Փոլ Կալինյանի փորձառությունը
«1964-ին, Ֆրեզնո տեղափոխվելուց հետո, մեջս մեծ տենչանք կար ծանոթանալու Վիլյամ Սարոյանի հետ: Իբրեւ լուսանկարիչ ցանկանում էի մոտիկից ճանաչել մեր հռչակավոր հայորդուն, նկարել նրա հանճարեղ դեմքըՙ բնական զգացումներով: Սակայն այնպես էր թվում, թե Սարոյանը լուսանկարչական ապարատի առջեւ դիրք ընդունելուն դեմ է: Սարոյանին գտնելու բազմաթիվ ապարդյուն փորձերից հետո, վերջապես առիթ ստեղծվեց նրան հանդիպելուՙ 12 տարի նրան հետապնդելուց հետո: Սարոյանին նկարելու կարելիութեան մասին մի օր զրուցում էի բարեկամիսՙ քանդակագործ Վարազ Սամվելյանի հետ: Քանի որ նա Սարոյանի բարեկամն էր, գաղափար հղացա լուսանկարչական գործիքներս տեղավորել վերջինիս արվեստանոցում այն ակնկալությամբ, թե այդպես կհաջողեի նկարել Սարոյանին: Ուրախացա, երբ Վարազը հավանություն տվեց այդ գաղափարին:
1976-ի մարտի 26-ը հիշատակելի օր էր, որովհետեւ այդ օրը Վարազը հեռաձայնեց ինձ ասելու, որ Սարոյանը Ֆրեզնոյում է ու հավանաբար կայցելի իրեն: Անմիջապես գնացի Վարազի արվեստանոց, որը գտնվում էր Ֆրեզնոյի կենտրոնում, եւ արագ տեղավորեցի լուսանկարչական գործիքներս:
Մի քանի ժամ անց Սարոյանը հասավ հեծանիվով: Անավարտ քանդակների հետեւում կանգնած ուշադրությամբ զննում էին նրան, բավականին հուզված ու սպասողական վիճակում: Մինչ Սարոյանն ու Վարազը հայկական ոճով բարձրաձայն ողջագուրվում էին ու ջերմորեն համբուրվում, ես կանգնել էի նրանցից քիչ հեռու: Սարոյանն ինձ նկատեց, բայց ուշադրություն չդարձրեց վրաս:
Առանց ժամանակ կորցնելու, ձեռքս երկարեցի եւ անգլերեն խոսելով ներկայացա որպես լուսանկարիչ: Հետո խնդրեցի, որ թույլ տա իրեն լուսանկարել:
- Կորսվե՛ ... - ասաց Սարոյանը:
- Բայց պրն. Սարոյան, ես...
Փորձեցի բացատրել, սակայն ձայնս խեղդվեց իր դղրդալից պատասխանի մեջ:
- Ո՛չ ըսի, ականջդ ծա՞նր է, ի՞նչ է... Ո՛րեւէ նկար չեմ ուզեր, - բղավեց Սարոյանը:
- Բայց ինչո՞ւ , - հարցրեցի մեղմ ձայնով:
Աչքերիս մեջ շիտակ նայելով պատասխանեց.
- Չե՛մ ուզեր, որ նկարս քաշես... մոռցի՛ր: Հետո Վարազին դառնալով ասաց - Ո՞վ է աս մարդը: Ինչո՞ւ ա՛յսքան կը պնդե:
- Վիլի, Փոլը ընկերս է եւ լա՛վ լուսանկարիչ է, - ասաց Վարազը:
Մի պահ Սարոյանի ուշադրությունը շեղվեց Վարազի արվեստի զանազան գործերի վրա: Գլխով նշան արեցի Վարազին ու ցածր ձայնով փսփսացի ականջին.
- Վարազ... լաւ մտիկ ըրե... զինքը առաջնորդե դեպի արվեստանոցդ, ուր իմ գործիքներս տեղավորած եմ:
- Օքեյ... օքեյ... - ասաց Վարազը:
Կես ժամ հետո, երկուսով արվեստանոց մտան: Սարոյանն անմիջապես նկատեց ինձ, երբ լույսերն էի փորձում: Տհաճության եւ անհանգստության արտահայտություն երեւաց դեմքին:
- Դուն նկա՞րս կը քաշես,- բացականչեց Սարոյանը:
- Ո՛չ, պրն Սարոյան, լույսերս կը փորձեմ: Գործիքիս մեջ ֆիլմ նույնիսկ չկա:
Ավելի մոտեցավ ու խնդրեց, որ լուսանկարչական ապարատս բանամ: Երբ բացեցի ու ցույց տվեցի պարապ ֆիլմակալը, վերջապես հանգստացավ ու նստեց սնդուկանման մի սեղանի վրա, որի ճիշտ առջեւը դրված էին գործիքներս: Առանց նրան ասելու, նախապես լցրել էի ֆիլմակալս եւ արագորեն կպցրեցի գործիքիս: Ինչքան ժամանակն անցնում էր, այնքան վստահելի էի դառնում Սարոյանի համար: Սկսեց հետաքրքրվել ինձնով, խնդրեց, որ հայերեն խոսեմ ու պատմեմ ծննդավայրիս` Լիբանանի հայերի մասին: Հայերեն առինքնող ջերմ զրույցի ընթացքում բազմաթիվ գաղտնի լուսանկարներ արեցի:
Հետո Սարոյանը խնդրեց, որ հայկական մի հին երգ երգեմ` Կիլիկիան: Այս երգը միասին երգելով ավելի հուզվեցինք: Նրա համար դժվար էր զսպել աչքերի մեջ լցվող արցունքները:
- Քեզ հավնեցա, Փոլ,- ասաց Սարոյանը, - հիմա ուզածիդ չափ կրնաս նկարս քաշել: Նախքան այդ ազնվությունն արտահայտելն արդեն բավականին լուսանկարել էի նրանՙ առանց իր ուշադրությունը գրավելու:
Երկու շաբաթ անց Սարոյանը արհեստանոցս եկավ հեծանիվով: Պատից կախված իր դիմանկարներից մեկին նայելով, ասաց.
- Դեմքս այդպիսի արտահայտութեան մեջ երբեք չեմ տեսած...
Բարձրաձայն խնդաց, հետո գրպանից հանեց իր գրքերից մեկըՙ «Մի՛ գնա, բայց եթե գնում ես, բարեւիր բոլորին» վերնագրով ու մակագրեց «Փոլ Կալինյանին` մեծ լուսանկարիչ - արվեստագետին համար: Անկեղծորեն, Ուիլիըմ Սարոյան, Ֆրեզնո, 8 ապրիլ, 1976»: Գիրքը տվեց ինձ, նստեց հեծանիվն ու գնաց:
Մեր բարեկամությունը արմատացավ ու շուտով մտերմացանք:
Այնուհետեւ բազմաթիվ հանդիպումներ ունեցանք աշխատանոցիս մեջ: Հիշատակելի էին մեր անցկացրած պահերը, երբ միասին թեյ էինք խմում եւ հայերի մասին զրուցում: 12 տարի նրան հետապնդելուց հետո, մեր բարեկամությունը տեւեց 5 տարի, մինչեւ Սարոյանի մահըՙ 1981: «Շնորհակալ եմ, Վարազ, որ զիս ծանոթացուցիր Ուիլիըմ Սարոյանին», գրել է «Վիլյամ Սարոյան. Գրողը, Մարդը» վավերագրական ֆիլմի հեղինակ Փոլ Կալինյանը:
Սարոյանի հետ նրա առաջին հանդիպման ժամանակ որեւէ մեկի մտքով չի անցել, որ տարիներ անց նա կստեղծի Սարոյանի կյանքին ու գործին նվիրված մեկժամանոց վավերագրական ֆիլմ, որն իր հերթին կարժանանա բազում մրցանակների: Ոչ ոք չի պատկերացրել, որ 15 տարի անց Սարոյանի այդ լուսանկարները կհայտնվեն Մ.Նահանգներում ու ԽՍՀՄ-ում նրա հիշատակին հրատարակված ալբոմներում, գրքերում, դրոշմանիշների վրա:
Իր հաստատամտությամբ ու համառությամբ Կալինյանը շահում է Սարոյանի վստահությունը եւ երկար տարիներ լուսանկարչական ապարատը ձեռքից վայր չդնելով հետեւում է նրան, իմաստուն ու ջինջ նրա կերպարանքը դրոշմելով կինոժապավենի վրա:
Սարոյանի մահվանից հետո այդ դիմանկարների ու նկարահանումների մասին գրվում է աշխարհի տարբեր լրագրերում, պարբերականներում: Մարդիկ ամենուրեք հետաքրքրվում են դրանցով: Կալինյանը պատրաստում է 10 վայրկենանոց սլայդների ցուցադրությունՙ «Ինչպես նկարեցի Սարոյանին» վերնագրով: Յուրաքանչյուր ցուցադրությունից հետո նա ավելի է խանդավառվում եւ որոշում է Սարոյանի 12 վայրկյանանոց մենախոսությանն ավելացնել «Ֆրեզնոյում մեծանալը» խորագիրը:
Ստեղծագործական ութ տարիների ընթացքում դստերՙ կինոբեմադրիչ Սյուզի Կալինյանի հետ երջանիկ առիթներ է ունենում ավելի մոտիկից ճանաչելու Սարոյանի մարդկային նկարագիրը, կենսափիլիսոփայությունը, ձգտելով այդ ամենն անմահացնել ֆիլմում: Նրանք հավաքում են որոշ նյութեր նաեւ Հայաստանից, բազմաթիվ խոչընդոտներից հետո նրանց են հասնում հայրենիքում նկարահանված կադրերը: Ձգձգվող դժվարություններից հետո նրանց հաջողվում է 1991թ-ին ավարտել 1 ժամ տեւողությամբ «Վիլյամ Սարոյան. Մարդը, Գրողը» վերնագրով անգլերեն վավերագրական ֆիլմը ( հայերեն ենթագրերով):
Ֆիլմը պատմում է Սարոյանի կյանքի ու ստեղծագործության, նրա էության ու նկարագրի, փիլիսոփայության ու պատգամների մասին: Սարոյանն արտահայտում է իր սերը հայրենի երկրի հանդեպ, խոսում է հայկական մշակութային ժառանգության եւ իր ստեղծագործական կյանքի վրա դրա թողած ազդեցության մասինՙ իր խոսքում մերժելով դրամը, համբավն ու փառքը:
Մեծ գրողի կյանքի պատմությունը սկսվում է 1900-ականների Ֆրեզնոյից մինչեւ 1981թ: Առաջին կադրերում Սարոյանը խոսում է իր անցյալի մասին, իսկ հայազգի դերասան Մայքլ Քանըրզը պատմում է Սարոյանի 60-ամյա գրական վաստակի մասին, ներկայացնելով նրա ձայնագրությունները, հարցազրույցները, գրական գործերն ու Կալինյանի լուսանկարները: Առաջին պլան է մղվում Ֆրեզնո քաղաքն իր անցյալով ու ներկայով, Սարոյանի արտահայտած մտքերով, գրքերով, անձնական իրերով, լուսանկարներով, Հայաստան կատարած այցերով: Ֆիլմի վերջում Սարոյանը խոսում է հայերեն: Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 1991-ի ապրիլի 13-ին Ֆրեզնոյում, Սարոյանի թատրոնում: Դրանից հետո ցուցադրվել է 22 երկրում, արժանանալով 6 մրցանակի:
Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ