«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2008-03-28 | #60, 2008-03-29 | #61, 2008-04-01


ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԸ ԵՐԲԵՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍ ՉԻ ԴԻՏԱՐԿՎԵԼ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրավերով Հայաստանի Հանրապետության գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ Արցախում էր: Ի թիվս այլ հանդիպումների, Ռ. Քոչարյանը հետկեսօրին հանդիպել է նաեւ ԼՂՀ կառավարության անդամների եւ խորհրդարանի մշտական հանձնաժողովների ղեկավարների հետ:

Կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Բակո Սահակյանը «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան է հանձնել ՀՀ նախագահին` շնորհակալություն հայտնելով նրան համատեղ աշխատանքի եւ Ղարաբաղի անվտանգության ու պաշտպանունակության գործում ունեցած մեծ ավանդի համար:

ԼՂՀ կառավարության եւ խորհրդարանի ղեկավարները նախ համառոտ տեղեկատվություններ են փոխանցել ՀՀ նախագահին Արցախում իրականացվող բարեփոխումների ընթացքի մասին, որից հետո Ռ. Քոչարյանը խոսել է այն առաջնահերթությունների մասին, որոնք այսօր օրակարգային են համարվում երիտասարդ հանրապետության համար:

ՀՀ նախագահը անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին, նշելով, որ դրանք լուրջ փորձություն էին երկրի համար: Նախագահի կարծիքով, մարտյան դեպքերը հուշում են, որ պետության հիմքերն ամրապնդելու կարիք կա, եւ հարկավոր է քրեական պատիժ սահմանել նույն ազգին տարբեր բանակների բաժանելու փորձերի համար:

Ռ. Քոչարյանն անդրադարձել է նաեւ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների ներկա վիճակին, նշելով, որ Կոսովոյի նախադեպը, ինչպես նաեւ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու փորձերը` բանակցությունները ԵԱՀԿ-ի մակարդակից տեղափոխելու Միավորված ազգերի կազմակերպություն, միանգամայն նոր իրավիճակ են ստեղծում, եւ Հայաստանը պետք է համապատասխան ձեւով արձագանքի դրան: Այսինքն` կա՛մ ճանաչի ԼՂՀ անկախությունը, կա՛մ էլ Ղարաբաղի հետ պայմանագիր կնքի ռազմական անվտանգության ապահովման վերաբերյալ: Այս ուղղությամբ, ըստ ՀՀ նախագահի, իր այցի ընթացքում քննարկումներ են եղել ԼՂՀ ղեկավարության հետ: Միաժամանակ նա տեղեկացրել է, որ ՀՀ խորհրդարանականները համագործակցության ծրագրի շրջանակներում առաջիկայում կայցելեն Արցախ եւ իրենց գործընկերներին կներկայացնեն համապատասխան առաջարկություններ:

Ռոբերտ Քոչարյանը գոհունակություն է հայտնել, որ իր ամեն մի հերթական այցի ժամանակ դրական փոփոխություններ է տեսնում Արցախում:

Հանդիպումից հետո ՀՀ նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին: Մասնավորապես այն հարցին, թե ինչով է զբաղվելու նախագահի լիազորությունները ցած դնելուց հետո, Ռ. Քոչարյանն ասել է, որ ինքը չի զարմանում այդ հարցին լրագրողների հետամուտ լինելուց, քանզի շատերը գիտեն, որ ինքն ընդհանրապես իր անելիքները նախօրոք պլանավորած է անում, բայց տվյալ դեպքում դեռեւս չի որոշել, թե ինչով է զբաղվելու հետագայում:

Երեւանում մարտի սկզբին տեղի ունեցած դեպքերն անդրադարձե՞լ են բանակցությունների ընթացքին: Ի պատասխան այս հարցի, ՀՀ նախագահն ասաց, որ չպիտի թույլ տալ, որպեսզի տպավորություն ձեւավորվի, թե Հայաստանը թուլացած է դուրս եկել այդ ցնցումներից: Ընդհակառակը, Հայաստանն ավելի է ուժեղացել: Իսկ, թե ինչ վիճակում են մնացել բանակցությունները, Ռ. Քոչարյանն ասաց, որ այս համատեքստում ամենակարեւորն այն է, որ անցած տարիներին բանակցությունների ժամանակ երբեք չի քննարկվել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լինելու հարցը:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4