«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2008-03-27 | #59, 2008-03-28 | #60, 2008-03-29


ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՄԱԿ-Ի ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ

Արտաքին գործերի նախարարությունից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Հայաստանի նախաձեռնությամբ երեկ Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւ (Resolution Prevention of genocide), որը ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգում երբեւէ ընդունված այդօրինակ առաջին բանաձեւն է:

ՄԱԿ-ում Հայաստանի նախաձեռնությունների շարունակությունը լինելով, այս բանաձեւը նպատակ ունի քննարկելու այդ կառույցում վաղ կանխարգելման խնդիրներով զբաղվող մեխանիզմների գործունեության ներդաշնակեցման, վաղ նախազգուշացման նշանների մշակման, ցեղասպանության կանխարգելման գործնական հարթության խնդիրներ:

Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ վերջին 60 տարիների ընթացքում ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու պատժման կոնվենցիայի ընդունումից ի վեր միջազգային հանրությունն արձանագրել է որոշակի առաջընթաց` կանխարգելման իրավական շրջանակների մշակման առումով, սակայն ներկայումս անհրաժեշտ է հղկել առկա սկզբունքներն ու կիրառել գործնական մեխանիզմներ: Այս ուղղությամբ Հայաստանը բանաձեւով առաջարկել է ՄԱԿ-ի համակարգում տարվա ընթացքում կազմակերպել քննարկում պետությունների, ՄԱԿ-ի մարմինների, քաղաքացիական հասարակության ու, մասնավորապես, գիտական շրջանակների մասնակցությամբ:

Բանաձեւի ընդունումը նաեւ խորհրդանշական է այն առումով, որ այս տարի լրանում է ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու պատժման միջազգային կոնվենցիայի 60-ամյակը: Հայաստանի առաջարկով ՄԱԿ-ի համակարգում կանցկացվեն հոբելյանական միջոցառումներ:

Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանին հրավիրվել եւ ելույթ է ունեցել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարիՙ ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ֆրենսիս Դենգը, որի հետ համագործակցությունը առանցքային են գնահատում ցեղասպանության կանխարգելման հարցերով մտահոգ երկրները: Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ ցեղասպանությունների կանխարգելումը եւ այս բանաձեւի ընդունումը վերստին ընդգծում են միջազգային հանրության բարոյական պատասխանատվությունը ցեղասպանությունների զոհերի հիշատակի առջեւ: Լայն աջակցություն վայելող այս բանաձեւը համահեղինակել են 58 պետություններ, որոնց թվում են Եվրոմիության բոլոր երկրները, Շվեյցարիան, Ավստրալիան, Արգենտինան, Բրազիլիան, Կանադան, Մեքսիկան, Նորվեգիան եւ այլն:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4