Ըստ ԵԱՀԿ ՄԽ «բլբուլ» Բրայզայի, ԼՂ կարգավիճակը չքննարկելը անիմաստ է դարձնում բանակցությունները
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելությունը տարիների պատմություն ունի, որ կարծես թե կարող է դառնալ պատմություն ոչ թե հարցի վերջնական կարգավորման, այլ բանակցությունների այդ ձեւաչափից Ադրբեջանի հրաժարվելու պատճառով:
Երբ Մադրիդում անցյալ տարվա նոյեմբերի վերջին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին փոխանցվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների, այսպես կոչված, թարմացված փաստաթուղթը, որ նաեւ ամբողջական ու պաշտոնապես էր ներկայացվում համանախագահող երկրների կողմից, միաժամանակ հույս հայտնվեց, թե այսպես հնարավորինս կմոտենանք ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի բազմիցս կրկնած` խաղաղության համաձայնագրի «պատը աղյուս առ աղյուս շարելուն»:
Բայց ժամանակն ավելի շուտ ցույց տվեց, որ փոխզիջման անպատրաստ Ադրբեջանը դրա փոխարեն այլ բաների է պատրաստ: Ավելի կոնկրետ, փաստացի անընդհատ ռազմատենչ հայտարարություններ անող ու գոնե ադրբեջանական հասարակությանը հուսադրող առաջնորդ Ալիեւ կրտսերը, բնականաբար քաջալերվելով այդօրինակ հայտարարությունների անհետեւանք լինելուց, բացարձակապես դեմ արտահայտվեց Ադրբեջանից դուրս Ղարաբաղի կարգավիճակի հարցում որեւէ զիջման:
Ավելին, Ադրբեջանի` Մինսկի խմբից հրաժարվելու նախաձեռնությունը եւս կարելի է դիտարկել նույն այդ ռազմատենչության համատեքստում, հատկապես որ ԵԱՀԿ ՄԽ շատախոս ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան փորձում է այլ բացատրություններ տալ: Մասնավորապես, ըստ «Ազերիպրես» ադրբեջանական գործակալությանը Բրայզայի տված հարցազրույցի, հիմնարար կոչվող սկզբունքներն, ըստ էության, իբր «Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը, ԼՂ-ից եւ շրջակա գրավյալ տարածքներից զորքի դուրսբերումն է, փախստականների վերադարձը, միջազգային խաղաղապահների տեղակայումը, Հայաստանի հետ միջանցքի ապահովումը, ԼՂ կարգավիճակի որոշումը»:
Ավելի հաճախ հայտարարող, իսկ հետո էլ սեփական խոսքերը թարգմանության խնդիր կամ սխալ մեկնաբանություն որակող Բրայզան բավականին յուրօրինակ բացատրություն է տվել Ադրբեջանի` Մինսկի խումբը ցրելու նախաձեռնությանը: Ըստ Բրայզայի, Ադրբեջանը Հայաստանի հետ Արցախը կապող միջանցքի սկզբունքը համարում է հայանպաստ, իսկ կարգավիճակի հարցին ընդհանրապես է դեմ: Ստացվում է, որ վաղուց կայացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է համաձայնի առաջին չորս կետերին այն դեպքում, երբ կարգավիճակի քննարկումը, ինչպես Ալիեւն էր արտահայտվել «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում, երբեւէ եւ որեւէ տեսքով չի ենթադրվում:
Այն, որ Մինսկի խումբը կարող է ցրվել, հավանականություն ձեռք կբերի, եթե պարզվի, որ Հայաստանն էլ նույն այդ բանակցային գործընթացում չի պատրաստվում արդեն կայացած պետությունը դիտարկել որպես Ադրբեջանի մաս, եւ երբեւէ այդպիսին չի եղել: Բացի այդ, եթե Ադրբեջանը արդեն իսկ մեծագույն զիջում է համարում Հայաստան-Ղարաբաղ միջանցքի առկայությունն ապահովելը, ապա հետաքրքրական է, թե ինչ զիջումների պատրաստակամության մասին կարող է խոսել հայկական կողմը:
Մյուս կողմից, Մինսկի խումբը ոչ Բրայզան է, ոչ Մերզլյակովը, ոչ էլ Ֆասիեն: Մինսկի խումբը պետություններ են, որոնց հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ կարող են այլ բնույթ ստանալ, եթե իրապես սկսվի այնպիսի գործընթաց, որ զրոյի կհավասարեցնի ՄԽ տարիներ տեւած գործունեությունը: Եվ եթե անգամ Բրայզան է հայտարարում, թե կարգավիճակի մասին բանակցելու ադրբեջանական կողմի ցանկության բացակայության դեպքում անիմաստ են բանակցությունները, ուրեմն իսկապես փակվել է «հնարավորությունների պատուհանը», այն էլ շրմփոցով եւ այն էլ Մինսկի խմբի երկրների երեսին: