրս կգաՙ մենամարտելու ամերիկացի 27-ամյա բռնցքամարտիկ Էլվին Այալայի հետ:

Երկու բռնցքամարտիկներն էլ արդեն գտնվում են Կիլում եւ մարզասերների համար բաց մարզում են անցկացրել: Թե՛ Աբրահամը, թե՛ Այալան լավատես են եւ հուսով են, որ հաղթելու են: Արթուր Աբրահամը հայտարարել է, որ գերազանց մարզավիճակում է եւ պատրաստվում է յոթերորդ անգամ հաջողությամբ պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Այալան էլ հույս ունի, որ կհաղթի, նշելով, թե ինքը համառորեն մարզվում է եւ անհամբերությամբ է սպասում ռինգ դուրս գալուն:

Մարզասերները տեղյակ են, որ Արթուր Աբրահամը պրոֆեսիոնալ ռինգում առայժմ անպարտելի է: Նա շահել է բոլոր 25 մենամարտերը, որոնցից 20-ըՙ նոկաուտով: Արթուրի հաջորդ մենամարտը նախատեսված է Նյու Յորքի հանրահայտ «Մեդիսոն Սկվեր Գարդեն» մարզասրահում այս տարվա հունիսի 7-ին: Ճիշտ է, առայժմ նրա մրցակիցն անհայտ է:

Ամերիկացի բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում 21 մենամարտ է անցկացրել: Դրանցից 18-ը նա ավարտել է հաղթանակով (8-ըՙ նոկաուտով), 2-ում պարտվել է, մեկ մենամարտ էլ ավարտել է ոչ-ոքի:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4