Մարտի 28-ին Բաթումում բացվեց Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը, որի առնչությամբ խոսակցությունը ոչ այնքան կարճ պատմություն ունի, թեեւ ՀՀ հյուպատոսություն Բաթումում գործում էր անգամ 1918-20 թթ.-ին: Ինչպես տեղեկացնում է Հայ եկեղեցու վիրահայոց թեմի մամլո դիվանը, հյուպատոսության գործունեությունը ընդգրկում է Աջարիան, Գուրիայի, Իմերեթիայի շրջանները, Փոթի քաղաքը: ՀՀ ԱԳ նախարարի հրամանով հյուպատոս է նշանակվել Հակոբ Հաջի-Հակոբյանը:
Աջարիայի կառավարությունում հանդիպմանը հայկական կողմը ներկայացնում էին Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը, նորանշանակ հյուպատոս Հակոբ Հաջի-Հակոբյանը, վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Բաթումի Ս.Փրկիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Կիրակոս աբեղա Դավթյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայ-վրացական տնտեսական ասոցիացիայի համանախագահ Վլադիմիր Բադալյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրդը, Բաթումի հայ համայնքի ճանաչված գործիչ Արմեն Գեւորգյանը: Վրացական կողմը ներկայացնում էին Աջարիայի կառավարության ղեկավար Լեւան Վարշալոմիձեն, կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Լեւան Անթաձեն:
Հետաքրքրական է, որ Աջարիայի կառավարության ղեկավարի ներկայացմամբ, մոտ ժամանակներում Բաթումում կբացվի Աջարիայի ազգային փոքրամասնությունների համար նախատեսված մշակութային կենտրոն:
Բաթումի քաղաքապետ Ռոբերտ Չխեիձեի հետ հանդիպմանն էլ քննարկել են զբոսաշրջությանը, նպաստավոր ճանապարհներին, եղբայր քաղաքներ Բաթումի եւ Վանաձորի միջեւ հարաբերությունների զարգացման հարցեր:
Մարտի 29-ին հյուպատոսն ու պատվիրակության անդամները հանդիպել են Բաթումի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հաջորդ օրը մասնակցել քաղաքի Ս.Փրկիչ հայկական եկեղեցու բակում խաչքարի օրհնության կարգի արարողությանը:
Ա. Հ .