Բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող հայ ուսանողներին պետականորեն օժանդակելու մեխանիզմներ մշակելու համար կրթության նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը 10-օրյա ժամկետում պետք է ներկայացնի կոնկրետ առաջարկներ: Հայաստանցի ու սփյուռքահայ ուսանողներին տրամադրվելիք աջակցության փաթեթը ներառում է ֆինանսական աջակցությունՙ եռաստիճան համակարգի 3 մակարդակներում սովորող այն ուսանողներին, ովքեր առաջին ուստարվա ընթացքում ցուցաբերում են բարձր առաջադիմություն: Յուրաքանչյուր ուստարվա ավարտից հետո ուսանողը ներկայացնում է տեղեկանք առաջադիմության մասին, ֆինանսական ու տեխնիկական հաշվետվություն, ինչպես նաեւ հաջորդ ուստարվա համար նոր հայտՙ պարզեցված ձեւով: Կրթաթոշակը կազմում է տարեկան միջինը 6 հազար դոլարՙ կենցաղային ծախսերի, ուսումնական պարագաների, բժշկական ապահովագրության, տարեկան 1-2 անգամ Հայաստան այցելելու, տեղական կրթամշակութային միջոցառումներին մասնակցելու եւ գիտական աշխատանքներ կատարելու համար: Ֆինանսական աջակցությունը հատկացվում է միանվագ, ուսանողի բանկային հաշվեհամարին փոխանցում կատարելով: Գումարը տրվում է ամբողջությամբ, համաձայն նախապես հայտով ներկայացված ու մրցութային հանձնաժողովի հաստատած նախահաշվի: Տվյալ ուստարվա համար նախատեսված աջակցային գումարի որոշ մասը չօգտագործելու դեպքում այն վերադարձվում է: Պարտավորությունները չկատարելու դեպքում ուսանողին հատկացված կրթաթոշակային գումարը վերադարձվում է:
Կրթաթոշակային մրցույթը կանցկացնի գիտության տարբեր բնագավառներում ավանդ ունեցող մասնագետներից կազմված պետական հանձնաժողովը: Կրթաթոշակի հայտաձեւում դիմորդը պետք է հակիրճ հիմնավորի, թե ինչու է իր ուսանած գիտաուսումնական հաստատությունը համարվում բարձր վարկանիշ ունեցող, նշի համապատասխան աղբյուրները, հղումները եւ այլ օժանդակ նյութեր, նշի տվյալ բուհում աշխատող իր մասնագիտության գծով առաջատար մասնագետների անունները: Կրթաթոշակի հետ կնքվող պայմանագրում նշվում է, որ անկախ ուսումնառության երկրից, Հայաստանի քաղաքացի արական սեռի անձանց տրամադրվում է պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումՙ առանց գրավի պայմանագիր կնքելու: Կրթաթոշակառուի զինապարտության կարգավիճակը համաձայնեցվում է ուսանողների փոխանակման միջպետական պայմանագրով ու համաձայնագրերով: Այդ նպատակով ՀՀ զինապարտության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի գ. ենթակետում կատարվում է անհրաժեշտ լրացում: Հանրապետությունից դուրս գալու թույլտվություն տրամադրվում է անկախ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ձեւակերպված լինել-չլինելուց: Պայմանագրի ստորագրմամբ կրթաթոշակառուն պարտավորվում է ուսումնառության ավարտից հետո վերադառնալ Հայաստանՙ պայմանագրում նշված ժամկետում 2 տարի Հայաստանում մասնագիտական աշխատանք կատարելու համար: Հատուկ թույլտվությամբ հնարավոր է նաեւ այդ ժամանակահատվածում նպատակային աշխատանք կատարել արտերկրում: Լրացում է կատարվում նաեւ կրթության մասին օրենքի 5-րդ հոդվածի 4 կետումՙ արտասահմանյան առաջատար գիտաուսումնական հաստատություններում բարձրակարգ կադրերի պատրաստմանն օժանդակելու վերաբերյալ:
Ռ. Պ.