Հնդկաստանի Կալկաթա քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 114 մասնակիցների թվում է միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը: Մասնակիցների մեծ մասը հնդիկ շախմատիստներ են: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 10 տուրով:
Սմբատ Լպուտյանն իր վարկանիշով (2616) մասնակիցների մեջ 2-րդ ցուցանիշն ունի հնդիկ գրոսմայստեր Կրիշնան Սասիկիրանից հետո: 4 տուրից հետո Սմբատը 3,5 միավորով 3-5-րդ տեղերն է բաժանում հնդիկ շախմատիստ Չանդայի եւ բանգլադեշցի Ռահմանի հետ: Իսկ աղյուսակը 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում են չեխ Վիկտոր Լազնիչկան ու վիետնամցի Նգուեն Անխ Դունգը: Լպուտյանը երկու անընդմեջ հաղթանակներով մեկնարկեցՙ առավելության հասնելով հնդիկ շախմատիստներ Շանդրաշեխարի եւ Մոհոտայի նկատմամբ: 3-րդ տուրում հայ շախմատիստը միավորը կիսեց հնդիկ Բակրեի հետ, իսկ հաջորդ պարտիան շահեց մեկ այլ հնդիկ շախմատիստ Թեջկումարից:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ