«1000-ամյակի մարտահրավերները»` կախված նոր վարչակազմի վարքագծից
Թե Հայաստանում ի վերջո երբ եւ ով կնշանակվի Միացյալ Նահանգների դեսպան, ցայսօր պարզ չէ, ամեն դեպքում, չի առաջադրվել որեւէ թեկնածություն: Այս մասին երեկ Մամուլի ազգային ակումբում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը: Հայաստանի եւ ԱՄՆ հարաբերություններն ու կապերը ամուր որակելով` Փենինգտոնն, ըստ էության, սահմանափակեց զուտ դեսպանատանն ու ապագա դեսպանին առնչվող հայտարարությունները, քանի որ հայաստանյան լրատվամիջոցներին առավելապես հետաքրքրում էին Հայաստանի ներքաղաքական կյանքով եւ մարտյան իրադարձություններով պայմանավորված ամերիկյան մոտեցումներն ու գնահատականները:
Ամեն դեպքում, վերջին ամիսների իրադարձություններն, ըստ Փենինգտոնի, Վաշինգտոնին մտահոգության տեղիք են տվել, ինչն էլ քանիցս արտահայտվել է տարբեր առիթներով: Դա արտացոլվել է նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ղեկավարության կողմից Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակում, որում էլ հայտնվել է «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» ծրագրի հնարավոր սառեցման կամ դադարեցման մասին:
Փենինգտոնը նշեց, որ մտահոգություն կար արդեն իսկ մինչեւ մարտյան իրադարձությունները, մասնավորապես կապված ծրագրի այնպիսի ցուցանիշների հետ, ինչպիսիք են մամուլի ազատությունը, լավ կառավարումը, կառավարության գործունեության թափանցիկությունը, կոռուպցիան եւ այլն: Այստեղ ավելի կարեւոր է ընդգծել, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը հենվում է այն ենթադրության վրա, թե համագործակցող երկիրը կշարունակի ժողովրդավարության, շուկայական տնտեսության զարգացման ուղղությամբ առաջընթացը:
Ընդ որում, ըստ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի, նախագահ Քոչարյանին ուղղված` ծրագրի սառեցման կամ դադարեցման մասին նամակը բնավ էլ վախեցնելու կամ պատժելու միտում չուներ, այլ քաջալերելու Հայաստանի իշխանություններին վերադառնալ ժողովրդավարական զարգացումների ուղի: Ըստ Փենինգտոնի, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններում նկատելի է ժողովրդավարական գործընթացների վերադարձը ապահովելու պատրաստակամություն:
«Նամակում հստակ նշվում էր սառեցման հնարավորության մասին, բայց նման որոշում չի կայացվել: Արդարացի կլինի, եթե նոր վարչակազմին հնարավորություն տրվի շտկելու իրավիճակը: Եվ եթե նկատենք, որ բացասական միտումները շտկվում են, ապա դա ազդեցություն կունենա «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» ծրագրի վերաբերյալ մոտեցման վրա», պարզաբանեց դիվանագետը:
Ընդ որում, Ջոզեֆ Փենինգտոնը գտնում է, որ առկա բացասական միտումների կողքին կան նաեւ անհրաժեշտ համակարգային բարեփոխումներ, իսկ նոր նախագահի 100-օրյա պաշտոնավարման ընթացքում արդեն հնարավոր կլինի խոսել նոր վարչակազմի ինչպիսի ուղղությամբ գործելու մասին:
Մարտի սկզբի իրադարձություններում որեւէ այլ երկրի ուժերի հնարավոր մասնակցության կամ ներգրավվածության առնչությամբ ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարեց, որ ԱՄՆ-ը ժխտում է նման տեղեկությունները: Ավելին, որեւէ երկիր, ըստ Փենինգտոնի, դերակատար չի ունենալու նաեւ այդ իրադարձություններից հետո ի հայտ եկած խնդիրների լուծման գործում, ինչը Հայաստանի անելիքն է:
Ժամանակավոր հավատարմատարը եւս մեկ անգամ մտահոգություն հայտնեց մարտյան իրադարձություններին հետեւած ձերբակալությունների առնչությամբ, տարանջատելով գողությամբ, բռնություններով զբաղվածներին պատժի ենթարկելու եւ ուղղակի ցույցերին մասնակցածներին բաց թողնելու տեսակետները: Իսկ վերջին օրերին ուղղակի երեկոյան ժամերին տեղի ունեցած ձերբակալությունների առումով Փենինգտոնը տարակուսանք հայտնեց, թե այդ քայլերը իբր կարող են կառուցողական լինել:
Անդրադառնալով Ադրբեջանի` Մինսկի խմբից հրաժարվելու նախաձեռնությանը, Փենինգտոնը, առանց հարցի մեջ խորանալու ցանկության, ընդգծեց, որ Միացյալ Նահանգները մնում է խաղաղ գործընթացի կողմնակից` Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելությամբ:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ.Գ. Կարծես Ջոզեֆ Փենինգտոնը համաձայնել էր մեկժամյա ասուլիսի, բայց ցանկություն հայտնեց հեռանալու մոտ 20 րոպե շուտ... Թերեւս պատճառն այնպիսի հարցերն էին, որոնց ԱՄՆ գործերի հավատարմատարը որեւէ կերպ չէր ցանկանա անդրադառնալ ճիշտ այնպես, ինչպես չմեկնաբանեց «Հազարամյակի մարտահրավերների» կորպորացիայից ստացված նամակին Ռոբերտ Քոչարյանի արձագանքը: