«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2008-03-28 | #60, 2008-03-29 | #61, 2008-04-01


ԵՐԵՎԱՆԻ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ԵՌԱՄՍՅԱԿԻՆ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԲՈԼՈՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Շարունակվում է նաեւ վերելակների նորոգման ծրագիրը

Երեւանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ մայրաքաղաքում սկսվել են շինարարական-բարեկարգման աշխատանքները: Ըստ նրա, 3-րդ կարգի վթարայնության 10 շենքերից 9-ի ամրացման աշխատանքներն արդեն ընթանում են, իսկ 10-րդինը շուտով կսկսվի, ավարտվել են մրցույթները 6 համայնքներում 30 կմ երկարությամբ փողոցների լուսավորության համակարգի անցկացման համար, 5 համայնքներում ոռոգման ցանցի վերականգնման աշխատանքներ պետք է սկսվեն: Փոխքաղաքապետը հայտնեց, որ նախատեսվում է ասֆալտապատել 180 փողոցՙ 330 հազար քմ ընդհանուր տարածք: Այդ տարածքի շուրջ 15 տոկոսը կճաքալցվի հայ գիտնականների ստեղծած հատուկ նյութով, որը հնարավորություն է տալիս մի քանի տարով երկարացնելու ասֆալտի կյանքը:

Երեւանի ավելի քան 2 հազար վերելակների կապիտալ նորոգման կամ նորերի տեղադրման ծրագիրը, Վանո Վարդանյանի հավաստիացմամբ, հաջողությամբ շարունակվում է: Ինչպես հայտնի է, այդ նպատակով կառավարությունը հատկացրել է 3 մլրդ դրամ: Այս տարվա առաջին եռամսյակում ընթանում են 417 վերելակների վերանորոգման աշխատանքները, երկրորդ եռամսյակում նախատեսվում է նորոգել 790 վերելակ, երրորդումՙ 711, չորրորդումՙ 146: Անհրաժեշտ բոլոր պահեստամասերը ստացվել են Մոգիլյովի գործարանից, ինչպես նաեւ հայաստանյան 4 ձեռնարկություններից: Հետագայում վերելակները կհանձնվեն թաղային համայնքներին, որոնք էլ պետք է ապահովեն անվտանգ շահագործումը:

Աղբահանության, նաեւ սանմաքրման մասին խոսելով, Երեւանի փոխքաղաքապետը հայտնեց, որ առաջիկա երեք ամիսները Երեւանի քաղաքապետարանը հայտարարում է մաքրության եռամսյակ, որը կսկսվի ապրիլից եւ կտեւի մինչեւ հունիսի վերջը: Նախկինում եղել են մաքրության շաբաթ, միամսյակ, բայց եռամսյակ չի եղել: Վանո Վարդանյանը կարեւորեց, որ այդ ակցիային մասնակցեն բոլոր երեւանցիները: Ակնկալվում է նախարարությունների, պետական հիմնարկների եւ գերատեսչությունների, համատիրությունների, շինարարական կազմակերպությունների եւ ընդհանրապես բնակչության աջակցությունը: Տեղեկացվեց նաեւ, որ ստեղծվել է հատուկ ծառայությունՙ 1-07 հեռախոսահամարով, որտեղ զանգահարելով կարող են առաջարկներ ներկայացվել մաքրության աշխատանքների իրականացման համար:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4