«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2008-03-28 | #60, 2008-03-29 | #61, 2008-04-01


ՏԽՈՒՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՍԹԱՓՎԵՔ ՀՈՒՄՈՐԻ ՄԻՋՈՑՈՎ

Այսօր երգիծանքի եւ հումորի օրն է

«Ինձ թվում է, երգիծանքը միշտ կա նկարչի համար, բայց հարցն այն է, թե որքանով կա դրա պահանջարկը հասարակության համար: Այսինքն, մենք ուզում ենք ինչ-որ բաներ տեսնել եւ սթափվել, իսկ սթափվելու բաներ, իհարկե, կան: Ուրեմն, եկեք տեսնենք այդ իրականությունը եւ սթափվենք», ամենաարատավոր երեւույթներին անգամ հումորով վերաբերվելու իր դեղատոմսն է առաջարկում երգիծանկարիչ, Երգիծանկարիչների միության նախագահ Սուքիաս Թորոսյանը:

Այսօր երգիծանքի եւ հումորի օրն է, որն արդեն մի քանի տարի պետական տոն է համարվում: Մի խումբ հումորիստների, երգիծանկարիչների ջանքերով, այսպես ասած, «խաբելու օր» անվամբ հայտնի օրը վերածվեց հումորի եւ երգիծանքի տոնի, ինչն ամեն տարի նշվում է հումորիստների, երգիծանկարիչների ջանքերով:

«Ինչպես Նոր տարին, սա էլ տոն է, եւ սա մեր տոնն է: Կնշենք, մի քիչ կուրախանանք: Մարդ կաՙ ամեն օր քեֆերի մեջ է, սա էլ հումորի համար հիշողության օր է, որ կարող է հուշել ավելի հանգիստ եւ հումորով նայել իրողություններին, իսկ ավելի լավատեսները կարող են միշտ ուրախ լինել», կատակելով ասում է Սուքիաս Թորոսյանը` նշելով, որ այսօր «Մոսկվա» կինոթատրոնում երգիծանկարիչները ցուցահանդես են ներկայացնելու: Թե մեր երկրի այսօրվա վիճակի եւ հատկապես վերջին իրադարձությունների ֆոնի վրա ինչպես կարելի է նշել հումորի տոնը, երգիծանկարիչն ասում է. «Երկրի վիճակը մենք ենք այսպես արել, այնքան ենք իջեցրել բարոյական նշաձողը, որ այս վիճակն է: Եվ սա քաղաքական դաշտ չէ, այլ ընդհանուր մեր մակարդակի իջեցման դրսեւորում: Սա սխալ կառուցված շենքի փլվելն է, որ մարդիկ ամեն վայրկյան տեսնում են: Բայց սա չի նշանակում, թե պետք է մոռանալ հումորի մասին: Մենք կենդանիներից տարբերվում ենք հենց մեր հումորի զգացողությամբ»:

Սուքիաս Թորոսյանը, որ հայտնի է Տոտո անվամբ եւ 4 տարի շարունակ եղել է մեր թերթի երգիծանկարիչը, դժվարանում է ասել, թե մեր իրականությունում երգիծելու բանն է ավելի շատ, թե՞ տխրելու, բայց վստահ է, որ հումորը հրաշալի միջոց է անգամ վատ երեւույթներին ճիշտ նայելու եւ գնահատելու համար: «Մենք հումորո՞վ ժողովուրդ ենք», «Ազգի» հարցին երգիծանկարիչն առանձնահատուկ հաճույքով պատասխանում է. «Մենք արտակարգ հումորով ժողովուրդ ենք, ուղղակի հումորի մակարդակը գետնանցումից էլ ցած են իջեցրել, էժան միջոցներով ծիծաղ կորզելով բիզնես են անում»:

Հումորի ու երգիծանքի հրաշագործ ուժն այսօր էլ կմեկտեղի առողջ հումորի նուրբ զգացմամբ օժտված մարդկանց: Տոտոն ասում է, որ ինտելեկտի պաշար ունեցող մարդիկ հումորն ավելի նուրբ են զգում: Այս անգամ էլ տոնն իր շուրջը կհամախմբի թերեւս հենց այդպիսի մարդկանց, ովքեր գիտեն հումորի եւ երգիծանքի արժեքը: «Այն հումորը, որ ե՛ւ գրագետն է հասկանում, ե՛ւ անգրագետը, դա արդեն պրոֆեսիոնալիզմ է», ասում է Տոտոն` հավանաբար ամուր պահելով հույսը, որ էժանագին հումորը դեռեւս ամբողջությամբ չի նվաճել իսկական երգիծանքի եւ արժեքավոր հումորի տեղը:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4