Բուշը Վաշինգտոն է հրավիրել Բարզանիին
ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնին իր մերձավորարեւելյան շրջայցն ավարտեց Թուրքիայում, որտեղ գտնվում էր երկուշաբթի եւ երեքշաբթի օրերին: Անկարայում Չեյնին հավաստիացումներ արեց, որ իր երկիրը կշարունակի Թուրքիային հետախուզական տվյալներ մատակարարել քրդական PKK-ի ապստամբների դեմ պայքարելու համար:
Դրանից ընդամենը մեկ շաբաթ առաջ Չեյնին Իրաքում` ինքնավար Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում վերահաստատել էր Սպիտակ տան աջակցությունն ինքնավար Քրդստանի կառավարությանը:
Թուրքական բանակի Հյուսիսային Իրաք կատարած ներխուժումից մեկ ամիս հետո արված այդ հայտարարությունը թուրքերի եւ քրդերի նկատմամբ հավասարակշիռ դիվանագիտություն վարելու փորձ բնութագրելով` «Ֆիգարո» թերթը գրում է, որ տվյալ դիվանագիտությունն այնուամենայնիվ վարվում է ի հաշիվ քրդերի:
Ինքնավար Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիի գլխավոր քարտուղար Ֆուադ Հուսեյնը «Ֆիգարոյի» թղթակցին հայտնել է, որ Չեյնին նախագահ Ջորջ Բուշի հրավերն է փոխանցել Բարզանիին: Ֆուադ Հուսեյնը «շատ լավ» է գնահատել քուրդ-ամերիկյան ռազմավարական հարաբերությունները:
Իրականում Բուշի հրավերը Իրաքը մասնատելու եւ երկրի հյուսիսում ամերիկամետ քրդական պետություն ստեղծելու ԱՄՆ ծրագրի բաղկացուցիչ մասն է: Սադդամ Հուսեյնի վարչակարգի տապալումից 5 տարի անց քրդերն Իրաքում մնում են ամերիկացիների գլխավոր գործընկերները: ԱՄՆ-ի հովանու ներքո քրդաբնակ շրջանների կառավարությունը դարձել է Բաղդադից գրեթե անկախ: «Ֆիգարոյի» տվյալներով, ինքնավար Քրդստանը ներկայումս Վաշինգտոնի հետ բանակցում է Իրաքի հյուսիսում ամերիկյան ռազմակայանի կառուցման հնարավորությունների շուրջը: Իրաքից իր զորքերի դուրսբերման դեպքում ԱՄՆ-ը կզգա իր քուրդ դաշնակիցների կարիքը:
Սակայն Վաշինգտոն-Անկարա դաշինքը հիշեցնում է քրդական սաղմնային պետության թուլությունը, որին հյուսիսից սպառնում է թուրքական բանակը, իսկ հարավից (ամերիկյան զորքի դուրսբերման դեպքում)` սուննիների եւ շիաների կատաղի բախումները:
Եվրոպացի դիվանագետներից մեկը նշում է. «Իրաքցի քրդերը գիտեն, որ ամերիկացիները կարող են լքել իրենց, թեեւ այժմ զգում են Իրաքում կայունացնող դեր կատարող քրդերի կարիքը»:
Բայց քրդաբնակ տարածքները հարուստ են նավթով, որը քրդերի հաղթաթուղթն է: «Աներեւակայելի է, որ ԱՄՆ-ը հեռանա Իրաքից, քանզի մեծ զոհողությունների են դիմել հանուն իրաքյան նավթի», ասում է քուրդ գրող Ֆերհանդ Փիրբալը: Նրա կարծիքով, եթե ԱՄՆ-ը փորձում է լուծել PKK-ի խնդիրը, պատճառն այն է, որ շահեր ունի քրդական տարածքներում:
Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ