Հայ շախմատիստը երկրորդ մրցաշարը շահեց
Ինչպես գրել էինք, Լեւոն Արոնյանի տպավորիչ հաղթանակով ավարտվեց Ֆրանսիայի Նիցա քաղաքում անցկացված շախմատի «Ամբեր» մրցաշարը: Գերազանց խաղի շնորհիվ Լեւոնը դեռեւս մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ էր ապահովել հաղթողի կոչումըՙ մոտակա մրցակիցներից առաջ անցնելով 2,5 միավորով, ինչը նման բարձր կարգի մրցաշարերում հազվադեպ է պատահում: Ավարտական տուրում միավորների այդ տարբերությունը պահպանվեց: Արոնյանը Լեկոյի հետ մրցախաղում կարճատեւ պայքարից հետո բաժանեց միավորը: «Կույր» շախմատի պարտիայում ոչ-ոքի գրանցվեց 28-րդ քայլում, արագումՙ 26-րդ քայլում: Նույնպիսի սցենարով ընթացավ նաեւ Անանդ-վան Վելի մրցախաղը: Հետաքրքրական է, որ ավարտական տուրի բոլոր մրցախաղերում էլ գրանցվեց 1-1 հաշիվ: Ընդ որում Կարյակին-Կրամնիկ, Կառլսեն-Մորոզեւիչ մրցախաղերի 2 պարտիաներում էլ կողմերը հաշտություն կնքեցին, իսկ Գելֆանդ-Մամեդյարով, Իվանչուկ-Թոփալով մրցամարտերում մրցակիցներից յուրաքանչյուրը մեկական հաղթանակ տարավ:
Այսպիսով, մրցաշարի վերջնական արդյունքները հետեւյալն են. 1. Լեւոն Արոնյանՙ 14,5, 2-5. Վեսելին Թոփալով, Վլադիմիր Կրամնիկ, Պետեր Լեկո, Մագնուս Կառլսենՙ 12-ական, 6-8. Վիշվանաթան Անանդ, Ալեքսանդր Մորոզեւիչ, Վասիլի Իվանչուկՙ 11-ական, 9. Սերգեյ Կարյակինՙ 9,5, 10-12. Շահրիյար Մամեդյարով, Բորիս Գելֆանդ, Լյուկ վան Վելիՙ 9-ական: Լրացուցիչ գործակիցներով 2-րդ տեղը գրավել է Կրամնիկը, 3-րդըՙ Լեկոն: Իսկ ահա հասանելիք պարգեւավճարը հավասարապես բաժանվել է 2-5-րդ տեղերում գտնվող շախմատիստների միջեւ: Նշենք, որ մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 216 հազար եվրո էր:
Լեւոն Արոնյանը հատկապես գերազանց արդյունքի հասավ արագ շախմատի մրցաշարումՙ 11 հնարավորից վաստակելով 8 միավոր: Նա տոնեց 6 հաղթանակ, 4 պարտիա ավարտեց ոչ-ոքի, կրեց մեկ պարտություն (Գելֆանդից), որը միակն էր ողջ մրցաշարում: Արոնյանը դարձավ նաեւ արագ շախմատի մրցաշարի հաղթողՙ ընդհատելով այդ մրցաձեւում Անանդի հաղթարշավը, որը վերջին չորս տարիներին լավագույն արդյունքն էր ցույց տալիս: Արոնյանը 1,5 միավորով առաջ անցավ 2-րդ տեղը գրաված Իվանչուկից: «Կույր» շախմատի մրցաշարում Լեւոնը եւս վստահ հանդես եկավՙ 11 հնարավորից իր օգտին գրանցելով 6,5 միավոր: Սակայն այստեղ նա ստիպված էր հաղթողի դափնիները բաժանել Թոփալովի, Կրամնիկի եւ Մորոզեւիչի հետ: Լեւոնը տոնեց 2 հաղթանակ, մյուս պարտիաներն ավարտեց ոչ-ոքի:
Ընթացիկ մրցաշրջանում Արոնյանը 3-րդ խոշոր մրցաշարին մասնակցեց: Հիշեցնենք, որ նա հաղթող էր ճանաչվել Վեյք Ան Զեեի մրցաշարում (լրացուցիչ գործակիցների շնորհիվ գերազանցելով Մագնուս Կառլսենին), Լինարեսում 3-4-րդ տեղերն էր բաժանել Վեսելին Թոփալովի հետ: Այս արդյունքները վկայում են Լեւոնի շախմատային տաղանդի եւ մտավոր մեծ ունակությունների մասին:
Շուտով ՖԻԴԵ-ն կհրապարակի շախմատիստների դասակարգման նոր ցուցակը: Անշուշտ, Լեւոն Արոնյանի անհատական գործակիցը (2739) կաճի: Բացառված չէ, որ նրան հաջողվի գերազանցել իր իսկ ռեկորդային ցուցանիշը: Առայժմ ամենաբարձր անհատական գործակիցը Արոնյանն ունեցել է 2006-ի հուլիսի 1-ի դրությամբ (2761): Համեմատության համար նշենք, որ 2001-ի հունվարի 1-ի դրությամբ Լեւոնի անհատական վարկանիշը 2522 էր: 5 տարվա ընթացքում նրան հաջողվել է զգալի առաջընթաց արձանագրել եւ վարկանիշն ավելացնել ավելի քան 200-ով: Արոնյանն արդեն 3-րդ տարին էլիտար շախմատիստների թվում է, որոնց վարկանիշը 2700-ից բարձր է: Առաջին անգամ Լեւոնին հաջողվեց 2700-ի սահմանագիծը հատել 2005-ի հուլիսին (2724): Այդ ժամանակից ի վեր նրա վարկանիշը մշտապես 2700-ից բարձր է եղել: Օրինակ, անցած տարվա ապրիլի 1-ի դրությամբ, Արոնյանի վարկանիշը եղել է 2759: Դա երկրորդ արդյունքն է հայ շախմատիստի կենսագրությունում:
«Ամբեր» մրցաշարն անցկացվեց 17-րդ անգամ: Այն առաջին անգամ անցկացվել է 1992-ին, որում հաջողությունն ուղեկցել է ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկին: Ահա հաղթողների ցանկն ըստ տարիների:
1992 | Վասիլի Իվանչուկ |
1993 | Լյուբոմիր Լյուբոեւիչ |
1994 | Վիշվանաթան Անանդ |
1995 | Անատոլի Կարպով |
1996 | Վլադիմիր Կրամնիկ |
1997 | Վիշվանաթան Անանդ |
1998 | Ալեքսեյ Շիրով, Վլադիմիր Կրամնիկ |
1999 | Վլադիմիր Կրամնիկ |
2000 | Ալեքսեյ Շիրով |
2001 | Վլադիմիր Կրամնիկ, Վեսելին Թոփալով |
2002 | Ալեքսանդր Մորոզեւիչ |
2003 | Վիշվանաթան Անանդ |
2004 | Ալեքսանդր Մորոզեւիչ, Վլադիմիր Կրամնիկ |
2005 | Վիշվանաթան Անանդ |
2006 | Վիշվանաթան Անանդ, Ալեքսանդր Մորոզեւիչ |
2007 | Վլադիմիր Կրամնիկ |
2008 | Լեւոն Արոնյան |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ