«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2008-03-28 | #60, 2008-03-29 | #61, 2008-04-01


ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՄԻՆՉԵՎ ՀԱՄԱՏԵՂ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ

Փոքր եւ միջին ձեռնարկատերերի հետ հանդիպման ժամանակ

Ինչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ հերթական հանդիպումն է ունեցել փոքր ու միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) ոլորտի գործարարների, նրանց շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների, միությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ շահագրգիռ նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարներ:

Նախորդ մարտի 15-ին տեղի ունեցած համանման հանդիպման ժամանակ վարչապետի տված հանձնարարականի կատարման կապակցությամբ, հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը զեկուցել է, որ ՓՄՁ-ի իրավական կարգավիճակի, հարկման եւ վարչարարական խնդիրների կարգավորման վերաբերյալ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատում կազմակերպվել է խորհրդակցություն ավելի քան 20 հասարակական կազմակերպությունների եւ միությունների, շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, ԱԺ պատգամավորների մասնակցությամբ: Քննարկումների ընթացքում խնդիրները դասակարգվել են չորս հիմնական խմբի` ա) հաշվապահական եւ հարկային հաշվառման խնդիրներ, բ) վարչարարական խնդիրներ, գ) փաստաթղթաշրջանառության խնդիրներ, դ) մանր արտադրողների հետ կապված խնդիրներ: Այդ հարցերով ֆինանսների եւ էկոնոմիկայի, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություններում ու հարկային պետական ծառայությունում տեղի ունեցած քննարկումներում կատարված առաջարկությունները երեկ ներկայացվել են վարչապետին:

Ըստ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, Սերժ Սարգսյանը շեշտել է, որ հետեւողական է լինելու ոլորտի առջեւ ծառացած խնդիրները համատեղ ուժերով լուծելու, ՓՄՁ-ի համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու գործում` խոստանալով շարունակել հանդիպումները այնքան ժամանակ, մինչեւ բոլոր խնդիրների լուծման վերաբերյալ համատեղ վերջնական եզրակացություն լինի: Հանդիպման ավարտին վարչապետը հանձնարարել է քննարկված հարցերի վերաբերյալ արձանագրությունը համաձայնեցնել բոլոր մասնակիցների հետ` նշելով, թե ո՞ր խնդիրը ի՞նչ ժամկետում է լուծվելու, եւ խոստացել, որ եթե մնան լուծում չստացած խնդիրներ, կրկին նման հանդիպում կնախաձեռնվի:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4