Ս. Սաֆարյանն իրենց մարտավարության ճշգրտման խնդիր է տեսնում
«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց, որ իրենց կուսակցությունն առաջիկայում պետք է ճշգրտի մարտավարությունն ու ռազմավարությունը` չբացառելով նաեւ, որ կուսակցությունը կարող է վայր դնել մանդատները: «Ազգի» հարցին, թե «Ժառանգությունն» ինչպե՞ս է գնահատում քառակողմ կոալիցիայի ստեղծումն ու դրանից հետո ինչպե՞ս է պատկերացնում իր խորհրդարանական աշխատանքը, Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. «Ես գնահատական չեմ տա, որովհետեւ եթե գնահատական տալու լինենք, ապա դա կտրվի կուսակցության կամ միգուցե խմբակցության կողմից: Եվ քանի դեռ այդ հարցը քննարկված չէ, ես իրավասու չեմ հայտարարություն անելու, բայց մի բան կարող եմ ասել զուտ արդեն մեր ներքին քննարկումների արդյունքում, որ մենք հարկադրված ենք լինելու իսկապես առաջիկայում վարչության նիստ կամ հավաք ունենալ, որովհետեւ բավականին բարդ է 7 ընդդիմադիր պատգամավորով աշխատել խորհրդարանում, որտեղ բոլորը մեծամասնություն են: Դա մեզ համար փաստ է, նաեւ փաստ է, որ մեր ներկայացրած ոչ բոլոր առաջարկներն են, անգամ եթե դրանք քաղաքականությանը չեն վերաբերում, սիրահոժար ընդունվում: Մենք մեր հետագա անելիքների, մասնակցության վերաբերյալ, բնականաբար, կունենանք նիստ եւ կընդունենք համապատասխան որոշում»:
Շատ հետաքրքրական է «Ժառանգության» մոտեցումը` որեւէ հարցի պատասխանելու համար ժամանակ է հարկավոր, քննարկում, հանդիպում, կուսակցական որոշում: Նորմալ է, իհարկե, որ կուսակցական պատգամավորներն արտահայտում են իրենց կուսակցության դիրքորոշումը եւ պետք է ներքին քննարկման արդյունքում տեսակետ հայտնեն, բայց այս պարագայում անընդհատ սպասել է հարկավոր. հավանաբար մինչեւ կուսղեկավարը դրսի այցերից վերադառնա, նոր միայն կուսակցականները կիմանան իրենց ասելիքն ու անելիքը:
«Հնարավո՞ր է, որ կուսակցությունը վայր դնի մանդատները» հարցին էլ արձագանքեց. «Ես չեմ ուզում բացառել ոչինչ: Ես չեմ կարող որեւէ սցենարի օգտին արտահայտվել, բայց համենայն դեպս մեր ռազմավարության եւ մարտավարության ճշգրտման խնդիրներ կան: Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ մենք պրոմասնակցային ուժ ենք, մենք չենք համարում, որ բոյկոտը բերելու է շատ ավելի մեծ արդյունքների, քան որեւէ մասնակցություն, բայց նաեւ չենք ուզում բացառած լինել որեւէ տարբերակ»:
Ժառանգական պատգամավորը նշեց, որ իրենց պաշտոն առաջարկելու դեպք չի եղել վերջին իրադարձություններից հետո, իսկ մինչ այդ իրենց առաջարկները խորհրդարանական մեծամասնությունը մերժել է. «Մինչ այս տխրահռչակ դեպքերը «Ժառանգությունը» երկու պաշտոնների համար սեփական թեկնածու է առաջարկել` Աժ փոխնախագահի պաշտոնում Անահիտ Բախշյանի թեկնածությունը, մյուսը` մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում Լարիսա Ալավերդյանի նախագահության թեկնածությունը»:
Մինչ մարտյան դեպքերը եղած այս նախաձեռնություններում մերժում ստանալուց հետո կուսակցությունում նոր առաջարկների չեն սպասում: Ավելին, Ս. Սաֆարյանը չի կարծում, որ այս պահին իրենց առաջարկ կարվի, քանի որ նոր կոալիցիայի պայմաններում ազատ պաշտոն չի մնա, որ «Ժառանգության» համար էլ հերիքի: Բացի այդ, պատգամավորը նշեց. «Եվ, անկեղծ ասած, մենք նաեւ չենք ընդունի այնպիսի առաջարկ, որ լինենք այնպիսի կարգավիճակում, որ ամեն պահի կարող են ուղղակի հանել այդ պաշտոնից, ինչպես արեցին Արթուր Բաղդասարյանի հետ: Մեզ բացարձակապես պետք չէ այդպիսի մասնակցությունը, մեզ պետք չէ մասնակցություն, որտեղ պաշտոնի պահպանումը դառնա ուղղակի քո քաղաքական գործունեության զսպաշապիկ, բացարձակապես»:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ