«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2008-03-25 | #57, 2008-03-26 | #58, 2008-03-27


ԱՐՈՆՅԱՆԸ ՄՈՏ Է ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ

Շախմատի «Ամբեր» մրցաշարի միանձնյա առաջատար Լեւոն Արոնյանը պարզապես հիացնում է իր խաղով: 9-րդ տուրում նա իր շախմատային տաղանդի երկրպագուներին նոր ուրախություն պատճառեցՙ երկու պարտիաներում էլ համոզիչ հաղթանակներ տոնելով ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզեւիչի նկատմամբ: «Կույր» շախմատի պարտիայում հայ շախմատիստը սեւերով 49-րդ քայլում առավելության հասավ մրցակցի նկատմամբ: Արագ շախմատի պարտիան էլ բավական երկարատեւ էր: 59-րդ քայլում Մորոզեւիչը անձնատուր եղավ:

Այս հաղթանակների շնորհիվ Արոնյանը էլ ավելի ամրապնդեց առաջատարի դիրքը: 9 տուրից հետո նա վաստակել է 12,5 միավոր եւ մրցաշարի ավարտից 2 տուր առաջ արդեն 2,5 միավորով առաջ է անցել մոտակա հետապնդողներիցՙ Վլադիմիր Կրամնիկից, Պետեր Լեկոյից եւ Մագնուս Կառլսենից: Այնպես որ, վստահորեն կարելի է նշել, որ Արոնյանը կդառնա մրցաշարի հաղթող: Միայն հրաշքը կարող է նրան խանգարել առաջին տեղը չգրավելուն: Վերջին երկու տուրերում Արոնյանը մրցելու է Կրամնիկի եւ Լեկոյի հետ:

9-րդ տուրում ուշադրության կենտրոնում էր նաեւ Կրամնիկի եւ Կառլսենի մրցավեճը: «Կույր» շախմատում Կրամնիկը հաղթեց նորվեգացուն, իսկ արագում գրանցվեց ոչ-ոքի: Լեկո-Կարյակին մրցախաղի երկու պարտիաներն էլ ավարտվեցին ոչ-ոքի: Իսկ ահա Անանդը Իվանչուկի հետ պարտիայում միայն կես միավոր վաստակեց: Թոփալովի եւ Գելֆանդի մրցախաղում էլ երկու պարտիաներում էլ մրցակիցները հաշտություն կնքեցին: Վան Վելին 1,5-0,5 հաշվով պարտության մատնեց Մամեդյարովին:

«Կույր» շախմատի մրցաշարում Լեւոն Արոնյանը Կրամնիկի եւ Մորոզեւիչի հետ 5,5-ական միավորով գլխավորում է աղյուսակը: Նրանց կեսական միավորով են զիջում Թոփալովը, Լեկոն ու Կառլսենը: Իսկ արագ շախմատի մրցաշարում Արոնյանն իր հավասարը չունի: Նա վաստակել է 7 միավոր եւ 2-ով առաջ անցել մոտակա հետապնդողներ Իվանչուկից ու Լեկոյից:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4