«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2008-03-27 | #59, 2008-03-28 | #60, 2008-03-29


ՄԻ ՖՈՏՈՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ.

Ո՞ւմ հեղինակային իրավունքներն են խախտվել

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Միսս եւ Միստր աշխարհ» մրցույթ-փառատոնի հեղինակ եւ հիմնադիր, «Միսս եւ Միստր» բարեգործական հիմնադրամի նախագահ Աշոտ Խաչատրյանը «Ազգ»-ին հաղորդագրություն է հղել, թե «3 միլիոն» ամսագիրը, կազմակերպելով 5-14 տարեկան երեխաների ֆոտոմրցույթ, խախտում է իր հեղինակային իրավունքները, քանի որ 3-17 տարեկան երեխաների գեղեցկության մրցույթ-ֆոտոփառատոնի անցկացման բացառիկ հեղինակային իրավունքը պատկանում է իրեն: Մատնանշելով մի քանի գերատեսչությունների կողմից իրեն տրված արտոնագրերը` Աշոտ Խաչատրյանը նշում է, թե խախտվել են մրցույթի նկատմամբ իր արտոնագրային, հեղինակային եւ հարակից իրավունքները: Նա նաեւ արդեն հայտարարություն է տվել ոստիկանությանը` ամսագրին մեղադրելով քրեական օրենսգրքի երեք հոդվածներով` վերը թվարկված երկու իրավունքների խախտման, ինչպես նաեւ ապրանքային, սպասարկման նշանները եւ ֆիրմային անվան ապօրինի օգտագործման մասով: Պնդելով, որ վերը նշված ֆոտոմրցույթի հեղինակային իրավունքներն իրեն են պատկանում, Աշոտ Խաչատրյանը հավելում է, որ ամսագիրը պարտավոր էր նման մրցույթ կազմակերպելուց առաջ իր հետ հեղինակային իրավունքի պայմանագիր կնքել:

Հեղինակային իրավունքի բարդ եւ նուրբ թեման մեզ բավական հեռու տարավ: Հեղինակային իրավունքի խախտումն առհասարակ զգայուն հանգամանք է, որովհետեւ որեւէ մրցույթի կամ մեկ այլ բանի նկատմամբ հեղինակային իրավունք ունենալը դեռեւս չի նշանակում, թե նման մրցույթ չի կարող կազմակերպել մեկ ուրիշը` հատկապես, երբ նախաձեռնության բաղադրիչները գրեթե տարբեր են: Օրինակ, մրցույթի տարիքային խմբերը, կազմակերպման ձեւն ու բովանդակությունը կարող են տարբերվել: Տարիքային խմբերի առանձնահատկությունից բացի` ուշադրություն հրավիրենք հետեւյալի վրա. Աշոտ Խաչատրյանի կազմակերպած ֆոտոմրցույթը կոչվում է «Միսս եւ Միստր աշխարհ ջունիոր», իսկ ամսագրի կազմակերպածը` «Միսս եւ Միստր 3 միլիոն»:

«Մենք ամսագրի էջերում կազմակերպել ենք երեխաների ֆոտոմրցույթ, որն աշխարհում ընդունված երեւույթ է եւ որի համար ինչ-որ իրավունք կամ թույլտվություն ստանալ պետք չէ: Այդ մրցույթի համար, բնականաբար, նախապես տվել ենք հայտարարություն, որից հետո ինձ զանգում է Աշոտ Խաչատրյանը եւ ասում, որ մենք իր հեղինակային իրավունքները խախտել ենք: Ասում ենք` ինչպե՞ս ենք խախտել, ասում է նման մրցույթներ Հայաստանում անցկացնելու իրավունք միայն ես ունեմ, դուք կազմակերպեք ոչ թե մինչեւ 17 տարեկանների միջեւ, այլ 17-ից բարձր տարիքի երեխաների միջեւ, որովհետեւ այդ տարիքային խմբի միջեւ մրցույթ անցկացնելու իրավունք միայն ինքն ունի:

Սա լրիվ աբսուրդ է, որովհետեւ մրցույթներ անցկացնելու գաղափարը, որքան էլ զարմանալի լինի, առաջինը չի առաջացել Աշոտ Խաչատրյանի փայլուն ուղեղում, այլ նրանից տասնյակ տարիներ առաջ մարդիկ մտածել եւ անցկացրել են նմանատիպ մրցույթներ», ասում է «3 միլիոն» ամսագրի գլխավոր խմբագիր Բաբկեն Թունյանը:

Գլխավոր խմբագիրը համոզված է, որ իրենք խախտած կլինեին Աշոտ Խաչատրյանի հեղինակային իրավունքը, եթե վերցնեին նրա մրցույթը եւ նույնությամբ կրկնօրինակեին, մինչդեռ այդպես չէ հենց, օրինակՙ այն պատճառով, որ իրենք այլ տարիքային խմբի երեխաների մրցույթ են կազմակերպում. «Ինչ վերաբերում է ֆիրմային անունն օգտագործելուն, նախ Միսս եւ Միստր անվանումը, որքանով գիտենք, գրանցված չէ Հայաստանում: Ինչ վերաբերում է սպասարկման նշաններին, մենք ասել ենք «Միսս եւ Միստր 3 միլիոն», ինչը ոչ մեկի սպասարկման անունը չի հանդիսանում: Այդ բառերի ստեղծման իրավունքն իրեն չի պատկանում, այդ բառերը ստեղծված են, բառարաններում կան, դրանց հեղինակային իրավունքը պատկանում է հնդեվրոպական ընտանիքին, ոչ թե Աշոտ Խաչատրյանին»:

Ի պատասխան Աշոտ Խաչատրյանի մեղադրանքին Բաբկեն Թունյանը հակադարձում է, որ Խաչատրյանի տարածած հաղորդագրությունում անհիմն մեղադրանքներ են ներկայացվել ամսագրի խմբագրությանը, ինչը դատարանի վճռով դեռ ապացուցված չէ, այսինքն` խախտվել է իրենց անմեղության կանխավարկածը, վնաս հասցվել հեղինակությանը:

Մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանը շեշտում է, որ Աշոտ Խաչատրյանի մեղադրանքի օբյեկտ հանդիսացած երեք կետերն էլ մտավոր սեփականության առանձին մասեր են: «Իրականում ես տեսա այդ ամսագիրը, եւ ոչ մի իրավունք խախտված չի, դա իմ մասնագիտական կարծիքն է: Աշոտ Խաչատրյանը մեր գործակալությունում գրանցել է երկու ապրանքային նշան: Նրա գրանցած պատկերի համար օրենքն ասում է, որ այդ տիպի նշանով մրցույթները կարող է անցկացնել միայն այս ընկերությունը, որի անվանումն է «Միսս եւ Միստր բարեգործական հիմնադրամ»: Այսինքն, այս ապրանքային սպասարկման նշանով ՀՀ-ում մրցույթներ կարող է կազմակերպել միայն նրա հիմնադրամը, բայց ոչ ոք չի կարող արգելել այսպիսի մրցույթների անցկացումը, եթե չի օգտագործվում նրա գրանցած ապրանքանշանը: Հեղինակային իրավունքը գաղափար է, որ կարելի է անցկացնել մրցույթ երեխաների միջեւ, բայց մրցույթ անցկացնելու գաղափարները հեղինակային իրավունքների օբյեկտ չեն: Եթե այդ գաղափարը մեկի մոտ է ծագել, ցանկացած մարդ կարող է օգտվել այդ գաղափարից, եթե նույնիսկ դա Աշոտ Խաչատրյանի գաղափարն է, եւ ոչ ոք չի կարող արգելել անցկացնել նման մրցույթ, եթե նրա գրանցած ապրանքանշանը չի օգտագործվում: Ուրիշ բան, եթե նրա հատուկ ձեւով, հատուկ սցենարով գաղափարը, որը ստեղծագործական մտքի արդյունք է, վերցնեին եւ նույնությամբ անեին, այդ դեպքում խախտված կլինեն նրա ստեղծագործական իրավունքները: Միսս եւ միստր բառերն ընդհանուր բառեր են, եթե ինքն իր գրանցման մեջ օգտագործել է, չի նշանակում, որ ուրիշները չեն կարող այդ բառերն օգտագործել», ներկայացրեց Արմեն Ազիզյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4