«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2008-03-27 | #59, 2008-03-28 | #60, 2008-03-29


«ԱՐՔԱՆ» ՈՒ «ԱՌՅՈՒԾԸ»

Այսօր Գերմանիայի Կիլ քաղաքի «Շպարկասեն-արենա» մարզասրահում միջին քաշում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը 7-րդ անգամ կփորձի հաջողությամբ պաշտպանել ուժեղագույնի տիտղոսը, որն առաջին անգամ նվաճել էր 2005-ի դեկտեմբերի 10-ինՙ արդեն 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով նիգերիացի Կինգսլի Իկեկեին: Դրանից հետո հայ բռնցքամարտիկը 6 անգամ հաջողությամբ պաշտպանել է չեմպիոնական գոտին: Նրա բազմահազար երկրպագուները վստահ են, որ 7-րդ պաշտպանությունն էլ հաջող կլինի եւ Արթուրը կշարունակի անպարտելի մնալ պրոֆեսիոնալ ռինգում:

Արթուրին մարտահրավեր է նետել 27-ամյա ամերիկացի Էդվին Այալան, որը IBF-ի վարկանիշային ցուցակում ներկայում 15-րդ տեղում է: Վերջինիս համար առաջիկա մենամարտը կլինի ամենավճռորոշը նրա մարզական կարիերայում: Նա պրոֆեսիոնալ ռինգում 21 մենամարտերից 18-ում հաղթող է դուրս եկել:

Մենամարտից առաջ բռնցքամարտիկներն ավանդույթի համաձայն բաց մարզում են անցկացրել, միասին լուսանկարվել են եւ մամուլի ասուլիս են տվել: Երկուսն էլ չեն թաքցնում հաղթանակի հասնելու իրենց վստահությունը: Այդ հարցում առաջինը տոն տվեց ամերիկացին, նշելով. «Կիլ չեմ եկել քաղաքի տեսարժան վայրերով հիանալու: Ցանկանում եմ հաղթել եւ ինձ զգում եմ ինչպես առյուծը ջունգլիներում: Երբ սկսվում է կռիվը, գիտեմ, ինչ է հարկավոր անել: Շաբաթ օրն ի հայտ կգա նոր չեմպիոնը»:

Իր սանից հետ չի մնացել նաեւ մարզիչը. «Կարճատեւ բաց մարզման ընթացքում դուք ականատես եղաք Էդվինի ուժի միայն մի մասին: Նա եկել է այստեղ, որպեսզի չեմպիոնական գոտին տանի ԱՄՆ: Շաբաթ օրը նա իրեն լիովին կդրսեւորի եւ ցույց կտա, թե ինչի է ընդունակ»:

Արթուր Աբրահամը, որին իրավամբ ռինգի արքա են անվանում, մտադիր է միավորել չեմպիոնական տիտղոսները տարբեր վարկածներով: Ուստի նրան բնավ էլ չի վախեցնում մրցակցի հանդուգն հայտարարությունը. «Դիտել եմ ամերիկացու մի քանի մենամարտեր: Դատելով դրանցից, Այալան հաջորդ մենամարտերին նախապատրաստվելու հարցում ինձ համար լավ մրցակից կլինի: Այալան առաջինը չէ, որ փորձում է ինձ համոզել, թե ինքն է հաղթելու: Շաբաթ օրը նրան ցույց կտամ իր տեղը: Հիանալի մարզավիճակում եմ եւ պատրաստվում եմ հերթականՙ 7-րդ անընդմեջ հաղթանակը տոնելու»: Կարծում ենք, շատ դիպուկ է ասված եւ մեկնաբանության կարիք չի զգացվում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4